«Տավուշ» մարզային հեռուստաընկերությունը` փակման եզրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Տավուշի մարզում գործում են թվային հեռարձակող, մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եւ անալոգային հեռարձակում կատարող Իջեւանի «Իջեւան ստուդիա» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունները: Անալոգային հեռարձակում ունեցող տեղական այդ հեռուստաընկերությունների հաղորդումները շատ քիչ մարդ է դիտում, քանի որ մարզի բնակիչների զգալի մասը տեղադրել է հեռուստատեսային թվային ընդունիչ սարքեր եւ նախընտրում է դիտել տեխնիկական ավելի բարձր որակի հեռուստածրագրեր:

Բայց մյուս կողմից, խնդրի առաջ է կանգնած նաեւ թվային հեռարձակում իրականացնող «Տավուշ» մարզային հեռուստաընկերությունը:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց այդ հեռուստաընկերության տնօրեն Ժան Գալստյանը, Հայաստանի հեռուստատեսային ցանցերը թվային հեռարձակում իրականացնելու համար մարզային հեռուստաընկերություններից տարեկան 4 միլիոն դրամ վարձավճար են պահանջում: Ժ. Գալստյանի խոսքերով` նախորդ տարվա համար նախատեսված այդ վճարն իրենք չեն կարողացել վճարել: Հեռուստաընկերության տնօրենը նաեւ պնդեց, որ Հայաստանի թվային հեռարձակում իրականացնող մարզային բազմաթիվ հեռուստաընկերություններ` Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերությունները եւս հայտնվել են այդ դժվարին խնդրի առաջ: Հայաստանի գրեթե ամբողջ գովազդային շուկան կլանում են Հայաստանի առաջատար մի քանի հեռուստաընկերություններ, մարզային հեռուստաընկերությունները գովազդի շատ քիչ պատվերներ են ունենում, աշխատած գումարներով նրանք հազիվ կարողանում են լոկ վճարել պետական հարկերը, կոմունալ վճարները, աշխատողների աշխատավարձերը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս