Ինչից է առաջացել Մանկավարժական համալսարանի և շրջանավարտների դատական գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթայսօր գրել էր, որ ուսանողները վարձավճարները չվճարելու պատճառով հայտնվել են դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ուսանողներ Գոհար Զարոյանից, Լուսիկ Պետրոսյանից գանձել ուսումնառության վարձավճարը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրանց ընդհանուր պարտքը կազմում է 1 միլիոն 240 հազար դրամ: Ավելին` բուհը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել, որ ուսանողների գույքի եւ եկամուտների վրա արգելանք դրվի, սակայն գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը մերժել է հիմնադրամի միջնորդությունը: Նշենք, որ այս նույն բուհը միայն այս ուսանողների մասով չի դիմել դատարան, այլ ուսանողներ Աշոտ եւ Արսեն Մաթոսյաններից եւս պահանջում է գանձել ուսման վարձավճարը, որը կազմում է 840 հազար դրամ:

Մեր այս հրապարակմանն ի պատասխան  ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից պարզաբանել են, որ Մանկավարժական համալսարանը երբեք, իր 96 -ամյա պատմության մեջ որևէ ուսանողի դատի չի տվել:

«Համալսարանը դատական կարգով վիճարկել է շրջանավարտի գործունեությունը, որը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Նյութում նշված խնդիրը առնչվում է նպատակային ուսուցմանը:

Նպատակային կրթությունը ուսում է ՀՀ պետական բյուջեի հաշվին:

Այն նպատակ ունի բարձր լեռնային ու սահմանամերձ շրջաններում համալրել գերակա համարվող ոլորտների մասնագետների շարքերը: Կրթությունը մեկնարկելուց առաջ եռակողմ պայմանագիր է կնքվում՝ բուհի, նպատակային ուսուցման խնդրանքով դիմած կողմի՝ ապագա գործատուի, և դիմորդի միջև, որն իր ուսումնառությունն անցնում է անվճար՝ պետական բյուջեի հաշվին:  Ուսումն ավարտելուց անմիջապես հետո մասնագետը պարտավորվում է առնվազն 3 տարի աշխատել այնտեղ, որտեղ սահմանվել էր պայմանագրով: Սակայն լինում են դեպքեր, երբ կողմերից մեկը չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ կամ գործատուն, կամ անվճար սովորած մասնագետը: Մանկավարժական համալսարանը պարտավոր է պետբյուջեի հաշվին սովորած ուսանողի ճակատագրով հետամուտ լինել, և հենց այստեղ պարզվում է, որ կողմերից մեկը անբարեխղճորեն չի կատարել իր պարտականությունները:

Մենք ապրում ենք իրավական երկրում, հետևաբար իրավական վեճերը լուծվում են դատարանում՝ դատական կարգով: Եթե դատարանը պարզում է, որ պայմանագրի չկատարման մեղավորը գործատուն է, պետբյուջեից վճարված գումարի փոխհատուցումը իրականացնում է գործատուն, համապատասխանաբար, եթե մեղավորը ուսանողն է, ապա ուսանողից գանձվում է ուղիղ այնքան գումար, որքան պետական բյուջեից վճարվել է այդ ուսանողի ուսման համար: Ընդ որում, գումարը փոխանցվում է անմիջապես պետական բյուջե, այլ ոչ մանկավարժական համալսարան հիմնադրամին»:

 




Լրահոս