
Ինսոմնիան (անքնություն) արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց առողջության վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ: Ինչպես հաղորդում է sciencedaily.com-ը, «Արյան բարձր ճնշման հետազոտություն 2012» ուսումնասիրության արդյունքում այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ սրտաբանների ասոցիացիայի գիտնականները:
Գիտնականներն իրենց ուշադրության կենտրոնում են պահել արյան բարձր ճնշում ունեցող 234 մարդու առողջական վիճակը՝ հատկապես ուշադրություն դարձնելով նրանց քնի ժամերին: Հետազոտության մասնակիցների մեծ մասը քնել է 6 ժամ կամ ավելի քիչ: Արդյունքում պարզվեց, որ քիչ քնող և քնի խանգարումներ ունեցող մարդկանց մոտ հիպերտոնիայով հիվանդանալու հավանականությունը երկու անգամ մեծանում է:
Գիտնականները հետազոտության ընթացքում նաև նկատել են, որ կանանց մոտ քնի խանգարումներ առավել հաճախ են դիտվել, քան տղամարդկանց մոտ: