«ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԹԱԳՈՒՀԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ներքին քաղաքական դաշտում տիրող փոփոխությունների, «Ք1»-ի պասիվ գործունեության, «Քաղաքացիական ակտիվ քայլի» հետագա անելիքների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, քաղաքական դաշտում բուռն զարգացումներ են տեղի ունենում, անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ Դուք լռում եք, ինչո՞ւ այդ թեմային չեք անդրադառնում:
-Որովհետեւ այն, ինչ կատարվում է, բացարձակապես ժողովրդին չի վերաբերում: Դրանից ոչինչ չի փոխվելու: Կան բաներ, որոնք հասարակ մարդու վրա չեն ազդում: Իրենք իրենց կյանքով ապրում են, մե՞զ ինչ:
-Այնուամենայնիվ, սպասե՞նք Ձեր թողարկումներին «Ք1»-ի հարթակից:
-Ճիշտն ասած՝ հիմա ավելի լուրջ գործով՝ մեղվապահությամբ եմ զբաղված, եթե ժամանակ ունենամ, կարող է` ինչ-որ բան անեմ, բայց կոնկրետ հիմա ոչ մի բան չունեմ ասելու:
-Իսկ թանկացումների մասին ի՞նչ կասեք: Պատրաստվո՞ւմ եք բողոքի Ձեր ձայնը հնչեցնել:
-Այն, ինչ տեղի է ունենում, շատ ցավալի է: Լավ կլիներ՝ թանկացումների դեմ պայքարում ավելի համախմբված լինեինք: Տեսեք, թե ուրիշ երկրներում թանկացումների դեմ պայքարն ինչ ծավալների է հասնում: Մեզ մոտ մարդիկ երեւի չեն էլ հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում: Ինքս ամեն օր ֆիքսում եմ, որ մի ապրանք էլ է թանկացել: Գիտե՞ք՝ նախկինում ապրանքների գներին ուշադրություն չէի դարձնում, բայց հիմա դրանց գնի բարձրացումն աչքի է զարնում:
-«Քաղաքացիական ակտիվ քայլն» ի՞նչ է պատրաստվում անել:
-Միշտ լինել իշխանությունների կողքին՝ հոգով, սրտով եւ ամեն ինչով (ծիծաղում է):
-Իշխանություն ասելով՝ նկատի ունեք ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրված ՀՀԿ թեկնածուի՞ն՝ Արմեն Սարգսյանի՞ն, Սերժ Սարգսյանի՞ն, ո՞ւմ:
-Ես եղել եմ եւ կմնամ «Քաղաքացիական ակտիվ քայլի» անդամ դեռ շատ երկար տարիներ, եւ բացարձակապես կապ չունի՝ ով կլինի նախագահը: Հիմա արդեն նախագահը անգլիական թագուհին է լինելու: Ինձ համար սարսափելին այն է, որ մարդը կիրթ է, բայց էլի չի անում այն, ինչ պետք է: Արմեն Սարգսյանի քայլերը ես գիտեմ, գիտեմ նաեւ, որ նա անմիջական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման հետ: Շատ ստորություն կա այդ ամենում: Եթե նման քայլը, ասենք՝ Շմայսի դեպքում հնարավոր կլիներ հասկանալ, ապա նման մարդու դեպքում՝ երբեք:
-Մի քիչ էլ գործնական ծրագրերից խոսենք: Ձեզնից նոր նախագծեր սպասե՞նք:
-Սեզոնը կբացեմ փետրվարի 21-ին՝ Կամերային թատրոնում, «Ինչպես ես դարձա տղամարդ» ներկայացմամբ: Զգացի, որ հանդիսատեսը դա է պահանջում: Իհարկե, ահագին բան նորացված է. բնական է, որ ես փոխվում եմ, ներկայացումներս էլ հետս են փոխվում:
-Իսկ կա՞ մի թեմա, որին միշտ ցանկացել եք անդրադառնալ, բայց չի ստացվել:
-Չէ, ինչ ուզեցել եմ, միշտ էլ արել եմ, ինչ մտքիս եկել է, իրականացրել եմ:
-Պարո՛ն Դանիելյան, նոր հեռուստանախագծերում Ձեզ կտեսնե՞նք:
-Կշարունակեմ խաղալ «Անուղղելիները» սերիալում, իսկ, օրինակ, գեղարվեստական ֆիլմերից հրավերներ դեռ չունեմ:
-Վերջերս Սերժ Սարգսյանը հերթական անգամ հանդիպել էր մտավորականների հետ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ մտավորականների ցանկը գրեթե միշտ նույնն է:
-Դե, դա այն մտավորականների ցանկն է, որոնք միշտ նախագահի կողքին են: Կան մարդիկ, որոնք միշտ ներկա են նման հանդիպումներին:
-Ինչո՞ւ Ձեզ պես ոչ ստանդարտ կերպարների երբեք չեն հրավիրում նման հանդիպումներին:
-Ինձ պես մարդկանց միայն Հայաստանում չէ, որ չեն հրավիրում, Ձեզ թվում է՝ ԱՄՆ-ում կամ, ասենք, Ֆրանսիայում հրավիրո՞ւմ են: Իմաստ չունի, որովհետեւ նախ եւ առաջ ես կհրաժարվեմ, քանի որ ոչ ոքի կողքին չեմ ուզում լինել եւ ավելի շուտ ինքս իմ կյանքին վերջ կտամ, քան կհարմարվեմ այն մտքի հետ, որ պետք է որոշակի պարտավորություններ ունենամ: Արվեստն այն ոլորտն է, արտահայտման տեղը, որտեղ միշտ ցանկացել եմ ազատ լինել, դա իմ հոգու ազատության տեղն է:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ԴԱՐՁԱՎ ԻՄ ԿԻՆԸ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների, նրանք կատարում են խոստովանություններ, ներկայացնում անձնական կյանքի մանրամասներ: Այս անգամ մեր զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Արաբո Իսպիրյանն է:

Արաբոյի առաջին սիրո պատմությունը, թերեւս, եզակի է այն առումով, որ դեմ է սեւակյան պնդմանը, թե առաջին սերը կուտ է դառնում: Արի ու տես, որ Արաբոն առաջին անգամ սիրահարվել է 28 տարեկանում եւ հետո արդեն ամուսնացել է իր սիրելիի հետ. «Իմ առաջին սերը դարձավ իմ կինը, իհարկե, մինչեւ Նարինեին հանդիպելը ունեցել եմ հրապույրներ, սակայն դրանք լուրջ չեն եղել: Կնոջս հանդիպել եմ հարսանեկան խնջույքի ժամանակ: Նա անմիջապես հետաքրքրեց ինձ: Նարինեին, կարելի է ասել, սիրահարվել եմ առաջին հայացքից: Հետագայում, արդեն, երբ սկսեցի նրան ավելի լավ ճանաչել, ավելի շատ սիրեցի»,-անկեղծացավ Արաբոն:
Մինչեւ ամուսնությունը զույգը շփվել է մեկ տարի: Իսկ 2017 թվականի հունիսին՝ Արաբոյի մենահամերգի օրը, երգիչը անակնկալ կերպով ամուսնության առաջարկ է արել սիրելիին. «Կատարում էի «Աննման» երգը, որը դադարեցրի եւ առաջարկ արեցի նրան: Իմ մտադրության մասին գիտեին միայն հայրս եւ մայրս: Ի դեպ, ասեմ, որ հայրս մի փոքր պատրաստել էր Նարինեին՝ ասելով, որ անակնկալ է սպասվում, սակայն չէր բացել փակագծերը: Այդպիսով՝ սիրելիս ընդունեց առաջարկս»,-նշեց երգիչը:
Այժմ Արաբոն եւ կինն ապրում են Հայաստանում: Նրանք երկուսն էլ արմատներով մշեցի են՝ ավանդապաշտ ընտանիքներից: Նարինեն մինչեւ Արաբոյի հետ ծանոթանալը լսել, հավանել է նրա երգերը, կարելի է ասել՝ եղել է երգչի երկրպագուն: Հարցին, թե կինը, որը կապ չունի երգարվեստի հետ, Արաբոյի բեմական գործունեության առնչությամբ խանդի տեսարաններ չի՞ սարքում, երգիչը պատասխանեց. «Ոչ, մենք իրար լավ ենք հասկանում եւ վստահում ենք միմյանց»:
Արաբոն հավաստիացնում է, որ երբ առաջին սիրո հետ ընտանիք կազմեց, իրենց զգացմունքներն ավելի ամրացան. «Դեռ չամուսնացած ընկերներիս շրջանում կարծես քարոզիչ լինեմ, բոլորին կոչ եմ անում ամուսնանալ, պետք է պոզիտիվ տրամադրվել, որ ամեն բան լավ լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ՁԱԽՈՂԵԼ Է
Բրիտանական BBC 3 ռադիոկայանը Մուսա լեռան դիմադրությանը նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ անդրադաձ կա ավստրիացի հայտնի գրող եւ դրամատուրգ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի էկրանավորման հնարավորությանը: Նշվում է, որ 1933թ. հրատարակված «Մուսա լեռան 40 օրը» վեպը մեծ հաջողություն է ունեցել: Այն պատմում է 1915թ. Մուսա լեռան շրջակայքի հայկական գյուղերի «պարտիզանական բանակի» անձնուրաց պայքարի մասին` ընդդեմ թուրքական կանոնավոր զորքերի: 1919թ. հետո ավելի քան 1 մլն մարդկանց զանգվածային սպանությունները թուրքական ժխտողականության արշավի սկիզբ են դրել: Հայերի ճակատագիրը քննարկվում էր այդ ժամանակ, եւ շատերը դա համեմատում էին հրեաների հարցի հետ»,-գրել է BBC 3-ը: Հաղորդման հեղինակ Մարիա Մարգարոնիսը նաեւ նշել է, որ այս գիրքը բազմիցս հայտնվել է արգելվածների շարքում, սակայն այն թարգմանվել է աշխարհի 34 լեզուներով: Ի դեպ, Հոլիվուդում փորձեր են արվել ֆիլմ նկարահանել Ֆրանց Վերֆելի գրքի հիման վրա, սակայն դա իրականություն չի դարձել Թուրքիայի կառավարության ջանքերի հետեւանքով, որն ամեն կերպ ձախողել է նման ձեռնարկները:

 

 

ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Էլհամ Մամեդովը կարծում է, որ իրենք ու Հայաստանը խնդրի առաջ կկանգնեն, եթե մրցակիցներ դառնան Ազգերի լիգայում: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ` D լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում 2 ընտրանին տարբեր խմբերում է հայտնվել, սակայն չի բացառվում, որ միմյանց դեմ դուրս գան կիսաեզրափակչում կամ եզրափակչում, որտեղ վիճարկվելու է «Եվրո 2020»-ի ուղեգիրը: «Դա խնդրահարույց խաղ կլինի: Խմբային փուլում մեզ տեղավորել են առանձին խմբերում, սակայն կիսաեզրափակչում եւ եզրափակչում գուցե հանդիպենք: ՈՒԵՖԱ-ն հասկացնել է տվել, որ եթե թիմերը հաղթեն իրենց խմբերում, այդ դեպքում համապատասխան որոշում կկայացվի: Երբ ասում եմ, որ խնդիր կլինի, առաջին հերթին նկատի ունեմ կազմակերպչական հարցերը: Ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք խաղալ չեզոք դաշտում, առանց հանդիսականի»,-ասել է նա:
Նշենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլը կայանալու է այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Հաղթողը որոշվելու է ամենաուժեղ A լիգայի խմբերի հաղթողների միջեւ անցկացվող փլեյ-օֆում:




Լրահոս