Վահան Տերյանը XX դարասկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:
Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը:
1906 թվականին ավարտելով ճեմարանը՝ ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-1917թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում:
Ապրելով բուռն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում էր ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին:
Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ:
Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում: Տերյանի ապրած դժվարին տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, մասնավորապես՝ արևմտահայերի վիճակը: Դրված էր դարերի հեռուներից եկող Հայաստանի (Նաիրի երկրի) լինել-չլինելու հարցը:
Այնուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է: