ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս հարաբերական անդորր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեմ Ընի հեռակա պատերազմում: Սակայն մասնագետները հակված են կարծելու, որ առաջիկայում հյուսիսկորեական ճգնաժամը կրկին կակտիվանա: Միաժամանակ շարունակում է քննարկվել հարցը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եթե դիվանագիտական ճանապարհով խնդիրը չհանգուցալուծվի: Ռազմական գործողությունները չափազանց վտանգավոր են առաջին հայացքից, սակայն ակնհայտորեն դուրս չեն դրված Թրամփի օրակարգից:

Ներկայումս համաշխարհային անվտանգությանը սպառնացող հյուսիսկորեական վտանգը չեզոքացնելու երեք տարբերակ գոյություն ունի: Առաջինը նույն տեմպով ու ոգով շարունակելն է` խնդրի սառեցման միջոցով: Այս տարբերակը կարճաժամկետ առումով ընդունելի է, հատկապես, որ Հս. Կորեան իր վերջին փորձարկումներով արդեն իսկ ցույց տվեց, որ ռազմական վտանգի պայմաններում կարող է հակահարձակման անցնել` հեռահար հրթիռները հասցնելով ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի դաշնակիցների սահմաններին: Սառեցման քաղաքականությունը հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ Իրանի վրա` նկատի ունենալով այն հանգամանքը, որը Հս. Կորեայի հանդեպ ցուցաբերված անտարբերությունը հանգեցրել է այս վիճակին, ինչի սխալը Իրանի պարագայում չպետք է կրկնել: Այս դեպքում Իրանը ինքնաբերաբար կհայտնվի արեւմտյան ուժային կենտրոնների թիրախում դրանից բխող ծանրագույն հետեւանքներով: Ամերիկյան պահպանողականները վաղուց են աչքադրել Իրանին, եւ միայն Օբամայի հմուտ քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը դարձավ առաջնային թիրախ` մոռացության մատնելով Իրանին: Սակայն այժմ, երբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ուղղորդում է պահպանողականների գաղափարական թեւը, Իրանի հարցը կրկին սկսում է սրվել:
Հս. Կորեայի հանդեպ քաղաքականության երկրորդ տարբերակը մի նոր մարտավարություն ընտրելն է: Եթե Քլինթոնի ժամանակ կիրառվում էր Հս. Կորեային օգնելու ու այդ ճանապարհով կախվածության մեջ գցելու քաղաքականությունը, Բուշ Կրտսերի շրջանում տիրակայող դարձան պատժամիջոցները: Եթե Օբաման նախընտրեց, այսպես կոչված, «ռազմավարական համբերատարությունը», ապա Թրամփի օրոք նույնը շարունակել հնարավոր չէ: Նախ, Հս. Կորեան արդեն իսկ կոփվել է նախորդ 30 տարիների փորձով, ապա եւ 3 նախագահների քաղաքականությունն ապացուցել է իր սնանկությունն ու անօգտակարությունը: Ի վերջո, ո՛չ օգնությունը, ո՛չ պատժամիջոցները, ո՛չ էլ հարցը արհամարհելը օգտակար չեն եղել: Գիտացելով նախորդ փորձերի անարդյունավետությունը` Թրամփը անցավ անհավասարակշիռ վարքագծի: Նա փորձեց համացանցի միջոցով լուտանքներ տեղալով ափերից հանել Հս. Կորեայի առաջնորդին: Այդպես ԱՄՆ նախագահն առաջին հերթին Չինաստանին մատուցեց, թե ռազմական գործողությունները լիովին հնարավոր են` փորձելով զիջումներ կորզել կորեական հարցում: Սակայն չինական ղեկավարությունը որսաց Թրամփի բլեֆը` էական տեղաշարժեր չկատարելով: Արդյունքում` ԱՄՆ գործող նախագահը ստիպված եղավ բավարարվել Կիմ Չեն Ընի հետզվարճալի լեզվակռվով առանց հետագա քայլերի շուրջ լուրջ պատկերացումների: Բայց եւ այնպես, այժմ ամերիկյան վերլուծական ու ռազմա-քաղաքական շրջանակները լրջորեն քննարկում են Հս. Կորեայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը` այն համարելով միակ արդյունավետ տարբերակը սպառնալիքի չեզոքացման համար:
Հս. Կորեայի դեմ ռազմական գործողությունները կարող են ունենալ աղետալի հետեւանքներ: Եթե անգամ կորեական հրթիռներն այդքան անորակ են, ինչպես պնդում են ամերիկյան վերլուծաբանները, եւ չեն հասնի ԱՄՆ-ի ափերին, ապա դրանք նվազագույնը կընկնեն Հվ. Կորեայի վրա` մայրաքաղաք Սեուլը վերածելով մոխրակույտի: Այս դեպքում արդեն կարեւորվում է ամերիկյան օդային պաշտպանության ու օդային (հակա)հարձակման պոտենցիալը: Արդյո՞ք ամերիկյան ուժերը կկարողանան օդային հստակ հարվածներով տեղում վերացնել կորեական հրթիռները կամ էլ օդում վերցնել դրանք` կանխելով կործանարար հետեւանքները: Այն փաստը, որ վերջին 10-15 տարիների ընթացքում տեխնոլոգիական աննախընթաց զարգացում է տեղի ունեցել, անշուշտ, զանց առնելի չէ: Ավելին` այդ զարգացումն իր արտահայտությունն է գտել առաջին հերթին ամերիկյան ռազմական արտադրության մեջ:
Դրա հետ մեկտեղ նկատի է առնվում հյուսիսկորեական զինատեսակների հնությունը, որոնք շարժունակ չեն, եւ դժվար կլինի դրանք թաքցնելն ու գաղտագողի կիրառելը: Ամերիկացիները, թվում է, մանրամասնորեն գիտեն, թե կոնկրետ որտեղ է տեղակայված կորեացիների ռազմական տեխնիկան: Ըստ պաշտոնաթող գեներալ Մերիլ ՄըքՓիքի` կորդինատները կարող են տալ ընդամենը 10 մետրի շեղում, սակայն 2 հազար ֆունտ տարողությամբ ռումբի հարվածի պարագայում այդ շեղումը որեւէ դեր չի խաղում: Նա թեպետ կարծում է, որ Սեուլը որոշակի հարվածների կարող է ենթարկվել, սակայն դրանք ճակատագրական չեն լինի: Ըստ գեներալի` ամերիկացիները իրենց ներկայիս տեխնոլոգիաներով կարող են օդային հարվածներով շարքից հանել կորեական հեռահար զինտեխնիկան` առանց զորքեր մտցնելու դրանց վնասազերծման համար: Սակայն ի տարբերություն դրանց` միջուկային մարտագլխիկները ավելի ճկուն են, շարժունակ ու անհամեմատ վտանգավոր: Այսժամ օդային դիտողականությունը բավարար լինել չի կարող, եւ ամերիկյան հետախուզությունը պետք է վայրկենական տեղեկատվությամբ ապահովի թիկունքը` թիրախները ճիշտ գնահատելու ու վերացնելու համար: Ահա այստեղ է, որ ամերիկյան զինված ուժերը լրջագույն խնդրի են բախվելու ու, կարելի է ասել, գործելու են մութ անտառում: Այստեղ ամերիկացիներին կարող են օգնության հասնել բացառապես չինացիները, որոնք հաստատապես տիրապետում են հյուսիսկորեական զինտեխնիկայի տեղաբաշխվածության ամբողջական քարտեզին: Սակայն քանի դեռ Թրամփը հապաղում է ֆինանսական հարցերում զիջումների գնալու հարցում, չինացիներից օգնություն չպետք է սպասի: Բայց եւ Թրամփին կարելի է հասկանալ` լուծելով Հս. Կորեայի իրավիճակային հարցը, ԱՄՆ-ն կարող է բախվել այլեւս չզսպվող Չինաստանին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ ԿԱ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ` ԴԵՌ ՈՉ

Չնայած նախորդ տարվա դեկտեմբերին մեծ շուքով տեղի ունեցավ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը, սակայն դրա կառուցման աշխատանքները վերջնականապես չեն ավարտվել: Երկրորդ փուլով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու տարածքն ընդլայնել 70 հեկտարով: Այս տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը` լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները` գրասենյակային եւ այլ ծառայությունների համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հայտարարեց, որ այժմ հողահատկացման եւ չափագրման աշխատանքներն են ընթանում: «Երկրորդ փուլն է սկսվել եւ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն դիմել է Մեղրիի քաղաքապետարան` ազատ գոտու շրջակա տարածքում մոտ 50 հա հատկացնելու պահանջով: Հիմա դրա փաստաթղթերն ենք պատրաստում, ձեւակերպում: Դա պետք է հատկացվի, որպեսզի ներդրողների համար ազատ տարածք լինի: Հիմա դրանով ենք զբաղված»,- ներկայացրեց քաղաքապետը: Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ազատ տնտեսական գոտով ավելի շատ հետաքրքրված են իրանցիները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հարցում այդպես էլ ակտիվություն չկա: Այդ հարցով հետաքրքրվել են իրանական կողմից եւ երեւանաբնակ մի քանի գործարար: Բայց միայն հետաքրքրվել են: Այս ընթացքում եղել են նաեւ տարբեր հանդիպումներ՝ պաշտոնական մակարդակով: Թե որքանով են եղել դրանք արդյունավետ, ժամանակը ցույց կտա: Տեղեկացնենք, որ ազատ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան ե՛ւ Եվրամիության, ե՛ւ ԵԱՏՄ շուկաներ: Կառավարությունը վստահ է, որ այս ամենի արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ եւ կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ եւ ծառայություններ: Բայց սա թղթի վրա գրված կառավարության հերթական խոստումներն են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱԿԱՐՈՆՆ ԷԼ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Առաքիչները, ովքեր Տավուշի մարզ տարբեր ընկերությունների արտադրած կամ Հայաստան ներկրած սննդամթերք են հանձնում Տավուշի մարզի սննդի վաճառակետերին, դժգոհ են: Նրանք «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ 2018 թվականին սննդամթերքի իրացման ծավալները էապես կրճատվել են: Պատճառն այն է, որ նվազել է մարզի բնակչության քանակը եւ առկա բնակչության գնողունակությունը: Սննդի առաքիչներից մեկն ասաց, որ ցածր եկամուտներ ունեցող բնակիչները ամենաշատը գնում էին մակարոնեղեն, բայց մակարոնեղենի վաճառքի ծավալները եւս կրճատվել են: Տավուշի մարզի սննդի խանութներում առկա են հաստ տետրեր, որտեղ գրված են ապառիկով առեւտուր կատարողների անունները եւ նրանց կատարած գնումների դիմաց պարտքերը: Կարիքավոր բնակիչները ապառիկով կատարած գնումների դիմաց վճարումները կատարում են ընտանեկան նպաստ, կենսաթոշակ կամ հաշմանդամության թոշակ ստանալու օրերին: Խանութներում «նիսյա»-ի տետրերի թիվը չի նվազում: Հայաստանի կառավարությունը պնդում է տնտեսական աճի մասին, սակայն այդ աճը սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներին չի առնչվում:

 

 

ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Հունվարի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված էր դատական նիստ, սակայն մեղադրողի բացակայության պատճառով չկայացավ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանի դատավարության առաջին նիստը: Նա 2017թ. սեպտեմեբերի 18-ին` ժամը 9-ն անց 30-ի սահմաններում, իր հարազատ եղբոր` 2000թ. ծնված Ազատ Բաղդասարյանի հետ «ԳԱԶ-69» մակնիշի փայտանյութով բեռնված ավտոմեքենայով դուրս է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ Հաղարծին տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» հանդամասից: Ուշագրավ է, որ «ԳԱԶ-69»-ի տիրոջ ինքնությունը իրավապահները մինչ այժմ չեն պարզել: Այդ մեքենայի վրա եղել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, հանգուցյալ Աշոտ Խաչատրյանի անվամբ հաշվառման համարանիշներ, վարորդ Ազատ Բաղդասարյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Անտառից կտրուկ իջնելու ընթացքում Ազատը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը: Նա թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով մեքենայի ուղեւոր, Ազատի եղբայր, անչափահաս Արտակ Բաղդասարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազատ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Հավելեմ, որ Ազատ Բաղդասարյանը ապօրինի ծառահատում էր կատարել ազգային պարկի տարածքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս