Երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում տեսնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին, բոլորը տրամաբանորեն սկսեցին փաստեր ներկայացնել նրա գործունեությունից եւ անցած ուղուց: Ի վերջո, Արմեն Սարգսյանը հավակնում է դառնալ ՀՀ չորրորդ նախագահ, եւ պետք է իմանալ, թե ով է նա:
Արմեն Սարգսյանի անձի մասին այս օրերին բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, հասցրել է իրեն շատ ոլորտներում փորձել՝ գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար: Նրա զբաղեցրած պաշտոնների, ունեցած կապերի եւ բիզնեսների մասին այս օրերին շատ է խոսվել: Ընդհուպ եղան հայտարարություններ, որ նա խորհրդային տարիներին ԿԳԲ-ի գործակալ է եղել. նման տեսակետ հնչել է վերջերս Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի ժամանակ:
Բանն այն է, որ դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-85թթ. եւ 1989-91թթ) նա եղել է օտաերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում: Սակայն այդ ժամանակ ապրողները կհիշեն, որ խորհրդային տարիներին հնարավոր չէր դասավանդել Քեմբրիջի համալսարանում՝ առանց խորհրդային ՊԱԿ-ի թույլտվության, իսկ թույլտվություն հնարավոր էր ստանալ որոշակի առնչություն ունենալու դեպքում: Երեկ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը հարց է ուղղել Արմեն Սարգսյանին, եւ, բնականաբար, վերջինս ամեն կերպ փորձեց շրջանցել հարցը:
-Պարո՛ն Սարգսյան, ամերիկյան հեռուստատեսությամբ հայտարարություններ եղան, Ձեզ անգամ անվանեցին ԿԳԲ գործակալ, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Հետո` մասոն, այլմոլորակային, տեմպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք:
-Բայց հնարավո՞ր էր խորհրդային տարիներին դասավանդել Քեմբրիջի համալսարանում առանց խորհրդային ՊԱԿ-ի թույլտվության:
-Քեմբրիջի համալսարանում Խորհրդային Միությունից տասնյակ հայաստանցիներ կան, փայլուն գիտնականներ են:
Երեկ նա լրագրողների հետ զրույցում փորձել է պարզաբանել իր քաղաքացիության հետ կապված հարցերը՝ վստահեցնելով, թե վաղուց է հրաժարված եղել Բրիտանիայի քաղաքացիությունից: Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանիսացող անձը: Մինչդեռ նախօրեին «Հետք» պարբերականը հրապարակել է բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցված տվյալներ, որոնց համաձայն էլ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Երեկ լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, թե ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011-ին: «2000 թվականին, երբ որ ես հրամանով ազատվեցի հանրապետության դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ եւ ստացել քաղաքացիությունը 2002 թվականին: Հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին», – նշեց նա` վստահեցնելով, թե պարզապես տվյալները չեն թարմացվել:
Իսկ վերջում Արմեն Սարգսյանը մեկ ուշագրավ հայտարարություն արեց. նա նշեց, թե առաջադրվելու դեպքում ցանկանում է լինել ոչ թե Երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ Հայաստանի չորրորդ հանրապետության առաջին նախագահը:
Հուսանք՝ Արմեն Սարգսյանը երեկ որոշել էր կատակել, բայց այդ դեպքում կատակը բավական անհաջող ստացվեց: Իսկ եթե նա լրջորեն այդպես է մտածում, ուրեմն չարաչար սխալվում է: Բանն այն է, որ դեռեւս ապրում ենք 1991թ. անկախության հանրաքվեի միջոցով ստեղծված Հայաստանի Հանրապետությունում, եւ այդ երկիրը դեռ կա, գոյություն ունի ու պետք է լինի: Իսկ եթե նա նկատի է ունեցել այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններով փոխվեց կառավարման համակարգը, ապա հիասթափեցնենք. սա դեռ հիմք չէ չորրորդ հանրապետություն կոչելու համար:
Նաիրա Հովհաննիսյան