Մարտի 28-ին տեղի կունենա երգիչ Դավիթ Ամալյանի մենահամերգը, որի ընթացքում կհնչեն ինչպես նոր երգեր, այնպես էլ դեռեւս 1990-ականներից գործեր երգչի երգացանկից, նորովի մատուցմամբ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ հեղինակ-կատարողը: Համերգի ընթացքում 11 հայտնի արտիստ կկատարի Ամալյանի գործերը: Նրանց թվում են՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Ֆորշը, Արամոն, Արսեն Գրիգորյանը (Ասո), Խորեն Լեւոնյանը, Մխիթար Ավետիսյանը եւ այլք:
Հիմա երգիչն աշխատում է նաեւ նոր` «Շնորհակալ եմ» անունը կրող երգի վրա, որի խոսքերի հեղինակն ինքն է, եւ որը նվիրված է հայ արձակագիր Վրեժ Իսրայելյանի հիշատակին: Ի դեպ, այս համերգը եւս կկրի Ամալյանի նոր` «Շնորհակալ եմ» երգի խորագիրը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Ամալյանը, խոսելով արտերկիր համերգային շրջագայությունների մեկնելու հրավերների մասին, ասաց. «Հրավերներ շատ կան, ուղղակի բանն այն է, որ ես աէրոֆոբիա ունեմ եւ մշտապես մերժում եմ արտերկրի հրավերները: Բայց վերջին հրավերը ստացել եմ Միացյալ Նահանգներից եւ որոշել եմ, այնուամենայնիվ, ընդունել: Համերգը նախատեսված է հոկտեմբերին: Խոստովանեմ, որ որքան մոտենում են օրերը, այնքան վախենում եմ, սակայն այս անգամ ֆինանսական խնդիրներից դրդված՝ ստիպված եմ ընդունել առաջարկը»-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մտածում է տեսահոլովակ նկարահանելու մասին, այդ հարցով դիմել է մեկենասների, սակայն որեւէ պատասխան դեռ չի ստացել: Դավիթ Ամալյանի խոսքով՝ վաղուց ժամանակն է, որ տեսահոլովակից զատ՝ մտածի նաեւ ձայնասկավառակ թողարկելու մասին. «2004 թվականից հետո ձայնասկավառակ չեմ թողարկել, բայց երեք ալբոմի նյութ է կուտակվել: Այնպես որ, ֆինանսներ հայթհայթելու դեպքում կզբաղվեմ նաեւ նոր ալբոմի ձայնագրությամբ»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե սպասենք, արդյոք, նոր զուգերգի, երգիչը պատասխանեց. «Դե, դուետներ միշտ էլ ունեցել եմ, օրինակ՝ առաջնեկիս նվիրված երգը կատարել եմ կնոջս՝ Արմինե Ամալյանի հետ: Նա եւս երգչուհի է, աշխատում է Ազգային ակադեմիական երգչախմբում: Հուսով եմ՝ առաջիկայում եւս կունենանք զուգերգեր»:
Աննա Բաբաջանյան