Հաշված օրեր անց ազատության մեջ կհայտնվի անչափահասի հետ սոցցանցով ծանոթացած, ապա նրան բռնաբարած երիտասարդը: Գոռ Կ.-ն այդ հանցանքների համար դատապարտվել էր 7 տարի ազատազրկման: 2010 թվականին դեռ 22-ամյա Գոռը և 14-ամյա երկու աղջիկներ հանդիպել էին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում:
Անչափահասներից մեկի հետ նա սկզբում հեռախոսային խոսակցություններ էր վարել, ապա սկսել էին հանդիպել, 14-ամյա աղջկան հուզող թեմաների` սիրո և ընկերության մասին էին խոսել: Ըստ նրա` հանդիպել էին հիմնականում գիշերային ժամերին:
Աղջիկը պատճառաբանել էր, թե խիստ ծնողներ ունի, նրանք թույլ չեն տալիս տնից պատեհ-անպատեհ դուրս գալ: Դե, աղջիկն էլ սկսել էր տնից դուրս գալ… կեսգիշերից հետո, երբ տնեցիները քնած էին լինում: Այդպես աննկատ էլ նա դուրս էր եկել 2010 թվականի մայիսի լույս 25-ի գիշերը` ժամը 2-ին, և համաձայնել էր սուրճ խմել Կիրակոսյանի հյուրանոցային համարում:
Ըստ աղջկա` ինքը համաձայնել էր, որովհետև «նախկինում որևէ միջադեպ տեղի չէր ունեցել»: Այս անգամ, սակայն, «միջադեպ» եղել էր, այսինքն, ըստ աղջկա` Գոռը բռնությամբ իր հետ սեռական հարաբերություն էր ունեցել: Գոռը կտրականապես ժխտում էր այս հանգամանքը, նրա վարկածով` գիշերն իր սենյակում միայն սուրճ էին խմել, ինքը աղջկան ընկերաբար խորհուրդ էր տվել խելքը գլուխը հավաքել ու դասերով զբաղվել:
Իր ցուցմունքներում Գոռը նշել էր, թե սենյակն ընդամենը 2 մետրի վրա էր գտնվում հյուրանոցի հերթապահի ու պահակային ծառայության աշխատողի սենյակից, եթե աղջիկն աղմկեր, նրանք կլսեին: Սակայն աղմուկ լսելուց առաջ նախ պետք է որ հիշյալ ծառայություններն իրականացնողներն աղջկա մուտքը հյուրանոց արգելեին, այն էլ`գիշերվա ժամը 2-ին: Այդ դեպքում չէր կատարվի այն ծանր հանցանքը` բռնաբարությունը: Բռնաբարությունից հետո աղջիկը տուն էր վերադարձել, ըստ իր ցուցմունքների` որոշ վնասվածքներով: Սակայն տնեցիներից ոչ ոք ոչինչ չէր նկատել:
Կյանքը շարունակվել էր «բնականոն ռիթմով»: Աղջիկը ոչ ոքի ոչինչ չէր պատմել: Եվ որպեսզի Գոռն էլ ոչ ոքի ոչինչ չպատմի և իրեն չանվանարկի, նա տնից վերցրել էր ծնողների` 1 միլիոն 700 հազար դրամ արժողությամբ 120 գրամ ոսկեղենն ու հանձնել Գոռին: Փաստորեն, վերջինս, ըստ դատական ակտի, սպառնացել էր աղջկան, թե կհրապարակի տեղի ունեցածը: Եվ աղջիկը ոսկեղենով փորձել էր լռեցնել իր նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդին: Միևնույն ժամանակ, երիտասարդը խոստացել էր վերադարձնել ոսկեղենը, երբ հնարավորություն կունենար այն գրավատնից վերցնելու: Աղջիկը բռնաբարության մասին խոսել էր, երբ հուլիս ամսին ծնողները հիշել էին իրենց ոսկեղենը և տանը փնտրել ու չէին գտել:
Աղջիկը սկզբում ասել էր, թե Գոռը խաբեությամբ է վերցրել ոսկեղենը, ապա պատմել էր բռնաբարության պատմությունը: Հետաքրիր է, որ մայիսին կատարված ու հուլիսին ի հայտ եկած բռնաբարության փաստը ստուգելու համար անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէր: Աղջիկը կույս էր: Բայց, ըստ մասնագետների` նրա կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքն այնպիսին էր, որ կարող էր սեռական հարաբերություն լինել` առանց կուսաթաղանթի ամբողջականության խախտման:
Դատաբժիշկները նաև մարմնական վնասվածքներ չէին հայտնաբերել, քանի որ դեպքից երկու ամիս էր անցել, բացի այդ, դեպքից անմիջապես հետո աղջկա տնեցիներն էլ ոչինչ չէին նկատել: Ստացվում է, որ բռնաբարության համար մեղադրանքը հիմնվում էր հիմնականում տուժողի ցուցմունքի վրա: Ամբաստանյալն ի սկզբանե չէր ընդունել այդ մեղքը: Չէր ընդունել նաև շորթման մեղադրանքը: Ըստ նրա` աղջկա ծնողների ոսկեղենը տվել էր իր խնդրանքով, միայն` որ օգնի ընկերոջը, նեղ վիճակից հանի:
Այնուամենայնիվ, երբ աղջկա հարազատների բողոքից հետո ոստիկանները հանդիպել էին Գոռ Կիրակոսյանին, վերջինս դիմել էր փախուստի ու կալանքի տակ առնվել ամիսներ անց` 2011 թվականի փետրվարի 23-ին: Աղջիկն «ընկերոջից» լրջորեն հիասթափվել էր ոչ թե բռնաբարությունից ու շորթումից հետո, այլ` երբ իմացել էր, որ Գոռը հանդիպում է նաև իր բարեկամուհու` մեկ այլ 14-ամյա աղջկա հետ: Գոռը վերջինիս հետ ծանոթացել էր նույն սոցիալական ցանցում:
Հետո սկսել էր հանդիպել: Այս դեպքում նա պարզապես սիրո խոստովանություններով էր գերել աղջկա սիրտը և, ի պատասխան, պարբերաբար ստացել նրա ծնողների ոսկեղենը, գրավ դրել, հետո գրավից հանել ու վերադարձրել և օրեր անց նորից խնդրել ու վերցրել զարդերը:
Ոսկեղենի շրջապտույտ էր կատարվել` այս աղջկա տնից դեպի Գոռի գրպանն ու անմիջապես դեպի գրավատուն, այնտեղից կրկին` աղջկա տուն և այսպես` մի քանի անգամ: 240 հազար դրամ արժողությամբ ոսկեղենը, ի վերջո, հայտնաբերվել ու վերադարձվել էր աղջկա ծնողներին, իսկ Գոռ Կ.-ին այս դրվագով մեղադրանք էր առաջադրվել խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար: Կիրակոսյանը հենց միայն այս դրվագով էլ իրեն մեղավոր էր ճանաչում:
Հ.Գ. Աղջկա ծնողները, լինելով խստաբարո ու պահանջկոտ մարդիկ, չէին նկատել, թե ինչպես է կեսգիշերից հետո իրենց երեխան դուրս գալիս տնից կամ ինչպես է վերադառնում, ինչ դեպքերից ու բռնարարքներից հետո: Երեխայի բացակայությունները ջրի երես էին դուրս եկել ոսկեղենի փնտրտուքի արդյունքում: Այսինքն, եթե ոսկեղենը տեղում լիներ, բռնաբարության մասին էլ, երևի, ոչ ոք չէր իմանա: