ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է «կրեմլյան ցանկ», որում ընդգրկված են ռուսաստանցի 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ: Ամենայն հավանականությամբ, հենց այս մարդկանց վրա էլ կտարածվեն ԱՄՆ պատժամիջոցները: Ուշագրավն այն է, որ «Կրեմլյան զեկույց»-ում ընդգրկվել են նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բացի այդ` ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակ»-ում ընդգրկված են նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրով ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Նրանցից հատկապես Սամվել Կարապետյանը Հայաստանում մեծ բիզնես է ծավալում` առաջիկա տարիներին եւս պատրաստվելով խոշոր ներդրումներ իրականացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, անդրադառնալով կատարվածին, տեսակետ է հայտնել, թե ՌԴ-ի՝ Չինաստանի հետ հարաբերությունների մերձեցումը կարող է փոխհատուցել ամերիկյան պատժամիջոցներից սպասվող վնասները: Նա նաեւ ասել է, թե ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, քանի որ տնտեսապես ՀՀ-ն եւ ՌԴ-ն կապված են, եւ բացի այդ` ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ:
-Պարո՛ն Սկակով, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների «կրեմլյան ցանկը»: Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ:
-Իհարկե, սա նոր չէ, եւ առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ-ի կողմից նման ցուցակներ են հրապարակվում եւ պատժամիջոցներ կիրառվում: Դա ԱՄՆ-ի քաղաքականությունն է, որտեղ ցանկանում են ամեն կերպ կենտրոնանալ ՌԴ-ի վրա: Դա պարզ է, եւ այստեղ որեւէ բան չենք կարող անել: Իհարկե, սա պատժամիջոցների պատերազմ կլինի. կլինեն պատժամիջոցներ ԱՄՆ-ի կողմից, ապա հակառակ պատժամիջոցներ կլինեն նաեւ ՌԴ-ի կողմից:
-Ի՞նչ վնասներ է դա հասցնելու ՌԴ-ին:
-Բնականաբար, բոլոր սանկցիաները բացասական բնույթ են կրում: Ընդ որում, դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն այն երկրի վրա, որի հանդեպ կիրառվում են, այլ նաեւ այն երկրի վրա, որը կիրառում է: Այն սանկցիաները, որոնք ՌԴ-ն ի պատասխան ուղղել է Արեւմուտքին, դրանք եւս կարող են բացասական լինել այդ երկրների համար:
-Առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում ՌԴ նկատմամբ: Նախկին պատժամիջոցների հետեւանքները ծա՞նր են եղել:
-Դրանցից դեռ հետեւանքներ չկան, որպես այդպիսին չեն էլ կարող ունենալ: Բանն այն է, որ այդ պատժամիջոցներից հետո մեզ մոտ քաղաքականություն է փոխվել, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են այդ պատժամիջոցների ազդեցությունը: Չինաստանի եւ ԲՐԻԿՍ-ի երկրների հետ մերձեցմամբ որոշակիորեն կարող են փոխհատուցվել Արեւմուտքի հետ հարաբերություններում վնասները:
-Պատժամիջոցների ցանկում հանդիպեցինք պետական պաշտոնյաների, այդ թվում՝ Սերգեյ Լավրովին: Ամերիկացիներն այս հնարավոր պատժամիջոցների արդյունքում արդյո՞ք կփորձեն արգելել ՌԴ ԱԳ նախարարի մուտքն իրենց երկիր:
-Դե, ես չեմ կարծում, թե խոսքն այն մասին է, թե, օրինակ, Լավրովին չեն թողնի մուտք գործել ԱՄՆ, դա արդեն ծիծաղելի հանգամանք կլինի: Այստեղ կարող են այլ հարցեր լինել, օրինակ` եթե նրանք ունեն հաշիվներ ամերիկյան բանկերում:
-Այդ ցանկում ընդգրկված են նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ: Այդ պատժամիջոցները կարո՞ղ են ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա:
-Պետք է հիշել, որ բոլոր պատժամիջոցները, որոնք արվում են ՌԴ-ի հանդեպ, անմիջականորեն վերաբերում են նաեւ Հայաստանին: Դրա պատճառը երկու երկրների տնտեսությունների միջեւ կապն ու փոխկապակցված լինելն է: Բնականաբար, դրանք կանդրադառնան Հայաստանի վրա: Այստեղ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ ցանկում առկա են նաեւ հայ գործարարներ: Ամեն դեպքում էլ այդ պատժամիջոցները Հայաստանի հետ կապված էին լինելու: Օրինակ` այդ պատժամիջոցները կարող են դժվարեցնել ֆինանսական փոխհարաբերությունները, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ առեւտրային պայմանագրերի դեպքում: Ներկայումս լրիվ անհնար են դառնում նաեւ հնարավոր պայմանագրերը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Սակայն Արեւմուտքում չեն հասկանում, որ այս դեպքում ՌԴ-ն ավելի շատ այժմ ուղղված կլինի դեպի Չինաստան, ինչն այնքան էլ նրանց հետաքրքրությունների շրջանակում չէ:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը` ասելով. «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր: ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ շարունակական բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տեւական կապերն են»:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԵՄ-Ն ՊՆԴՈՒՄ Է ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը, խոսելով այդ փաստաթղթի համաձայն ԵՄ պարտադրանքով Մեծամորի ատոմակայանի փակելու մասին, բացասական պատասխան էր տվել: Նոյեմբերի 1-ին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել էր. «Ատոմակայանը փակելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն եւ իրականության հետ ոչ մի կապ չունեն: ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծում այդ կետը ձեւակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը` հավելելով, որ ատոմակայանը գործում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության չափանիշներին համապատասխան եւ կշարունակի գործել նվազագույնը մինչեւ 2027 թվականը:

Մինչդեռ երեկ ՀՀ-ԵՄ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նիստից հետո պարզվեց հակառակը: ԵՄ-ն, այնուամենայնիվ, շարունակում է պնդել ատոմակայանը փակելու պահանջը, ընդ որում` որքան շուտ, այնքան լավ: Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցը, խոսելով ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին, հայտարարել է. «Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի Հայաստանի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»: Իսկ ատոմակայանի փակման համար որպես հիմնավորում նա նշել էր անվտանգության անհրաժեշտությունը:
Ատոմակայանի փակման թեմային իր հերթին անդրադարձել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` փորձելով մեղմել իրավիճակը: Պատասխանելով ՀԱԷԿ-ի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշման մասին հարցին` փոխնախարարն ասել է, թե Հայաստանը պետք է ներկայացնի գործող էներգաբլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ. «Կարծում եմ, որ ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, որ գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատեր»: Բայց որպեսզի չստացվի, թե Հ. Հարությունյանը հակադրվում է Սերժ Սարգսյանին, նա նաեւ ասել է, թե ատոմակայանի փակումը կլինի տասը տարի անց՝ 2027-2028թթ: «Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել եւ շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների ուղղությամբ: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի 300 միլիոն դոլար արժողությամբ ներդրումների մեծ մասը գնում է հենց անվտանգության ստանդարտների բարձրացման վրա: Այդ երկարաձգումը նախատեսում են 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է ապագործարկում։ Եվ այստեղ ոչ մի արտառոց բան չկա»,- հայտարարել է նա:
Հ.Գ. Մեկ փաստ էլ. Սերժ Սարգսյանը դեռ նախագահության առաջին ամիսներին հայտարարել էր, որ շուտով կմեկնարկեն նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները: Բայց տասը տարի անց պետք է փաստենք, որ այդ ուղղությամբ որեւէ քայլ չարվեց, եւ դեռ վերջնականապես պարզ չէ՝ ատոմակայանն իրո՞ք կկառուցվի, թե՞ ոչ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի եւ ՊԵԿ-ի միջեւ վեճը հետաքրքիր ընթացք է ստանում. դատարանը հրաժարվել է ընդունել Պողոսյանին պատկանող ընկերության՝ ՊԵԿ-ի դեմ հայցը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծաղկաձորի «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն 2018 թվականի հունվարի 15-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ՊԵԿ-ի՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-ի որշումը: ՊԵԿ-ն այս հյուրանոցային համալիրում ստուգումներ է իրականացրել, խախտումներ հայտնաբերել, որից հետո վարչական պատասխանատվության է ենթարկել, եւ հիմա ընկերությունը դատարանում բողոքարկում է կայացրած ակտը: Սակայն տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը հետ է վերադարձրել դիմումը` նշելով, որ հայցվոր կողմի դիմումը ներկայացվել է` մի շարք գործոններ հաշվի չառնելով, ինչի պատճառով հայցը ենթակա չէ վարույթ ընդունելու:

 

 

ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել է հասարակական-քաղաքական լայն շրջանակների հետ հանդիպելու ցանկության մասին: Ասել է, թե նա պատրաստվում է հանդիպումներ ունենալ ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերի հետ: Արդյո՞ք «Հայ ազգային կոնգրեսը» կընդունի Ա. Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը` նկատի ունենալով, որ նախկինում նման դեպքերում ընդդիմադիր ուժը հրաժարվել է: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հստակ պատասխան չի տվել` ասելով, որ այդ հարցը կքննարկեն հանդիպման առաջարկի դեպքում: «Կուսակցությունը կորոշի: Մեզ մոտ որեւէ որոշում միանձնյա չի ընդունվում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը չորս ամիս վարչապետ է եղել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, ըստ այդմ՝ հետաքրքիր է՝ նախկին թիմակիցները կհանդիպե՞ն միմյանց, թե՞ ոչ:

 

 

ԴՊՐՈՑԸ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի Շ. Ռուսթավելու անվան 23 հիմնական դպրոցի շենքը եւ Երեւան քաղաքի Թաիրովի 14 հասցեում գտնվող նախկին 81 դպրոցի շենքը նվիրաբերելու են Երեւան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն կամ արտադպրոցական դաստիարակություն կազմակերպելու նպատակով: Որպես հիմնավորում նշվում է, որ այդ ոչ առեւտրային կազմակերպությունները միացել են այլ կազմակերպությունների, իսկ այդ հասցեներում գտնվող դպրոցների շենքերը թողնվել են պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի կողմից առաջարկ է եղել այդ դպրոցների շենքերը փոխանցել Երեւան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով: Տեղեկացանք, որ այդպես նրանք հույս ունեն, որ կլուծվի Երեւանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրները:




Լրահոս