
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւն ասել է, թե «…պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»:
Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, թե ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները պետք չէ կապել Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու փաստի հետ:
«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարեւոր են ընտրությունները: Այնտեղ ընտրությունների արդյունքը միշտ կանխորոշված է, ես առաջին հերթին դա կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ: Բոլորի համար ակնհայտ է, որ առանց վստահության մթնոլորտի, առաջ շարժվելը գրեթե անհնարին է», – նշեց փոխնախարարը: