ԱՆՈՄԱԼ ԵՂԱՆԱԿԸ` ԿԱԹԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից: Պատճառը բնակլիմայական պայմաններն են. անցած տարին չորային է եղել, ինչի արդյունքում նվազել են կաթի արտադրության ծավալները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հատկապես բարձրացել են պանրի գները՝ մոտ 20 տոկոսով:

Մասնագետների պնդմամբ` նախորդ տարիների համեմատ 2017թ. կաթի աճը մեկ ամիս ուշ է սկսել: Դրան գումարած` բավական չորային է եղել տարին, չի բավարարել անասնակերը, եւ դա ազդել է կաթի արդյունավետության, քանակի վրա: Կաթի արտադրության ծավալները նվազել են: Ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողել կաթնամթերքի գնագոյացման վրա: Թանկացել են թթվասերը, կաթնաշոռը, մածունը, պանիրը: Իսկ կարագի գնի շեշտակի բարձրացման մասին բարձրաձայնվում է արդեն տեւական ժամանակ:
Միաժամանակ նկատենք, որ կաթի արտադրության ոլորտին այս վտանգները սպառնում են նաեւ այսօր: Այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա: Ու հիմա խնդրով մտահոգված են ոչ միայն պանրագործները, այլեւ հասարակ գյուղացիները: Ստեղծված իրավիճակի հետեւանքով անցած տարի բազմաթիվ գյուղացիներ, որոնք չկարողացան իրենց անասուններին անհրաժեշտ քանակությամբ անասնակերով ապահովել, ստիպված մորթեցին. անասնակերը թանկ էր, եւ ձեռնտու չէր այդ գնով այն ձեռք բերել: Ու հիմա դա իր հետեւանքներն է ունենալու կաթնամթերքի ծավալների շարունակական նվազման առումով:
Այն, որ այսօրվա անոմալ եղանակը բարենպաստ չէ գյուղատնտեսության ոլորտի համար, համոզված է նաեւ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց. «Իսրայելը կիսատափաստանային երկիր է, բայց այնպես է ձեւավորված ֆերմերային ինստիտուտը, որ անասնապահության ոլորտում եղանակից կախվածությունը խիստ նվազեցված է, բերված է մինիմալի: Կապ չունի, թե եղանակը ինչպիսին կարող է լինել, միեւնույն է` իրենք կաթի ապահով քանակը ստանում են: Այլընտրանք չկա: Մեր հանրապետությունում այլընտրանքային տարբերակը միայն այն էր, որ ժամանակին մենք բոլորս պետք է զբաղվեինք կաթի արտադրության կազմակերպմամբ, ձեւավորմամբ: Հույս ունեմ, որ այս տարի այդ ոլորտին մեծ ուշադրություն կդարձվի» Գիգոյանի խոսքերով` Հայաստանում ֆերմերային ինստիտուտը ձեւավորված չէ, իսկ դրան պետք է ուշադրություն դարձնել: Հակառակ դեպքում ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կկանգնենք կաթի, ապա պանրի դեֆիցիտի խնդրի առաջ: «Բարդ բան չկա, բայց իրավիճակը շատ տխուր է»,- ասաց նա:
«Կաթի դեֆիցիտի առաջանալը միշտ էլ կանխատեսելի է: Միայն հիմա անոմալ կլիմայի տատանումների արդյունքում վառ ընդգծվեց: Հնարավոր է նաեւ անասնակեր ներկրել: Ամեն ինչ հնարավոր է: Միայն պետք է հասկանանք, թե ինչպես է այն ազդելու արժեքի բաղադրիչի վրա»,- հայտարարեց պանրագործը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում էր ունեցել պանրագործների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա պանրագործների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսվում է կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել: Ըստ որի` նախատեսվում է աջակցել վերամշակողներին մթերման կետերի կառուցման գործում, իսկ նրանք իրենց հերթին պետք է օգնեն գյուղացիներին. կերով ապահովեն, խորհրդատվություն տրամադրեն եւ երաշխավորված կերպով մթերեն անհրաժեշտ որակով եւ քանակի արտադրանք: Թե Հայաստանում որքանո՞վ արդյունավետ կգործի այս ծրագիրը, ցույց կտա ժամանակը: Չնայած հույսերն այնքան էլ մեծ չեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆԻՍՏԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տապալվել է: Պատճառը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն է եղել, որ այդպես էլ չի ներկայացել ԱԺ հանձնաժողովի նիստին: Մինչդեռ նա օրակարգում ներառված երկու հարցերով զեկուցող էր նշանակված: Նշենք, որ օրակարգում էին «Ապահովված հիպոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն ու «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը»: Նման արհամարհական վերաբերմունքը, թերեւս, պատահական չէ. վաղուց ի վեր ԱԺ-ն դարձել է գործադիրի, այդ թվում՝ ԿԲ-ի կցորդը:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ուշագրավ նշանակումներ է կատարել. ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի եղբորը՝ Նաիրի Սաղաթելյանին, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի հավերժ նախագահ Կարեն Ավագյանի եղբորը՝ Արթուր Ավագյանին, վարչապետը նշանակել է ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ: Հիշեցնենք, որ Կարեն Ավագյանի եղբայրը՝ Արթուր Ավագյանը, ոչ մեկ անգամ է սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվել. նա Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորն էր, եւ այդ համալսարանում չարաշահումների կապակցությամբ ժամանակին քրեական գործեր էին հարուցվել: Բացի այդ` Ավագյանը մի քաղաքացու էր վրաերթի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ, բայց կարողացավ ջրից չոր դուրս գալ:

 

 

ՋԵՐՄՈՑԱՏԵՐԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է մի շարք խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Նպատակը եղել է քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները եւ նախանշել զարգացման հեռանկարները: Ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծման դեպքերին, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների որակի լաբորատոր ստուգումների հնարավորությանը եւ մի շարք այլ հարցեր: Նախարարը հայտարարել է, թե Հայաստանում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր եւ միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետաքրքրություն կա. «Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգի ծրագիր փոքր եւ միջին ջերմոցատերերի համար փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման եւ եկամուտների ավելացման նպատակով, միաժամանակ նաեւ սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա ճիշտ պահեստավորել եւ պահպանել արտադրանքը արտահանման նպատակով»:

 

 

ՄԵԿԱՄՍՅԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի հիդրոմետ ծառայության տվյալների` փետրվար ամսին եղանակը կլինի հետեւյալ կլիմայական բնութագրով: Արարատի եւ Արմավիրի մարզերում օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի +1…+30C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ: Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-50C: Այստեղ նույնպես ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ: Լոռու մարզի մասով նշենք, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+10C: Տեղումների քանակը` նորմային մոտ: Տավուշում սպսվում է 0…+40C: Ամսվա կտրվածքով տեղումների քանակը կլինի նորից նորմային մոտ:
Վայոց ձորի մարզի նախալեռնային շրջաններում` +1…+30C, լեռնային շրջաններում` -2…-30C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ:
Սյունիքի մարզի հովտային շրջաններում` +4…+60C, լեռնային շրջաններում` 0…+20C: Ամսական տեղումների քանակը նույնպես կլինի նորմային մոտ:
Ինչ վերաբերում է Երեւանին, ապա նշենք, որ մայրաքաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+20C: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչեւ -5…-70C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ +14…+170C:

 

 

ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ
«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որով առաջարկում է անկախ գործատուի սեփականության ձեւից եւ կազմակերպաիրավական տեսակից` նախապատվությունը տալ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին, եթե նրանց ընտանիքում աշխատող չկա:
Խմբակցության կողմից ներկայացված աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ դժգոհ են նախագծի շուրջ կառավարության բերած պատճառաբանություններից, որոնց հետեւանքով այն լիագումար նիստերի օրակարգ չի ընդգրկվել: «Մեր եւ կառավարության տեսակետերը չեն համընկնում: Անընդունելի է կառավարության այն պնդումը, որ նոր աշխատանքային օրենսգիրքը մշակման փուլում է ու մտահոգող բոլոր հարցերն այնտեղ ամփոփված են լինելու»,- նշել է նա:
Նշենք, որ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկը հետաձգվել է երկու ամսով` լրամշակման նպատակով:

 

 

ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՑ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկացրել են, որ 2018 թվականի փետրվարի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 5-ից:




Լրահոս