Նրանք, ովքեր դիտում էին «Կյանքի կարուսել» նախագիծը, կհիշեն դերասան Ռոման Բաբայանի կերտած կերպարները։ Դերասանը, որը հանդես է գալիս Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հայտնի է «Մուսա լեռան քառասուն օրը» (Գեւորգ Քեբուսյան), Վ. Շեքսպիրի «Մակբեթ» (մարդասպան), Ֆ. Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (կայարանապետ), Պ. Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Թորոս) եւ այլ ներկայացումներում, վերջին շրջանում հեռուստաէկրաններին չի երեւում։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաբայանը նշեց, թե զբաղված է թատրոնում, բացի այդ՝ չկա մի նախագիծ, որին իր սիրտը կդիպչի, եւ կհամաձայնի դրա շրջանակում նկարահանվել. «Գուցե այս դադարն էլ օգնի, որպեսզի հետագայում մի փոքր այլ կերպ ներկայանամ»,-մեկնաբանեց նա։ Դերասանը պատմեց, որ մայր թատրոնում այժմ բեմադրվում է «Սասնա ծռեր» ներկայացումը (բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան)՝ ժամանակակից լուծումներով. «Մի ամիս է, ինչ փորձերը մեկնարկել են, առաջին գործողության մեջ հանդես եմ գալիս Սանասարի, երկրորդում՝ արաբ զորապետի կերպարներով»,-մանրամասնեց Ռոմանը: Ի դեպ, հիմա նա ընդգրկված է «Պեպո» ներկայացման մեջ։
Եւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե դժվար չէ՞ արդյոք միայն թատրոնի աշխատավարձով գոյատեւելը, դերասանն անկեղծացավ. «Իհարկե, դժվար է, հատկապես եթե կողքից բիզնես չունես, իսկ ես չունեմ։ Ուրախալի է, որ մեր թատրոնի նոր տնօրենը (Վարդան Մկրտչյանը-հեղ․) բավական եռանդուն է աշխատում, թատրոնում ամեն մեկը գիտի իր անելիքն ու տեղը։ Բայց, ընհանուր առմամբ, շատ կուզեի, որ դերասաններին լավ նայեին, որ նրանք նույնիսկ ստիպված չլինեին նկարահանվել սերիալներում, այնքան փող ստանային թատրոնից, որ առավոտից երեկո աշխատեին այնտեղ, իսկ ֆիլմերում ու սերիալներում էլ նկարահանվեին այն ժամանակ, երբ ազատ ժամանակ ունենային»։
Մենք հետաքրքրվեցինք նաեւ Ռոմանի անձնական կյանքով, հարցրինք՝ նրա կողքին կին չի հայտնվում, որովհետեւ դերասանը բծախնդի՞ր է, թե՞ պարզապես չի հանդիպել իր միակին․ «Չգիտեմ։ Հաստատ բծախնդիր չեմ, բայց ավելին չեմ ասի»,-եզրափակեց Ռոմանը։
Աննա Բաբաջանյան