«Նախաձեռնեք, մենք էլ կմիանանք». ինչո՞ւ «Ելք»-ը իշխանափոխության կոչ չի անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցավ «Ելք» դաշինքի երկրորդ հանրահավաք-երթը, որը կրկին կրում էր «Ոչ թանկացումներին» խորագիրը: Հավաքի սկզբում ելույթ ունենալով` դաշինքի անդամները երթով շրջեցին Երեւանի փողոցներով, ապա վերադառնալով` ամփոփեցին արդյունքները: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե նախաձեռնել են փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում» եւ այդ նպատակով այսօրվանից կսկսեն ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու առաջարկությամբ: Թե որքանով շարունակական կլինեն ակցիաները, Նիկոլ Փաշինյանը դեռ չշարունակեց մանրամասներ:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

-Տիկի՛ն Թանդիլյան, ստորագրահավաք եք սկսել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու համար արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Ի՞նչ է ընկած օրենսգրքի փոփոխությունների հիմքում:

-Նախեւառաջ խոսենք այն մասին, որ արտահերթ հրավիրելու անհրաժեշտություն կա: Այսինքն՝ առաջին քայլով պետք է հավաքեք ստորագրություններ, որոնց միջոցով կկարողանանք իրողություն դարձնել արտահերթ նիստը, որում կքննարկվի այն օրենսգիրքը, որը մենք առաջարկում ենք: Ըստ էության մենք առաջարկում ենք վերադառնալ ակցիային հարկի նախկին դրույքաչափերին եւ դիզվառելիքի վրա ակցիզային հարկը վերացնել, որը նորություն է: Ըստ էության, մենք առաջարկում ենք հետ գալ նախկին գործող դրույքաչափերին: Մենք իրականում այս առաջարկների մասին խոսել ենք այլ պատգամավորների հետ, նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից, ովքեր կողմ են արտահայտվել այս նախագծին, եւ սա նաեւ իրենց առաջարկությունների մեջ է ներառված:

-Խորհրդարանում կազմակերպված լսումներից հետո իշխանությունները նշեցին, թե երկու քայլ կատարվել է: Դրանք Ձեզ չեն գոհացնո՞ւմ:

-Սուբսիդիան արդեն նշանակում է, որ այլ հարկերի միջոցով մենք նվազեցնում ենք ազդեցությունը, բայց ոչ պատճառը: Սուբսիդիան եւս հարկատուների հաշվին է կատարվում: Իսկ դիզվառելիքի հետ կապված մենք ամեն օր տեսնում ենք վառելիքի գների թանկացում, կան լուրեր, որ ավելի են թանկանում: Տեղային լուծումներով նրանք ցանկանում են մեղմել ազդեցությունը, ինչպես եւ հրահանգել էր Սերժ Սարգսյանը: Մենք առաջարկում ենք արմատական լուծում, որի ազդեցությունը կլինի շարունակական:

-Դուք նշեցիք, թե ստորագրահավաքի հարցում ակնկալում ենք «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը: Սակայն նույն Ձեր հանրահավաքների ժամանակ այլ ուժերի չենք տեսնում: Դա Ձեզ չի՞ մտահոգում: Ինչո՞ւ այլ ուժեր Ձեր կողքին չեն:

-Գիտեք՝ միշտ կարելի է պատճառաբանել, թե մենք չենք հրավիրում: Իրականում մենք ստեղծել ենք հնարավորություն յուրաքանչյուրին միանալու: Նրանք էլ են հանդիսանում ՀՀ քաղաքացի: Որեւէ մեկին պաշտոնական հրավերի մասին խոսք չկա, մենք ուղղակի նախաձեռնող ենք: Նրանք կարող էին նախաձեռնողականություն ցուցաբերել եւ միանալ, ոչ ոք չի արգելում: Իրականում ես կարծում եմ, որ դրանք պատճառաբանություններ են, եւ մեր ժողովուրդն էլ հոգնել է տարբեր տեսակի պատճառաբանություններից: Մենք ուղղակի փորձել ենք անել ամեն ինչ, որ ստեղծենք տարբեր տեսակի հարթակ եւ հնարավորություն՝ քաղաքացիներին մասնակից դառնալու, ինչն էլ անում ենք:

-Բայց արդյո՞ք «Ոչ թանկացումներին» խորագիրը հենց այն է, որը կմիավորի թե՛ քաղաքացիներին, թե՛ քաղաքական ուժերին: Քաղաքականի կվերածվի՞ Ձեր ակցիան:

-Նախ այս խորագիրն իրականում տնտեսական քաղաքականության մասին է եւ այսպիսով քաղաքական է: Եվ այս հանգամանքի հետեւում կանգնած ուժերը, ովքեր կողմ են քվեարկել հարկային օրենսգրքին, պատասխանատու են սրա համար: Ընդդիմախոսներն ասում են` իշխանափոխության հրավեր չկա, մենք տեսնում ենք նաեւ մարդկանց տրամադրվածությունը, տեսնում ենք առօրեական, թե ինչպես է արձագանքում ժողովուրդը: Եթե այդ ընդդիմախոսները կարծում են, որ այդ օրակարգով հնարավոր է համախմբել, ես առաջարկում եմ նրանց նախաձեռնել, մենք էլ մեր հերթին կմիանանք: Պատճառաբանություն չմիանալու միշտ կա:

-Այսինքն՝ քաղաքական բնույթ չի՞ ստանալու Ձեր նախաձեռնությունը:

-Սրանք քաղաքական կոչեր են: Տարբեր ակցիաները՝ հարյուր դրամի ակցիան, «Դեմ եմ»-ը, քաղաքական ակցիաներ են եղել, եւ սա նույնպես:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս