Ռեյտինգային ընտրակարգը չի կարող պատճառ դառնալ «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարելու: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, թե ռեյտինգային ընտրակարգը նախապայման չի եղել «ՀՀԿ-ՀՅԴ» համագործակցության հուշագրի համար: Պատգամավորը հիշեցրեց, որ վարկանիշային ընտրակարգի շուրջ տարաձայնությունը գոյություն ուներ նաև մինչև կոալիցիոն գործընկեր լինելը, և դրա մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են:
«Ինքս անձամբ ունեցել եմ առիթներ` քննարկումների ժամանակ նշելու, որ այն կարգը, որն առաջարկվում է ռեյտինգայինի հետ կապված, շեղում է համամասնական ընտրակարգի դասական պատկերացումներից: Այս խնդիրը գոյություն ուներ մինչև կոալիցիայի ձևավորումը, հարցը օրակարգից չենք հանել, անկախ նրանից՝ գիտեինք, որ ՀՀԿ-ը դեմ էր, սակայն շարունակելու ենք մեր մոտեցումն այդ ուղղությամբ պաշտպանել»,- նշեց նա:
Արմեն Ռուստամյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց, որ պետք է գտնել ադեկվատ լուծում, որպեսզի փոխված Սահմանադրությամբ կառավարման համակարգը լիարժեք կյանքի կոչվի կիրառման փուլում: