Հետաքրքիր պատկեր ԱԺ քվեարկությունների ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեցին նախօրդ օրը քննարկված նախագծերը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզել է, որ այդ նախագծերի քվեարկության ժամանակ հետաքրքիր պատկեր է արձանագրվել: Նախօրեին, երբ խորհրդարանում քննարկվում էր «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» խմբակցության կողմից բազմաթիվ քննադատություններ էին հնչում, սակայն երեկ քվեարկության ժամանակ, այդ ամենը մի կողմ դնելով, Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե կողմ են քվեարկելու նախագծին: Արդյունքում դեմ քվեարկեց միայն «Ելքը», եւ արձանագրվեց 89 կողմ, 7 դեմ ձայն:

«Հանրային խորհրդի մասին» օրենքը եւս երեկ բուռն քննարկվեց, ընդդիմադիրներն այդ կառույցը նույնիսկ մեռելածին անվանեցին, եւ քվեարկության պատկերը համահունչ էր, կողմ էին քվեարկել միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն՝ 62 կողմ, իսկ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները դեմ էին՝ 34 դեմ: Իսկ ահա «Քաղաքացիական դատավարության մասին օրենքը», որտեղ ամրագրված է փաստաբաններին տուգանելու դրույթը, արժանացավ բազմազան քննադատության: Այստեղ էլ, բացի ՀՀԿ-ից, բոլորը քննադատում էին այս դրույթը, սակայն դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, թե ազատ են թողնում քվեարկությունը, իսկ ահա ՀՅԴ-ն, չնայած քննադատությանը, ձեռնպահ քվեարկեց: «Ծառուկյան» խմբակցությունից կողմ են քվեարկել Նորա Առուստամյանը, Հակոբ Նազարյանը, Գեւորգ Պետրոսյանը, իսկ ահա ձեռնպահ՝ Վանիկ Ասատրյանը, Կարինե Պողոսյանն ու Իշխան Զաքարյանը:




Լրահոս