ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԻ ՇՈՒՐՋ ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հունվարի 25-ից դատավորները, բացելով դատարանի դռները, միանգամայն այլ դատարան են մուտք գործել: Բանն այն է, որ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության 1 դատարան, իսկ դատարանների նախագահները եւ դատավորները շարունակում են պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում եւ շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:

Ավելին` հունվարի 26-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին նշանակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն այս փոփոխություններով ամեն ինչ չի ավարտվում:
Բարձրագույն դատական խորհրդի կազմը
Նոր Սահմանադրության համաձայն` Հայաստանի դատական համակարգի նոր կառուցվածքով ղեկավար մարմնի իրավասությունները վերապահված են լինելու բարձրագույն դատական խորհրդին:
Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին: Սակայն, ի տարբերություն արդարադատության խորհրդի, բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ավելի ընդլայնված կլինեն: Այն գործնականում լինելու է դատական համակարգի կառավարման բարձրագույն օղակը, որի վրա դատական համակարգի ղեկավար կազմը, մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, որեւէ ազդեցություն չեն ունենալու եւ այդ կառույցի անդամ լինելու իրավունք էլ չունեն: Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու 10 անդամներից, որոնցից հինգին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգին` խորհրդարանը: Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը, ըստ Սահմանադրության 214-րդ հոդվածի, պետք է ընտրվի ոչ ուշ, քան հանրապետության նոր նախագահի լիազորությունները ստանձնելուց մեկ ամիս առաջ, ասել է, թե մարտի 9-ին:
Կրքերը թեժանում են
Չնայած Սահմանադրությունը ընդունվել է, սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, դատական օրենսգրքի որոշ հարցեր ՀՀ նախագահի նստավայրում քննարկումների տեղիք է տվել: Քանի որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու տասն անդամներից, որոնցից հինգին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգին` խորհրդարանը: Ահա այս հարցն էլ դարձել է ՀՀ նախագահականում քննարկման թեմա: ՀՀ նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը եւ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը մասնագիտական տարբեր կարծիքներ են ունեցել: Կողմերից մեկը կարծիք է հայտնել, թե բարձրագույն դատական խորհրդի կազմում դատավորների թիվը պետք է մեկով կամ երկուսով ավել լինի: Օրինակ՝ 6 դատավոր, իսկ մնացած 4-ին նոր խորհրդարանը առաջարկի: Սակայն քննարկմանը ներկաներից շատերը չեն կիսել տեսակետը՝ հղում անելով արդեն իսկ ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրությանը, որի կոնկրետ դրույթը փոխելու մեխանիզմներ կիրառելը, մեղմ ասած, ճիշտ չի լինի:
Դատավորները խառնվել են իրար
Իսկ ովքեր կլինեն բարձրագույն դատական խորհրդի անդամները: Մամուլը արդեն տեւական ժամանակ է, ինչ գրում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բանն այն է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետեւաբար նաեւ պաշտոնավարման ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` դատական համակարգում դեռեւս սպասողական վիճակ է: Սակայն մեզ հասած լուրերի համաձայն` կան դատավորներ, որոնք մի դատարանից մեկ այլ դատարան տեղափոխվելով` հող են նախապատրաստում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար: ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներ Կարեն Ավետիսյանը եւ Կարինե Բաղդասարյանն արդեն տեղափոխվել են:
Ինչպես պարզեցինք` Կարինե Բաղդասարյանը 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, սակայն ավելի ուշ հրաժարվել է վերոնշյալ դատարանի դատավորի պաշտոնից եւ ՀՀ նախագահի` 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Իսկ ահա Կարեն Ավետիսյանը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, իսկ ահա ավելի ուշ հրաժարվել է այդ պաշտոնից եւ ՀՀ նախագահի` 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Դատավորը հրաժարականի
քայլերի մասին
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի հետ:
-Տիկի՛ն Բաղդասարյան, մեզ հասած տեղեկություններով` Դուք հրաժարվել եք ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնից եւ նշանակվել վերաքննիչ վարչականի դատավոր, որ հետագայում ընդգրկվեք բարձրագույն դատական խորհրդի կազմում:
-Բացարձակապես խնդիր չկա: Ես չեմ հրաժարվել, դա առաջխաղացում է: Ես ավելի քան 6-7 տարի վարչական վերաքննիչ դատարանի առաջխաղացման ցուցակում ընդգրկված էի, եւ հասնում է մի պահ, որ, ինչ խոսք, առաջխաղացումը անհրաժեշտ է: Սիրելի՛ս, դա հրաժարական չէ, այլ ընդամենը դիմել եմ, որ իմ թեկնածությունը, որ արդեն իսկ կար առաջխաղացման ցուցակում, հաստատվի:
-Այսինքն` Ձեր անունը տարիներ շարունակ կար, եւ հիմա որոշեցիք դիմե՞լ:
-Այո՛, այո՛:
-Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք:
-Ես միշտ կարծել եմ, որ իսկական դատավորը առաջին ատյանի դատարանի դատավորն է, բայց հասնում է մի ժամանակ, որ վերանայելու աչքերով էլ ես ուզում նայել այն դատական ակտերին, որոնք առաջին ատյանի դատարանի դատավորները իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում կայացնում են դատական ակտեր: Ուղղակի հասավ մի պահ, որ մի 5 տարի հետո թոշակի պետք է գնամ, վերաքննիչ վարչական դատարանի դատավոր ես աշխատեմ, ինչու ոչ:
-Արդյո՞ք բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար չեք գնացել այդ դատարան:
-Բացարձակ նման ցանկություն չունեմ, ոչ էլ պատրաստվում եմ թեկնածություն առաջադրել կամ ինքնառաջադրվել, տեղեկությունները ստահոդ են:
-Այսինքն` եթե Ձեզ առաջարկեն, կհրաժարվե՞ք:
-Այո՛:
-Ինչո՞ւ:
-Ի սեր Աստծո, ես սիրում եմ դատավորի կենդանի աշխատանքը, ես այդ ցանկությունը չունեմ: Չգիտեմ` ինչու, բայց համոզված եմ, որ նման ցանկություն չունի նաեւ Կարեն Ավետիսյանը:
Նախկին դատավորի ցանկությունը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը եւս կընդգրկվի բարձրագույն դատական խորհրդի կազմում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինս ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել: Մեր այն հարցին` եթե առաջարկեն, ապա կցանկանա՞ք ընդգրկվել, նախկին դատավորը պատասխանեց. «Եթե առաջարկություն լինի, մտածելու բան է, պետք է մտածեմ: Խնդիր կա թոշակառուի հետ կապված, ես թոշակառու եմ, եւ եթե այնտեղ գիտնականներինը վճարովի լինի, այդ դեպքում ինձ համար խնդիր կառաջանա: Եթե այս խնդիրը չլիներ, հնարավոր էր ընդգրկվեի, թոշակի խնդիրն է, ինչը խոչընդոտներ կստեղծի, իսկ առաջարկություն չի եղել»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔԿՀ ՊԵՏԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետի նշանակումը լուրջ իրարանցում է ստեղծել նաեւ ՔԿՀ պետերի շրջանում: Ենթադրվում է, որ նոր պետի նշանակումով մի շարք փոփոխություններ են սպասվում նաեւ ՔԿՀ-ների պետերի շրջանում: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռաֆայել Հովհաննիսյանի տեղակալ է նշանակվելու «Աբովյան» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը: Հիշեցնենք, որ Արսեն Աֆրիկյանը 2017թ. հունիսի 20-ին ազատվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնից, երբ իրավապահները այնտեղ բացահայտել էին, որ պաշտոնատար անձանց միջամտության արդյունքում դատապարտյալներին պարբերաբար մարմնավաճառներ էին տրամադրվել, սակայն այս ամենի արդյունքում ՔԿՀ «մանր ձկները» հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, իսկ ահա ՔԿՀ պետ Աֆրիկյանի մասով իշխանությունները բավարարվեցին միայն` նրան պետի պաշտոնից ազատելով եւ «Աբովյան» ՔԿՀ պետի պաշտոնին նշանակելով: Ինչեւէ, այս պաշտոնին նա մնաց 7 ամիս եւ հիմա էլ կտեղափոխվի եւ կնշանակվի վարչության պետի տեղակալ: Իսկ թե ով կլինի կանանց գաղութի պետ, դեռեւս պարզ չէ: Մեզ հասած լուրերի համաձայն` նաեւ մյուս ՔԿՀ պետերի մասով են փոփոխություններ սպասվում: Մասնավորապես «Արմավիր» ՔԿՀ պետի տեղափոխման հարցը մեկ այլ ՔԿՀ եւս քննարկվում է: Ինչ կտան այս փոփոխությունները` ՔԿՀ-ներում առկա վիճակը կարգավորելու համար, դժվար է ասել: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՈՒՄԲ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահները բացահայտել են, թե ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները խումբ ստեղծել եւ զբաղվել դեպի կալանավայր թմրանյութ ներմուծելու եւ իրացնելու գործընթացով: Մասնավորապես պարզեցինք, որ Տիգրան Մարգարյանին, Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խումբ են ստեղծել եւ պատիժ կրելու ընթացքում զբաղվել են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: Իսկ ովքեր են եղել այն անձինք, որոնք ցանկացել են վերոնշյալ դատապարտյալներից ձեռք բերել թմրանյութը: Տեղեկացանք, որ վերջիններս Էդուարդ Եղիազարյանը, Նարեկ Սարգսյանը, Վլադիմիր Խրոյանն են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ թմրանյութը ՔԿՀ դատապարտյալների վրա վաճառվել է 10 հազար դրամով:

 

 

ԻՆՍՈՒԼՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի մահվան պատճառը, ըստ դիահերձման արդյունքների, դատաբժիշկները նշել են ինսուլտը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փորձագետներին ուղղվել են մի շարք հարցեր` պարզելու մահվան բոլոր հանգամանքները: Նշենք, որ հունվարի 25-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր Գոռ Առաքելյանի դին: Նա հայտնի էր Վերնիսաժում կրակոցների գործով: Վերջինս մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման: Ազատ էր արձակվել վերջերս` Սերժ Սարգսյանի ներումով:

 

 

ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն եւ ազգականին առեւանգողները ձերբակալվել են Ռուսաստանի հետ սահմանին` Ուկրաինայի Սումիի մարզում: Կիեւում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոյի տեղեկացմամբ` նրանց ազատ արձակման համար առեւանգողները Հայաստանում հայտնի գործարարից` առեւանգվածներից մեկի հորից, պահանջել են փրկագին` 5 միլիոն դոլար բիթքոինով: Իրավապահներին հաջողվել է դուրս գալ 41-ամյա կասկածյալի եւ նրա 22-ամյա ընկերուհու հետքի վրա այն բանի շնորհիվ, երբ առեւանգվածներից մեկը կարողացել է ազատվել շղթաներից, կոտրել պատուհանը եւ երկրորդ հարկից ցատկելով` փախչել ու ոստիկանություն կանչել: Առեւանգողներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Ռուսաստանի տարածք: Նրանք կալանավորվել են: Կասկածյալների մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում տեղեկություններ են եղել այլ ազդեցիկ եւ հարուստ մարդկանց մասին: Նրանք հավանաբար պատրաստվում էին նոր առեւանգումներ իրականացնել: Հիշեցնենք, որ Կիեւում առեւանգվել էր գործարար Սերգեյ Մանուկյանի որդին:




Լրահոս