«Դեմ ըլլալով` կողմ կբոռան». ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ խոսում է շանտաժի լեզվով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն նոր կառավարության կազմավորմանն ընդառաջ սկսել է բացահայտ քաղաքական շանտաժի ենթարկել գործընկեր կուսակցությանը՝ ՀՀԿ-ին` ձեռքի հետ սակարկելով ապագա պաշտոնների շուրջ: Համենայն դեպս, այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ ընդլայնված նիստից հետո տարածված հայտարարությունը:

ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ վերին նիստում կուսակցությունը որոշել է ամփոփել քաղաքական կոալիցիայի գործունեությունը, թեեւ իրականում այդ կոալիցիայի ձեւավորման մեկամյակը դեռ չի լրացել. 2016թ. փետրվարին ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ սկսել էր քաղաքական համագործակցությունը, բայց կոալիցիա կազմել էին 2017թ. մայիսին՝ Աժ ընտրություններից առաջ: Հայտարարության մեջ ՀՅԴ-ն սկզբում որոշակիորեն խոսել է կոալիցիայի համատեղ ձեռքբերումների մասին` ընդ որում, շեշտելով, որ «կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դաշնակցության պաշտպանած «զարգանալ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով»: Այլ կերպ ասած` ՀՅԴ-ն ամեն կերպ փորձել է կոալիցիայի ձեռքբերումները վերագրել իրեն:

Այսքանից հետո արդեն անդրադարձ կա բացթողումներին, ընդ որում, բավական թափանցիկ ակնարկներով, սուր գնահատականներով: «Հանրային վստահությունը սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական եւ սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել առարկայական ու ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս անհրաժեշտ թափ հաղորդել երկրի զարգացմանը եւ սոցիալական արդարության միջավայր ստեղծել»,- նշված է կոալիցիոն ՀՅԴ հայտարարության մեջ: Դրանից հետո նրանք արձանագրել են. «Բարեփոխումների հանդեպ դեռեւս հանրային անվստահությունը հաղթահարված չէ, եւ երկրի զարգացման տեմպերը մեզ չեն բավարարում»:

ՀՅԴ-ն նաեւ մատնանշել է, թե ինչ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ. «Գործադրել շահերի բախման դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:

Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձեւավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն:

Ապահովել կառավարության, վարչապետի եւ նախարարների` Սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների եւ պարտականությունների տարանջատումն ու պատշաճ կարգավորումը:

Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը» եւ այսպես շարունակ:

Այլ կերպ ասած` ՀՅԴ-ն շարունակում է իր հայտնի գործելաոճը՝ «դեմ ըլլալով, կողմ կբոռան». լինելով կոալիցիայի մաս` ՀՅԴ-ն փորձում է դրականը վերագրել իրեն` բացասականի համար պատասխանատվությունը թողնելով ՀՀԿ-ին, գործընկեր կուսակցությանը չմոռանալով նաեւ անուղղակի մեղադրանքներ ներկայացնել: Սա ՀՅԴ-ականների համար վաղուց ի վեր դարձել է բնավորություն: Այդպես վարվել են նախկին կոալիցիաների մաս կազմելիս: Այդպես են վարվում նաեւ հիմա, թեեւ 2017 թվականի մայիսին` կոալիցիոն հուշագիրը ստորագրելիս, ՀՅԴ-ն համաձայնել էր իշխանության համար ՀՀԿ-ի հետ ստանձնել ամբողջական պատասխանատվություն. «Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների եւ քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ»,- նշված էր 2017թ. ստորագրված փաստաթղթում:

ՀՅԴ այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. ինչպես հայտնի է` ապրիլին, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, Հայաստանում պետք է նոր կառավարություն ձեւավորվի: Ու հիմա այդ կառավարության կազմավորման գործընթացից առաջ ՀՅԴ-ն փորձում է բացահայտ սակարկել՝ կոալիցիայում տեղերն ընդլայնելու հեռանկարով: Այլապես հազիվ թե իր հայտարարության առաջարկների մեջ մատնանշեր «արդար ու թափանցիկ կադրային քաղաքականության» դրույթը` այդպես ՀՀԿ-ին ակնարկելով, որ ներկայիս կադրային քաղաքականությունը միանգամայն հակառակ ուղղությամբ է տարվում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններ տալուց` ասելով, թե իրենց հայտարարության մեջ ասված է ամեն ինչ: Իսկ իշխող ՀՀԿ ԳՄ անդամներից պատգամավոր Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձում էր խուսափողական պատասխաններ տալ՝ հիմնականում ընդհանուր, հերթապահ մտքեր արտահայտելով: Նա վստահեցրեց, թե այն տպավորությունը չի ստացել` իբրեւ թե կոալիցիոն գործընկերության շրջանակում ձեռքբերումները ՀՅԴ շնորհքն են, իսկ ահա բացթողումների պատասխանատուն ՀՀԿ-ն է:

Քանի որ ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ նշել էր ԸՕ-ն վերանայելու եւ ռեյտինգային ընտրակարգը վերացնելու անհրաժեշտության մասին, Նիկոյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ են այդ քայլին գնալու: Նիկոյանը չբացառեց, որ առաջարկը կարող է քննարկման առարկա դառնալ, եթե այն իր մեջ պարունակի ռացիոնալության հատիկ:

«Այստեղ չկա որեւէ խնդիր, որը վերաբերվի կոալիցիոն խնդիրներին, որ կա հակասություն: Իրենք խոսում են բացառապես իրենց կուսակցության մոտեցումների մասին: Եթե որեւէ կուսակցություն իր տեսլականն է ներկայացնում կատարված աշխատանքների մասին, նույնը կարող է առանձին անել, ենթադրենք, նաեւ մեր կուսակցությունը»,- ասաց Նիկոյանը:

Հ.Գ. Ի դեպ, նախորդ տարվա նոյեմբերին էլ ՀՅԴ-ն բյուրոյի եւ ԳՄ-ի նիստ էր անցկացրել` ակնարկելով, որ «քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով»: Հիմա կենացները գնալով քաղցրանում են, եւ ՀՅԴ քաղաքական շանտաժն ավելի սուր բնույթ է կրում:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս