ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպտատակով:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կասկածանքով, 07.02.2018թ. ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության ծառայողը:
Արդեն տեղեկացվել է, որ Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար սույն քրեական գործի շրջանակում նախօրեին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեիմեկ այլ ծառայողի, ում նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց` Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` Կամո Փիրուզյանի սպանության գործով իր եւ իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: Խոսքը 7 հազար դոլարի մասին է:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: