Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով:
«Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Անդրադառնալով արցախյան այցին՝ Ա. Սարգսյանը նշել է, որ այն շատ կարևոր էր, քանի որ անմիջապես Նախագահից է տեղեկացել վերջին տարիներին Արցախի կյանքում արձանագրված հաջողությունների, տնտեսության զարգացման և առկա խնդիրների մասին: «Նախագահի հետ հնարավորություն ունեցա երկար զրուցելու և ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու, և, որպես ազատ քաղաքացի, շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Ա. Սարգսյանը և ավելացրել, որ բացի Նախագահի և ԱՀ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից, արցախյան այցի օրակարգում նախատեսված է նաև կրթօջախներ այցելելը:
Ա. Սարգսյանի խոսքով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է: Եվ ՀՀ Նախագահի պաշտոնի հնարավոր ստանձման դեպքում՝ նա հիմնական առաջնահերթություններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: