Կալանավորված պաշտոնյան վարչության պետ է եղել․ ինչ գործարքի մեջ էր նա մտել Վահագն Աբգարյանի հետ․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանում` Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների գործով պաշտոնատար անձանց կալանավորման գործընթաց է սկսվել: Այս տարվա հունվարի 20-ին գրել էինք, որ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետո: Ուստի իրավապահները գործի հանգամանքներից ելնելով` որոշ պաշտոնատար անձանց պետք է կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք Աբգարյանի հանցավոր քայլերի հետ: Այսպիսով քրեական հեղինակության եւ պաշտոնատար անձանց կապի կծիկը գնալով բացվում է:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

Ինչպես հայտնի է` Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը` նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին` Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը` Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո` «ռազբորկաներից» մեկի ժամանակ, Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին` Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց:

Հետագայում դեպքերը նոր թափ ստացան. 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանը սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:
Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ հարուցվեց` սպանության եւ ապօրինի զենք պահելու հատկանիշներով:
2017թ. սեպտեմբերի 15-ին քննչական կոմիտեն քրեական գործի նախաքննությունն ավարտել էր, սակայն Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարել՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից թերի քննություն է եղել:

Վենդետայի շարունակությունը

Լոռու մարզի դատախազի տեղեկալի այս որոշումը պատահական չէր, քանի որ տարիներ շարունակ Ալավերդի քաղաքում միմյանց դեմ գործող երկու կրիմինալ անձանց թիմակիցները մի նոր կինո էին սարքել Երեւանի Վերնիսաժի տարածքում: 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը կրակոցներ էին արձակել Վահագն Աբգարյանի եւ նրան թիմակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվեց Գագիկ Մոսինյանը:

Այս դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին սպանությունը կատարողների նկատմամբ, որից հետո Կոտայքի մարզում հայտնաբերվեց Ռաֆայել Խաչատրյանը, իսկ մյուս հետախուզվողներին 2017 թվականի հոկտեմբերին գտան Վրաստանի Հանրապետությունում, բայց մինչ օրս այդպես էլ նրանց չեն տեղափոխել Հայաստան:

ԱԱԾ գաղտնալսումների հետեւանքը

Այսպիսով` 2018 թվականի հունվարի 18-ին ՀՀ իրավապահները ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ:

Բացահայտել են, որ նա սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցներից հետո սկսել է հանցավոր խմբավորում ստեղծել՝ վրեժխնդիր լինելու մտերիմ ընկերոջ սպանության համար: Այդ գործողությունների ընթացքում հայտնի է դարձել, որ նրա թիրախում է եղել իր ազգական, քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը: Գրել էինք, որ Վահագն Աբգարյանը կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետո:

Բայց ամեն ինչ միայն այսքանով չի ավարտվել: ԱԱԾ-ի գաղտնալսումների արդյունքում, մեր տեղեկություններով, ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց` Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` Կամո Փիրուզյանի սպանության գործով իր եւ իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: Խոսքը 7 հազար դոլարի մասին է:

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Մեզ հասած լուրերի համաձայն` կալանավորված պաշտոնյան Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանն է, սակայն մեզ հետ զրույցում վերջինիս եղբայրը հայտնել էր, թե նա ընդամենը աշխատանքից է ազատված եւ կալանավորված չէ: Բայց մեր աղբյուրները հակառակն են պնդում: Երեկ երեկոյան իշխանական խողովակներից մեզ հայտնի դարձավ, որ փետրվարի 6-ին` երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Թաթուլ Շուշանյանին ՀՔԾ-ում ձերբակալել են եւ տարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննելու համար:

Դատական նիստը տեւել է ավելի քան երեք ժամ: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը: Նա մեղադրվում է ավելի քան 7 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ: Շուշանյանի հարազատները երեկ չգիտեին վերջինիս կալանավորման մասին. նախօրեին նա հարազատներին ասել է, թե գնում է Երեւան՝ գործերով: Այնինչ՝ նրան հրավիրել են հարուցված քրեական գործի շրջանակներում: Մեկ փաստ էլ. չի բացառվում, որ այս գործով մեղադրյալի աթոռին հայտնվեն այլ քննիչներ եւս, քանի որ Շուշանյանը նրանց ցուցումներ է տվել՝ գործի ընթացքը համապատասխան ուղղությամբ տանելու համար:

Ի դեպ, նշենք, որ այս աղմկահարուց գործի շրջանակներում քննչական կոմիտեի 3 ծառայող` ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ եւ Լոռու մարզային ՔԿ վարչության պետը, ազատվել են աշխատանքից: Ասել է, թե 2015 թվականից սկսած մեկը մյուսի հետեւից սպանությունների շարք չէր լինի, երեք մարդ չէր սպանվի, եթե քրեական տարրերը իրավապահ համակարգի հետ միասին սերտաճած չլինեին: Ուստի իրավիճակը ցույց է տալիս մեկ բան, որ անապահով Հայաստանի այս իրավիճակի պատասխանատվությունը կրում են ՀՀ իրավապահ մարմինները, որոնք անպատժելիությունը կանխելու փոխարեն սերտաճում են քրեական տարրերի հետ:

Վրաստանում բողոքարկում են

Իսկ մինչ այդ մեկ փաստ եւս. ուշանում է այս աղմկահարույց գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնված եւ 2017 թվականի հոկտեմբերին Վրաստանում հայտնաբերված Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի տեղափոխումը ՀՀ: Բանն այն է, որ 2017 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը վերոնշյալ անձանց Հայաստան տեղափոխելու համար Վրաստանի իշխանություններին միջնորդություն էր ներկայացրել:

Ըստ ընթացակարգի` ՀՀ դատախազության միջնորդությունը քննվել է Վրաստանի առաջին ատյանի դատարանում: Ասել է, թե Վրաստանի առաջին ատյանի դատարանը ուսումնասիրում է ՀՀ գլխավոր դատախազության հիմնավորումները եւ նոր կայացնում որոշում: Բնականաբար, առաջին ատյանի դատարանը կայացրել է որոշում` տղաներին հանձնել, սակայն ըստ մեզ հասած լուրերի` առաջին ատյանի դատարանով հարցը չի ավարտվել:

Վրաստանում գտնվող Բլբուլյանը եւ Կարադավիդովը բողոքարկել են Վրաստանի առաջին ատյանի դատարանի որոշումը Վրաստանի վերաքննիչ դատարանում, եթե Վրաստանի վերաքննիչ դատարանը եւս մերժի նրանց, ապա կդիմեն Վրաստանի գերագույն դատարան: Ասել է, թե ՀՀ իրավապահները սպասում են Բլբուլյանի եւ Կարադավիդովի բողոքարկման գործընթացի ավարտին, որից հետո նոր կորոշվի նրանց տեղափոխման հարցը:

Քնար Մանուկյան




Լրահոս