Ճակատագրական «սամավոլկան». թե ինչպես շների հաչոցի «պատճառով» զինվոր սպանվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել՝ կարճելու Նորիկ Գրիգորյանի և Հովհաննես Սիրունյանի գործով բերված վերաքննիչ բողոքի վարույթը՝ ամբաստանյալի կողմից վերաքննիչ բողոքը հետ վերցնելու կապակցությամբ:

ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկացավ, որ շարքային Նորիկ Գրիգորյանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը ընդգրկված է եղել դիտակետում մարտական հերթապահության, նա նշանակված է եղել դիտորդ:

Մարտական հերթապահության ժամանակ, ըստ մեղադրանքի, Նորիկ Գրիգորյանը խախտել է  կանոնադրության կանոնները, դրանք՝ առանց ավագի թույլտվության թողել է հենակետի տեղաբաշխման վայրը…

Շարքային Գրիգորյանը նույն դիրքում դիտորդ նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Սիրունյանի հետ միասին շուրջ տասնհինգ րոպե թողել է հենակետը, ապա վերադարձել:

Երեկոյան կողմ գետնատնակի մոտ շների հաչոց լսելով ու կարծելով, թե հակառակորդի զինծառայող կարող է լինել՝ Նորիկ Գրիգորյանը զինաբուրգում դրված ինքնաձիգը վերցրել, լիցքավորել է ու հենց որ նույն դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանը բացել է գետնատնակի դուռը, Գրիգորյանը կրակել է Միրզոյանի ուղղությամբ՝ որովայնի շրջանում վերջինիս պատճառելով հրազենային գնդակային վիրավորում:

Ստացած վիրավորումից Կարեն Միրզոյանը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Շարքային Հովհաննես Սիրունյանը, գտնվելով մարտական հերթապահության մեջ, նույնպես անփույթ ու անբարեխիճ է կատարել դիտորդի պարտականությունները:

Դատարանում ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: Նրանք միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժողի իրավահաջորդն ու մեղադրողը չեն առարկել:

2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին Հովհաննես Սիրունյանը եղել է դիրքերում, լավ ծառայությամբ ուղղել է սխալը… մյուս զինծառայողը նման հնարավորություն չի ունեցել…

Ընդհանուր իրավասության դատարանը Հովհաննես Սիրունյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, դատապարտել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Բուն կրակոց արձակողին ՝ Նորիկ Գրիգորյանին, դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով ու դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Նորիկ Գրիգորյանը՝ խնդրելով դատավճիռը իր նկատմամբ սահմանված պատժի մասով բեկանել ու փոփոխել՝ նշանակելով ավելի մեղմ պատիժ, կիրառելով պայմանական դատապարտություն և սահմանելով փորձաշրջան:

Սակայն մինչև վերաքննիչ քրեական դատարանում այս գործով դատական նիստի սկսվելը ամբաստանյալ Նորիկ Գրիգորյանը դիմում է ներկայացրել վերաքննիչ դատարան. «Խնդրում եմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ չընդունեք, քանի որ հրաժարվում եմ իմ բողոքից»:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալի բողոքով հարուցված վերաքննիչ վարույթը կարճվել է:




Լրահոս