
ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակի նախկին թեկնածուներից տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանի մասով գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականների ընթացքում չի իրականացրել վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ նախարարության տեսչության պետի որոշումների նախապատրաստման, հաշվառման եւ տեղեկանքների կազմման աշխատանքները, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 8 միլիոն 320 հազար դրամի վնաս:
Ավելի ուշ Արծրուն Նաջարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել էր վաղեմության ժամկետը անցնելու հիմքով: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կարճվելուց հետո դատախազությունը քաղաքացիական հայց է ներկայացրել Նաջարյանի դեմ՝ պահանջելով հատուցել գումարը: էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր դատախազության հայցը: Դատախազությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Սակայն այստեղ էլ մերժում ստանալուց հետո դատախազությունը որոշել է դիմել վճռաբեկ դատարան: