ՖՈՏՈ. Վարչապետի չարտերային թռիչքների ոդիսականը. ճոխ են ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի` Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա այցը լայն քննարկումների առարկա դարձավ: Սա այն բանից հետո, երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց օդանավից լուսանկարներ: Այդպես պարզ դարձավ, որ նա Շվեյցարիա էր մեկնել չարտերային թռիչքով՝ առանձին օդանավով: Ընդ որում, դա նախագահին սպասարկող օդանավը չէր. այդ օրերին Սերժ Սարգսյանն էլ իր հերթին էր արտասահմանյան այց կատարել. նա Ֆրանսիայում էր:

Կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե վարչապետը Շվեյցարիա է մեկնել մասնավոր ինքնաթիռով, որի համար, ուշադրություն, բյուջեից որեւէ գումար չի ծախսվել: Իսկ թե կոնկրետ ո՞վ է իր ինքնաթիռը տրամադրել վարչապետին, եւ, ընդհանրապես, թռիչքի ծախսերն ո՞վ է հոգացել, կառավարությունը խնամքով գաղտնի է պահում: Այնինչ` այս հարցը կարեւոր է, թեկուզ եւ այն առումով, որ չարտերային թռիչքները բավական թանկ հաճույք են, հետեւաբար, հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ կառավարության ղեկավարին ո՞վ է տասնյակ հազարավոր դոլարների լավություն արել:

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը երեկ պարզեց, որ վարչապետը դեռ հունվարի 11-ին որոշում է կայացրել Դավոսյան այցի մասին` այնտեղ առանձին կետով անդրադառնալով նաեւ ինքնաթիռով ուղեւորությանը եւ հանձնարարել՝ բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով: «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության` 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,- նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ:

Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզում էր. «Չվերթը բյուջեի վրա նստել է 0 դրամ, մնացած ծախսերը` Շվեյցարիայում պատվիրակության մնալու հետ կապված, հատկացվել է արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից: Այստեղ արտառոց որեւէ բան չկա»: Իսկ այն դիտարկմանը, թե մասնավոր օդանավ չի տրամադրվում, այդ դեպքում ո՞ւմ էր պատկանում ինքնաթիռը, վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել:

Համաձայնեք` խիստ տարօրինակ է, թեկուզ եւ այն պատճառով, որ վարչապետի որոշմամբ հանձնարարություն է եղել պետական բյուջեից չվերթի կազմակերպման հետ կապված ծախսեր կատարել, մինչդեռ հիմա նրա խոսնակը պնդում է, որ որեւէ գումար չեն ծախսել այդ նպատակով: Այս դեպքում ստացվում է, որ վարչապետի որոշումը չի կատարվել, մինչդեռ պետք է կատարվեր: Մեկ փաստ էլ. արդարացումները, թե վարչապետը մեկնել է մասնավոր ինքնաթիռով, այնքան էլ իշխանությունների օգտին չեն խոսում, քանի որ այս դեպքում էլ չի բացառվում` գործ ունենանք կոռուպցիայի դրսեւորման հետ: Համենայն դեպս, մասնավորը հենց այնպես ահռելի միջոցներ չի ծախսի վարչապետի չարտերային ուղեւորությունների համար, այլ դա անում է որոշակի ակնկալիքով, օրինակ՝ բիզնեսում արտոնությունների տեսքով:

Այս սկանդալը, թերեւս, բավական թանկ է նստել Կարեն Կարապետյանի վրա, եւ արդեն Ղազախստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, նա թեեւ կրկին չարտերային թռիչքով էր մեկնել, բայց լուսանկարներ չէր հրապարակել: Ղազախստան ուղեւորության մասին կայացրած որոշման մեջ եւս վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր. «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության` 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»: Ու կրկին պարզ չէ՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով: Նշենք, որ սովորաբար չարտերային թռիչքների գները սկսվում են 25-30 հազար եվրոյից:

Մինչ այդ, մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կարապետյանը Ղազախստանում իջեւանել էր Rixos Almaty թուրքական հյուրանոցում: Այն բավականին հայտնի հյուրանոցային ցանց է: Լինելով հինգաստղանի հյուրանոց եւ գտնվելով քաղաքի կենտրոնում` այստեղ ծառայությունները բավական թանկարժեք են. ամենամատչելի սենյակի արժեքը սկսվում է 200 դոլարից: Բնական է` առանձին ինքնաթիռով Ղազախստան հասնելուց հետո իշխանավորները չեն մնացել հյուրանոցի էժան սենյակներում, այլ գերադասել են մի փոքր ավելի ճոխ պայմաններում անցկացնել այդ երկու օրը: Ու, ըստ այդմ, կարող ենք որոշակի պատկերացում կազմել գործադիր մարմնի ղեկավարի եւ նրան ուղեկցող պատվիրակության այցելության` մեր երկրի բյուջեի վրա արժեցած ծախսի մասին: Բավական է միայն նշել, որ պատվիրակությունը 18 հոգանոց է եղել:

Հ.Գ. Մեկ փաստ էլ. Ղազախստան այցի ժամանակ Կարեն Կարապետյանն իր անվտանգությունն ապահովելու համար երեք թիկնապահ է տարել, Դավոսյան համաժողովին՝ չորս թիկնապահ: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Կարեն Կարապետյանն այդքան շատ թիկնապահով շրջում, այն էլ այնպիսի միջոցառումների ժամանակ, որտեղ ընդունող պետությունն արդեն իսկ անվտանգությունն ապահովելու համար լուրջ միջոցներ է ձեռնարկում: Թե՞ Կարապետյանն իր անվտանգությունը չի վստահում հյուրընկալող կողմերին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս