Թաքնված եկամուտներ, անորակ մթերքներ, «գաղտնի» թանկացումներ. իրավիճակ շուկայում, ինչի մասին քաղաքացին չգիտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է շուկայում տիրող վիճակին` հայտնելով իր մտահոգությունները ապրանքների որակի նվազման և գների աճի մասին:

Մեր զրուցակցի խոսքով` սպառողը գնում է շաքարավազ, որը իր մեջ պարունակում է 20-30 % ջուր, քանի որ խոնավությունը շատ բարձր է։ Գնում է հաց և վճարում օդի համար, քանի որ հացի քաշը ապահովվում են օդով։ «Ճիշտ է հացի գինը նույնն է, բայց քաշն է պակասել։ Սա վերաբերում է բազմաթիվ ապրանքների։ Սուրճի մեջ կոֆեյինն է պակասել, կաթը զուրկ է յուղայնությունից»,- ներկայացրեց Արմեն Պողոսյանը:

-Իսկ այս ամենը վերաբերում է տեղակա՞ն ապրանքներին, թե՞ Հայաստան ներկրվող ապրանքների մասին է խոսքը։

-Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի շատ տեղականին է վերաբերում, որովհետև Եվրոպական երկրներում նման կեղծիքներ շատ դժվար է գտնել։

-Բարձրաձայնվե՞լ է այս խնդրի մասին։

-Վաղուց նամակ ենք ուղարկել պարոն նախագահին։ Մի քանի օր առաջ էլ Ազգային Ժողովի ամբիոնից եմ հայտարարել։ Ի պատասխան`  ուղարկել են Սննդի պետական ծառայության գործառույթները։ Մի գրագետ մարդ չի եղել, որ հասկանա, թե մեր բարձրաձայնած խնդիրը ինչի մասին է։ Կամ էլ չեն ցանկացել շատ խորանալ։ Այս խնդիրը հետապնդում է թաքնված եկամուտներ, այդ իսկ պատճառով էլ չի ուսումնասիրվում։

Հասմիկ Սարգսյան




Լրահոս