Մենք պատրաստ ենք հարմար գներով գազ վաճառել Հայաստանին. Իրանի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ էներգետիկայի ոլորտում շատ լավ համագործակցություն ենք ձևավորել Հայաստանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Դեսպանը նշել է, որ  պայմանավորվածության համաձայն Իրան արտահանվող էներգետիկայի դիմաց Հայաստանը գազ կստանա: «Եթե Հայաստանին հաջողվի հարևան պետություններից գազ գնել, մենք պատրաստ ենք մեր ծառայություններն իրականացնել: Մենք պատրաստ ենք հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետությանը: Այս հարցը քննարկվում է, և ես հուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կտեսնեք: Եթե Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծվելուն»,- ասել է նա:

Խոսելով արդեն Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հնարավորության մասին՝ դեսպանը հայտնել է․ «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել: Մենք պատրաստ ենք համագործակցել նաև Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրերի հետ կապված»,- հավելեց նա:




Լրահոս