Աջ ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ նոր որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծեր են ընդունվել:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Աջակողմյան երթևեկության սկզբունքների համաձայն.

երկկողմանի երթևեկության համար նախատեսված ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցները պետք է երթևեկեն երթևեկելի գոտու աջ կողմով:

արտադրվում են աջակողմյան երթևեկության կազմակերպման համար համապատասխան տեխնիկական չափանիշներ ունեցող տրանսպորտային միջոցներ (վարորդի համար նախատեսված նստատեղ, որը պետք է գտնվի հանդիպակաց երթևեկության գոտու ուղղությամբ (տրանսպորտային միջոցների ձախ կողմում), ավտոբուսների, միկրոավտոբուսների, տրոլեբուսների դռների տեղակայում,

կառուցվում է տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կազմակերպման ինժեներական համալիր,
իրականացվում է ճանապարհների կահավորում՝ երթևեկության կարգավորման նպատակով (ճանապարհային նշաններ, լուսացույցներ, նշագծումներ և այլն),

Հաշվի առնելով վերը նշվածը նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետությունում:

Նախագծերով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետություն մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկայացնել առաջարկություն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում (Ղազախստան, Բելառուսիա) Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելու համար:




Լրահոս