Այսօր Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը:

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից` Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել` պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:




Լրահոս