«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ հաշմանդամների կազմակերպած բողոքի ակցիային: Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը փորձում է ոլորտից դուրս մղել հնաբնակներից գերմանական «OTTO-BOCK» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին: Եւ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ այդ բողոքի ակցիայից հետո նախագահի վերահսկողական ծառայությունը սկսել է զբաղվել պրոթեզավորման ոլորտով, մասնավորապես վերահսկողության ծառայության աշխատակիցներն այցելել են մրցույթում հաղթած կազմակերպություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատել է կատարվածը՝ տեղեկացնելով, որ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները Ս.Սարգսյանին ուղղված նամակի հետքերով «այցելել են ինչպես մրցույթի մասնակից «Ինտերօրթո» ՍՊԸ, «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ եւ հաշմանդամների աջակցության «Սատար» ՀԿ, այնպես էլ մրցույթին առնչվող գերատեսչություններ: Հարցի ուսումնասիրությունն այս պահին ընթացքի մեջ է»: Ի դեպ, այսօր նախարարությունը խոստացել է վերջնական արդյունքները հայտնել»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: