Սահմանամերձ դպրոցների շենքերը քանդվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց եւ Սարիգյուղ, Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղերի դպրոցների շենքերը շարունակում են մնալ անմխիթարական վիճակում` արդյունքում հայտնվելով փլուզման վտանգի առաջ:

Վ. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Բուդուրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրենց դպրոցի շենքը վթարային է: Թեեւ շենքը նախկինում 2 անգամ մասնակի նորոգման է ենթարկվել, սակայն դասասենյակների հատակը, պատուհանները փտած են: Ըստ նրա` որքան էլ ձմռանը փայտ են վառում, դասասենյակները չեն տաքացվում, հարկ է ջերմամեկուսիչ պատուհաններ տեղադրել:

Վ. Կարմիրաղբյուրի նախկին համայնքապետ, այժմ գյուղի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը եւս պնդում է՝ դպրոցի շենքը շատ վատ վիճակում է: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակների եւ միջանցքների հատակը քանդված է, այն կարծես ռմբակոծված լինի: Նույն տարածաշրջանի Կիրանց գյուղի հիմնական դպրոցի 59 աշակերտներն ամեն անգամ վախով են համակվում, երբ դպրոցի կողքով, միջպետական ավտոճանապարհով անցնում է հերթական խոշոր բեռնատարը:

Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն 4 տարի է, ինչ դպրոցի հիմնական, ծանրություն կրող պատերը խոր ճեղքեր ունեն, որոնք գնալով ավելանում են. շենքը ձեւախեղվում է: Նրա խոսքերով` դպրոցի պատերի մեծ ճեղքերը երեւում են նաեւ դրսից: Այդ շենքը կառուցվել է 1980-ական թվականներին, շենքի հիմքում նստվածք կա: Դպրոցի շենքը գործարկելուց հետ մի անգամ կոսմետիկ նորոգման է ենթարկվել: Դպրոցի տնօրենն ասում է, որ 40 տոննանոց բեռնատարները հիմքը խախուտ կառույցի կողքով անցնելով` ցնցում, ավելի են խարխլում կրթական հաստատության շենքի պատերը:

Պատերի ճեղքերը ձգվում են շենքի երկրորդ հարկ, երկրորդ հարկի պատերից հող ու ավազ է թափվում, շենքի հենասալերը տեղաշարժվել են, պատուհանների ապակիներ են կոտրվել: Կիրանցի դպրոցի ուսուցիչները մտավախություն ունեն, որ փոքր երկրաշարժի դեպքում անգամ դպրոցի շենքը հիմնահատակ կփլվի, աշակերտները չեն հասցնի կառույցից հեռանալ: Կիրանցի դպրոցի շենքի շինարարության աշխատանքներն ընդգրկված են 2017-2019թթ. Տավուշի մարզի միջնաժամկետ ծրագրում, ինչպես նաեւ` Հայաստանի տարածքային զարգացման ծրագրում:

Կսարքեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Եւ, ընդհանրապես, նկատենք՝ իշխանությունները հաճախ են խոսում մարզերի համաչափ զարգացման, դեմքով դեպի գյուղն ու գյուղացին շրջվելու անհրաժեշտության մասին, սակայն իրականությունը միանգամայն հակառակն է, ապացույցը նաեւ այս գյուղերի ուսումնական հաստատությունների անմխիթար վիճակն է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս