Ժիրայր Սէֆիլյանի դատավիճռն անարձագանք չի մնա. Ալեք Ենիգոմշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ, մեղադրող դատախաղ Հակոբ Ենոքյանը հանդես եկավ մեղադրական ճառով` նրա համար պահանջելով 11 տարվա ազատազրկում: Կազմակերպված խմբի կողմից ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող մյուս անդամների համար հետեւյալ չափով մեղադրական ճառեր են պահանջել` մեղադրողը Գեւորգ Սաֆարյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Ներսես Պողսյանի համար` 4 տարի, Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար` 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար` 2 տարի ազատազրկում:

Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

-Պարո՛ն Ենիգոմշյան, մեղադրող դատախազը Սէֆիլյանի համար 11 տարի ազատազրկում պահանջեց: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը, սպասելի՞ էր:

-Բնականաբար սա այս վարչախմբի եւ նրա պարագլխի կողմից քինախնդրություն է: Չնայած դա չի զարմացրել, որովհետեւ սպասվում էր՝ նման քինեանդրությամբ հանդես կգա, եւ բացի դրանից` պետք է ասեմ, որ մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպիսի քաղաքականություն է վարում նույն այդ անձը եւ նրա համակարգը: Քամահրանքով են վերաբերվում` ոչ միայն երկրի ժողովրդի ընտրական, մարդկային իրավունքներին, այլ նաեւ ձեւականություններին որեւէ նշանակություն չտալով: Դա մենք տեսնում ենք վերջին տասն օրերի ընթաքում, երբ իրավ հետեւից ներկայացվում են նախագծեր, որոնք ամբողջացնում են դա: Այսինքն` մյուս կողմից այս վերաբերունքն է, եւ այսօրվա այս վարչախմբի դատախազի կողմից ներկայացված դատավճռի պահանջը, բացի քինախնդրության դրսեւորում լինելուց, նաեւ հստակ ուղերձ էր՝ «ես ոչ միայն հստակ անում եմ այն, ինչ անում եմ երկրի հետ կապված, այլ ես ամենայն խստությամբ եմ վերաբերվելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն ինչ-որ բան իրականացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքացիների համար»: Մի կողմից` քինախնդրություն է, մյուս կողմից` նաեւ ուղերձ է, որ այս ընթացքն ինքն է շարունակելու է, եւ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն հօգուտ երկրի ցանկացած բան անելու, նրանք հալածանքների են ենթարկվելու:

-Ըստ երեւույթին, Սէֆիլյանին բանտարկելու համար հիմք է հանդիսացել գաղտնալսումը, այսինքն` որեւէ քայլ չի իրականացվել: Նրա ձերբակալումն ի՞նչի հետեւանք եք համարում:

-Թե ինչ նպատակ էր հետապնդում, դա պարզ էր, քանի որ Ժիրայր Սէֆիլյանն անձամբ եւ այն շարժումը, որի առաջնորդներից էր կամ առաջնորդն էր ինքը, Հայաստանի քաղաքական դաշտում երեւի թե այն եզակի ուժն էին, հազվագյուտներից, որ այս վարչախմբի խաղի կանոններին չէր ենթարկվում: Եվ հենց դա էր հիմնական ընդդիմադիր այն ուժը, որը խնդիր էր դրել իր առաջ` երկրում այս գահավիժող ընթացքին վերջ դնել: Նման ուժի եւ նման ուժի խորհրդանիշին որոշեցին պատժել, դա է պատճառը:

-Ի՞նչ հետեւանքների կարող են հանգեցնել:

-Իսկ թե ինչպիսի հետեւանքներ կարող են լինել, դա, կարծում եմ, ոչ մի դեպքում մեր ժողովուրդը չի հանդուրժի ոչ միայն Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ նման վերաբերմունքը, այլ նաեւ տիրող իրավիճակի նկատմամբ: Միանշանակ անտարբերություն չի լինի: Բնական է, որ այս իրավիճակը չի կարող այսպես շարունակվել, եւ կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռը, բնականաբար, չի կարող անարձագանք մնալ:

-«Սասնա ծռեր» շարժումը ձեւավորվեց հենց նրա կալանավորումից հետո, եւ շարժման անդամները պահանջում էին նաեւ Սէֆիլյանին ազատ արձակել: Կարո՞ղ ենք ասել, որ Սէֆիլյանի կալանավորումը հանգեցրեց այդ դեպքերին:

-Գիտեք` ես տվյալներ չունեմ ասելու, որ Սէֆիլյանի ձերբակալմանն ինքնաբերաբար հաջորդեց «Սասնա ծռերի» գործողությունը: Չի բացառվում, որ դա եւս վերջին կաթիլներից մեկն է եղել, բայց միայն դրանով պայմանավորել նրանց գործողությունները, իհարկե, չի լինի: Բայց վստահաբար դա նաեւ իր ազդեցությունն ունեցել է, դրանից առաջ էլ քառօրյա պատերազմը: Այդ ամեն ինչի արդյունքն է «Սասնա ծռերը»: Նրանք Սէֆիլյանին ընդունում էին որպես իրենց գաղափարական առաջնորդը, բայց ոչ այդ գործողության: Եվ այդ առումով միմյանց հետ կապել կարող ենք, կապ կա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս