Այսօր Տյառընդառաջ է. ովքեր պետք է ցատկեն կրակի վրայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տրնդեզ է: Մի ավանդության համաձայն, ի սկզբանե այն նվիրված է եղել Տիրին` գրչության, դպրության, իմաստության, գիտելիքի, արվեստի հովանավոր աստծուն: Ընդունված է կարծել, որ տոնի անվանումը թարգմանվում էր` «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Որոշ մասնագետներ կարծում են, որ Տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ: Հեթանոսական մի այլ ավանդությամբ տոնը խորհրդանշել է Վահագն աստծու ծնունդը, երբ երկունքը տևել է քառասուն օր: Վահագնի ծնունդը տեղի է ունեցել բոցերի մեջ, որոնցից քուրմը կրակ է վերցրել եւ հեթանոս համայնքի համար խարույկ վառել: Խարույկի շուրջ հեթանոսների տոնակատարության ժամանակ նորահարսները թռչում են կրակի վրայով՝ Վահագնի նման արու զավակներ ծնելու ունակություն ձեռք բերելու ակնկալիքով: Մեկ այլ վարկածով՝ տոնը նվիրված է եղել Միհր աստծուն եւ կապված է կրակի պաշտամունքի հետ: Տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել արեւի ջերմությունը:
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո տոնի անունը փոփոխություններ է կրել, «Տեարնընդառաջ»-ը թարգմանվում է` առաջ գնալ, հանդիպել Տիրոջը:

Տոնը նշում է Աստծո հետ հանդիպման հանդիսավոր ժամը: Երբ Հովսեփը և Մարիամը քառասնօրյա Հիսուսին տարան տաճար` Տիրոջը նվիրելու: Այնտեղ էր Սիմոն անունով մեկը, որին խոստացվել էր մահ չունենալ, մինչ Օծյալ Փրկչի գալը: Նա ընդառաջ եկավ և գրկեց ու օրհնեց մանուկ Հիսուսին:

Արարողության իմաստը ապագա բերքին ճանապարհ հարթելն է: Որպեսզի դաշտերում ցորենն առատ լինի, այգիները պտղառատ լինեն, որպեսզի տնային կենդանիներն ու թռչունները շատ ձագեր ունենան: Տղաներն ու աղջիկները փայտ են գցում խարույկին և իրենց բարի մտքերը հաստատելու համար, թռչում են կրակի վրայով: Երիտասարդ հարսները թռչում են կրակի վրայով, որպեսզի տարին հաջող լինի և ծնվեն երեխաներ: Սա փորձություն է ոչ միայն համարձակների, այլ նաև մաքուրների և բարի սիրտ ունեցողների համար: Խարույկի վրայից չի հաջողվում թռչել նրանց, ում սիրտը բարի չի, իսկ մտքերը կեղտոտ են: Խարույկի մեջ են նետվում ամեն տեսակի անպետք իրեր և ամենազոր կրակը մաքրում է մարդկանց տները անպիտան իրերից, ոչնչացնում է օձերին և կարիճներին, ամոքում է կարիքավորներին, տաքացնում և ապաքինում հիվանդներին: Իսկ երեկոյան, արդեն մարող կրակի շուրջ պարում և զանազան խաղեր են խաղում տղաներն ու աղջիկները:

Տրընդեզի խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որ օջախը ‹‹բարաքյաթով›› լինի: Մոխիրը կարող էին լցնել կճուճների վրա, որ դրանք միշտ առատ լինեն, հավաբներում, որ հավերը ձու ածեն, գոմերում, որ անասունները չհիվանդանան: Մոխիրը շաղ էին տալիս արտերում, տանում էին այգի ու թաղում հողում, որ ծառերը պտղատու լինեն:

Երջանիկ կհամարվի այն ճանապարհորդը կամ հնագույն երկրի այն հյուրը, ով իր այցելության համար կընտրի տարվա հենց այս ժամանակը: Եթե Դուք կտեսնեք բակերում այրվող խարույկներ և շուրջպար բռնած մարդկանց, իսկ կենտրոնում երիտասարդ զույգի, ապա կարող եք համարձակ մոտենալ: Տյարնընդառաջը հյուրաշատ տոն է, այստեղ ուրախ են ամեն եկողի համար: Հարազատներն ու բարեկամները շուրջպար են բռնում, երիտասարդներին առնելով շրջանի մեջ, ի նշան իրենց նվիրվածության ու հավատարմության: Իսկ երբ զույգի վրա հացահատիկի տարբեր տեսակներից «անձրև» կթափվի, մի զարմացեք: Սկեսուրն է այդ կերպ իր նորապսակներին առատ կյանք մաղթում:

Արարողության գագաթնակետը խարույկի վրայով երիտասարդների թռչելն է, և հաջողության նշան է, եթե հարսի կամ փեսայի զգեստին կրակ կպչի: Դա նշանակում է, որ բոլոր չար աչքերն ու մտքերը այրվեցին զգեստի հետ մեկտեղ:

Նրանցից հետո խարույկի վրայով թռչում են բոլորը: Եվ այդպիսով Դուք ոչ միայն ականատեսն եք դառնում, այլ նաև հնագույն արարողության մասնակիցը:




Լրահոս