Տավուշի մարզում գործազուրկների թիվը բավական մեծ է: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն` գործազուրկի կարգավիճակ ունի 4 հազար 524 հոգի: Բայց իրականում աշխատանք չունեցող քաղաքացիների թիվն ավելի մեծ է: Գործազուրկներից շատերը, ովքեր չեն ցանկանում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնել, սեփական ավտոմեքենայով տաքսիստ են աշխատում: Տավուշում վերջին տարիներին խիստ ավելացել է այդ գործունեությամբ զբաղվողների թիվը, անհատ տաքսիստները մրցակցության մեջ են միմյանց եւ նույն տարածքում գործող տաքսի ծառայությունների հետ: Տավուշի մարզում տաքսիստի գործը եկամտաբեր չէ:
Տաքսի ավտոմեքենաների թվի ավելացմանը զուգահեռ` արտագաղթի հետեւանքով մարզի բնակչությանը թիվը քչացել է, հետեւաբար նվազել է նաեւ տաքսիստներին տրվող պատվերների քանակը: Տավուշի մարզկենտրոն Իջեւանի, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում կարելի է տեսնել անգործությունից ձանձրացող տասնյակ տաքսիստների, ովքեր ժամերով սպասում են, որ հաճախորդից պատվեր ստանան: Չնայած ավտոմեքենաները լիցքավորվող գազի գնի բարձրացմանը, տաքսիստները իրենց մատուցած ծառայությունների գները չեն բարձրացրել, որովհետեւ դրա հետեւանքով սակավաթիվ պատվերները կարող են նվազել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ