Արման Թաթոյանը նեղացե՞լ է . կառավարության նիստերին չի գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի ներկայանում ՀՀ կառավարության նիստերին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պատճառը Թաթոյանի՝ իշխանություններից նեղանալն է: Բանն այն է, որ Արման Թաթոյանը ՀՀ կառավարության նիստերին սկսեց ներկա չգտնվել այն բանից հետ, երբ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Հայաստանում բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նախագիծ ներկայացրեց ՀՀ կառավարություն: Թաթոյանն էլ հակասահմանադրական էր որակել այս նախագիծը եւ ներկայացրել բավական ծավալուն առարկություններ: Բացի այդ` կառավարությունը ներկայացրել էր նաեւ առողջապահության օմբուդսմենի վերաբերյալ օրինագիծ` այդպես Թաթոյանից տանելով «եւս մեկ կտոր»

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե ինչով է պայմանավորված, որ նա կառավարության նիստերին ներկա չի գտնվում, եւ, առհասարակ, ճիշտ են տեղեկությունները, որ նա նեղացել է ՀՀ իշխանություններից բիզնես-օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նախագծից հետո եւ այդ պատճառով ներկա չի լինում կառավարության նիստերին: Ի պատասխան` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեզ հայտնեցին. «Բացառված է, որ Մարդու իրավունքների պաշտպանը առաջնորդվի նման սկզբունքներով: Պարզապես աշխատանքային ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված, որ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ կառավարության նիստերին չի մասնակցում: Բայց նշենք, որ պաշտպանի ներկայացուցիչը միշտ ներկա է գտնվում նիստերին: Ավելին` հայտնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատանքը»:




Լրահոս