Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, եւ նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե դա բացասական լուրջ հետեւանքներ կարող է ունենալ տնտեսական առումով: Նախ՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում ծխելն արգելելու հետեւանքով կարող է նվազել հաճախորդների թիվը, ինչի հետեւանքով այնտեղ կնվազի առեւտրաշրջանառությունը, ըստ այդմ՝ նաեւ տնտեսվարողների կողմից բյուջե վճարվող հարկերը: Բացի այդ` տեսակետ է հնչել, որ այս նախաձեռնությունը բացասաբար կազդի նաեւ զբոսաշրջության վրա, քանի որ օտարերկրացի զբոսաշրջիկներին, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, գրավում է այն, որ նրանք Հայաստանյան ժամանցի վայրերում ազատ ծխում են: Այնպես որ Հայաստանը կարող է վանի զբոսաշրջիկներին: Այդ խորհրդակցության ժամանակ նույնիսկ բերվել է հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ նաեւ տուրիզմի զարգացման նպատակով օրինականացվեց մարիխուաննայի օգտագործումը:
Մեր տեղեկություններով` առաջարկվել է ոչ թե ծխելն արգելել անխտիր բոլոր վայրերում, այլ գոտիավորել՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում եւ նման այլ վայրերում սահմանելով ծխողների եւ չծխողների համար առանձին սրահներ:
Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից. տարին չորային է եղել, անասնակերը չի բավարարել, եւ արդյունքում նվազել են կաթի արտադրության ծավալները: Նույն վտանգներն առկա են նաեւ այսօր: Մասնագետների պնդմամբ` այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա: Ընդ որում, դեռ նախորդ տարվանից 20 տոկոսով բարձրացել է պանրի գինը, եւ հավանական է, որ այդ գնաճը շարունակվի նաեւ այս տարի. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն ահազանգել է՝ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կկանգնենք կաթի, ապա պանրի դեֆիցիտի խնդրի առաջ: «Իրավիճակը շատ տխուր է»,- եզրակացրել է նա: Ու մինչ կառավարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձում են ձեւացնել, թե քայլեր են ձեռնարկում, ՀՀ քաղաքացիները շարունակում են դիմանալ գնաճի «հարվածներին»:
Նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ-ում դատական համակարգի ղեկավար մարմինը լինելու է բարձրագույն դատական խորհուրդը: Այն փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին, սակայն շատ ավելի ընդարձակ լիազորություններով: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ խորհրդում ընդգրկվելու համար դատական համակարգում լուրջ մրցակցություն է սկսվել: Առավել եւս, երբ այնտեղ տեղերը սահմանափակ են. խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից. 5-ը լինելու են դատավորներ, 5-ը՝ գիտնականներ: Եւ երբ եկել է խորհուրդը ձեւավորելու հարցով քննարկումների ժամանակը, պարզվել է, որ ի սկզբանե բավական քիչ «տեղեր են հատկացվել»: Սա էլ դարձել է նախագահի օգնական Հրայր Ղուկասյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միջեւ թեժ վիճաբանության առարկա: Սահմանադրության այս դրույթը կարող է փոխվել միայն հանրաքվեի միջոցով, ինչն այս պահին գործնականում անհնար է: Եւ հիմա շատերը պետք է համակերպվեն խորհրդում տեղ չունենալու մտքի հետ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է «կրեմլյան ցանկ», որում ընդգրկված են ռուսաստանցի 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ: Երեկ հայտնի դարձավ, որ այդ ցանկում ընդգրկված են նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը հայտարարել է, թե ՌԴ հանդեպ պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա, քանի որ տնտեսապես ՀՀ-ն եւ ՌԴ-ն կապված են, եւ բացի այդ` ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: Միաժամանակ հատկանշական է փաստը, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱԺ-ում հանդիպել է ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի պատգամավորներին եւ խոսելով իրենց երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին` նշել է, թե այնտեղ սահմանված բոլոր նպատակներն «այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»:
ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ
ԱԳՆ ղեկավար կազմի հետ երեկվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու մասին: «Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում եւ հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։ Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ,- ասել է նա` հավելելով,- ակնկալում եմ, որ ԱԳՆ-ն ունենալու է շոշափելի դերակատարում այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում»։
Հենց ԱԳՆ-ում ազգային անվտանգության ռազմավարության անհրաժեշտության մասին խոսելը, թերեւս, պատահական չէր: Այսպիսով` Ս. Սարգսյանն ակնարկում է առաջին հերթին արտաքին քաղաքական կուրսում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին` այն դիտարկելով որպես անվտանգության բաղադրիչ: Բայց պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են արվելու:
Ամեն դեպքում Հայաստանում շարունակելու է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան, եւ ՀՀ-ն ու ՌԴ-ն համարվելու են ռազմավարական գործընկերներ: Հայաստանը շարունակելու է մնալ ՀԱՊԿ անդամ: Հայաստանը տնտեսական հարաբերությունների առումով եւս «պրոռուսական» ծիրում է՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այնպես որ, դեռ երկար ժամանակ Հայաստանը հազիվ թե փորձի փոխել իր հիմնական քաղաքական ուղղվածությունը: Մյուս կողմից` նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը համապարփակ եւ ընդլայնված համագործակցության փաստաթուղթ է ստորագրել ԵՄ-ի հետ: Բայց դա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ էր, որի ստորագրմամբ իշխանությունները տարբեր ծրագրերի անվան տակ ֆինանսական օժանդակության հույս ունեն: Եւ հետո` ԵՄ-ի հետ համաձայնագրի առկայությունը չի խոչընդոտի հայ-ռուսական հարաբերություններին:
Այնպես որ, հազիվ թե այդ փաստաթղթում կոնցեպտուալ, լուրջ փոփոխություններ արվեն, հազիվ թե վերանայվեն Հայաստանի՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Իսկ մինչ այդ մեկ փաստ էլ. ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու մասին Ս. Սարգսյանը խոսում է նախագահության ժամկետի ավարտից 2 ամիս առաջ: Բայց ինչպես հուշում են ներքաղաքական գործընթացները` Ս. Սարգսյանը մտադիր է շարունակել իշխանավարումն արդեն որպես վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն է լինելու երկրի իրական ղեկավարը: Հավանաբար այս ռազմավարության մեջ հիմնական փոփոխությունները արվելու են հենց այդ համատեքստում: