«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնի շոուբիզնեսցիների անձնական կյանքի՝ քչերին հայտնի դրվագներին։ Նրանք կատարում են խոստովանություններ, երբեմն հայտնում են իրենց ափսոսանքը, պատմում են մանրամասներ՝ բավարարելով երկրպագուների հետաքրքրությունը։ Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Վլադիմիր Բարխոյանն է։
Նա խոստովանեց, որ դեռեւս չի ունեցել այնպիսի սեր, որից չկարողանար հրաժարվել կամ որին հիշելիս մեծ ցավ ապրեր. «Չգիտեմ՝ այդ առթիվ ուրախանամ, թե տխրեմ, բայց այդպես է։ Գուցե ամեն ինչ դեռ առջեւում է»։
Վլադիմիրը պատմում է, որ առաջին անգամ լրջորեն սիրահարվել է համեմատաբար հասուն տարիքում՝ 20-ից հետո։ Ի դեպ, նրա ընտրյալը երգարվեստի հետ որեւէ առնչություն չի ուենցել. «Յուրաքանչյուր մարդ, նույնիսկ եթե հեռանում է քեզնից, իր առաքելությունն ունի քո կյանքում։ Գուցե այդ աղջիկը պետք է գար, հետո հեռանար, որպեսզի զգայի կորստի գինը։ Մեր բաժանման պատճառները շատ սուբյեկտիվ են։ Զգացմունքային պոռթկումների, պահի ազդեցության ներքո հասկացանք, որ պետք է իրարից հեռանանք։ Երբեք չեմ զղջացել այն բանի համար, որ հիմա մենք միասին չենք, պարզապես երբեմն պատկերացնում եմ, որ եթե միասին լինեինք, երեւի արդեն երեխաներ կունենայինք, կյանքս այլ հունով կընթանար»,- ասաց երգիչը։
Վլադիմիրն իր առաջին սիրուն տարիներ անց գտել է «Ինստագրամ»-ում եւ շատ ուրախացել է՝ պարզելով, որ նա դասավորել է իր կյանքը, ամուսնացել է եւ զավակներ է ունեցել. «Երբ մեկին սիրում ես, անկախ այն բանից՝ միասին եք, թե ոչ, ուրախանում ես այդ մարդու հաջողություններով։ Ընկերական, մարդկային հարաբերությունները միշտ պետք է պահել։ Չեմ ընդունում, երբ նախկին սիրահարները փողոցում տեսնվելիս նույնիսկ չեն էլ բարեւում իրար։ Բայց չէ՞ որ այդ մարդիկ իրար հետ գեղեցիկ պահեր են ապրել»,-նկատում է մեր զրուցակիցը։
Վլադիմիրի խոսքով՝ ինքը սիրային հարաբերություններում, առհասարակ, թեթեւ է ու հանգիստ. «Չեմ սիրում, օրինակ, անիմաստ խանդի տեսարաններ սարքել, ինչ-որ «փոթորիկներ» անել։ Իհարկե, առանց խանդ սեր չի լինում, բայց ամեն բան պետք է տեղին լինի»,-եզրափակեց Բարխոյանը:
Աննա Բաբաջանյան