ՆՎԱԶՈՒՄ ԵՆՔ ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակը տարեցտարի ավելի է խորանում: Եւ որքան էլ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարեն այս ոլորտում էական բարելավումներ արձանագրելու անհրաժեշտության, անգամ 2040 թվականին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին` այդ ճանապարհին մշակելով ու ընդունելով զանազան ծրագրեր, միեւնույն է` իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլեւ բացասական ընթացքը շարունակվում է: Բավական է միայն նշել, որ 2017թ. ՀՀ-ում ծնվել է 37 հազար 699 երեխա. մի թիվ, որը վերջին տարիներին ամենափոքրն է: 2016թ. ծնունդների թիվը 40 հազար 592 էր, 2013թ.՝ 41 հազար 906: Միաժամանակ Հայաստանում շատ ցածր է բնական հավելաճը՝ ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2017թ. արձանագրվել է վերջին տարիների ամենացածր ցուցանիշը. եթե 2013թ. բնական հավելաճը 14 հազար 594 էր, ապա 2017թ. այն հասել է 10 հազար 332-ի: Եւ վերջապես, ԱՎԾ-ն երեկ հրապարակել է մշտական բնակչության թվաքանակը: Ըստ այդմ, 2018թ. հունվարի 1-ին բնակչության թիվը եղել է 2 մլն 972 հազար 900, մինչդեռ 2013թ. մեր երկրում մշտական բնակվել է 3 մլն 26 հազար 900 հոգի, ասել է, թե 5 տարվա կտրվածքով երկրի բնակչությունը նվազել է 54 հազարով: Եւ ահա այս իրավիճակում Սերժ Սարգսյանը դեռ խոսում է ժողովրդագրական վիճակի էական բարելավման մասին:

 

 

«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերության նոր սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին: Խոսքն, ի դեպ, 200 խանութպանի մասին է, որոնց դեմ ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել դեռ 2016թ. վճարված գումարները: Մինչդեռ խանութպանները պնդում են՝ իրենք մատակարարված ապրանքների համար վճարել են գումարը, այն էլ՝ կանխիկ: Ու բացի այդ` տնտեսվարողներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են՝ եթե իրենք ժամանակին վճարած չլինեին առաքիչներին, եթե նրանք էլ այդ գումարը փոխանցած չլինեին հաշվապահություն, ապա իրավունք չէին ունենա ապրանքի նոր խմբաքանակ ստանալ եւ առաքել: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ»-ի դեմ այս 200 տնտեսվարողները վաղը պատրաստվում են բողոքի ցույց անել:

 

 

Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահներն այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում: Արդեն նրանցից մի քանիսին հրավիրել են հարցաքննության: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նրա հետ այդ օրը խնջույքի համար հյուրանոց եկած անձինք, տեսնելով, լսելով Գոռի դժգոհությունները, հասկացել են, որ ինքնազգացողությունը վատանում է, շտապօգնություն են կանչել: Բայց բժիշկները Գոռ Առաքելյանին գտել են արդեն գետնին ընկած՝ անշարժացած: Շտապօգնության բժիշկները արձանագրել են, որ տղայի դեմքը մի փոքր ձեւափոխված է եղել. բերանը` ծռված, աչքերը՝ ուռած:

 

 

Սիրելի՛ ընթերցող, «Ժողովուրդ» օրաթերթն այսօր դարձավ 7 տարեկան: Այս տարիների ընթացքում մեր երիտասարդ խմբագրակազմը հավատարիմ է մնացել առաջին իսկ օրվանից որդեգրած սկզբունքին. «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»: Աշխատել ենք այդ կարգախոսով` յոթ տարի շարունակ ձեզ ներկայացնելով թարմ եւ հետաքրքրաշարժ լրատվություն, օբյեկտիվ վերլուծություններ ու մեկնաբանություններ: Գրել ենք, բացահայտել, քննադատել անկախ նրանից, որ մեր այս գործելաոճը խանգարել կամ դուր չի եկել ինչ-որ մարդկանց կամ շրջանակների: Այս տարիների ընթացքում եղել են մեզ լռեցնելու փորձեր՝ դատական հայցերի, սպառնալիքների տեսքով: Դիմացել, դիմադրել ու հաղթահարել ենք բոլոր խոչընդոտները: Եւ դա մեզ հաջողվել է առաջին հերթին այն պատճառով, որ գիտակցել ենք՝ մենք աշխատում ենք մեր ընթերցողների համար եւ իրացնում ենք մեր բաժին իշխանությունը՝ որպես Չորրորդ իշխանություն: Հետայսու էլ շարունակելու ենք աշխատել այդ ոճով եւ լինելու ենք «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»:

 

 

 

ԱՆՈՐՈՇ ՈՐՈՇԻՉԸ
Հայաստանի նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը բարեխիղճ մոլորության մեջ է: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե համաձայն չէ հնչող գնահատականների հետ, ըստ որի` նոր Սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի, եւ այդ պաշտոնը արարողակարգային է: Դեռ ավելին` նա պնդել է, թե Հայաստանի նախագահը շատ ավելի մեծ լիազորություններ է ունենալու, քան մի շարք եվրոպական խորհրդարանական պետությունների նախագահները: «Հասկանալի է նաեւ, որ Սահմանադրության գծված սահմանները սահմաններ են, որից չես կարող անցնել այս կողմ կամ այն կողմ: Եվ հասկանալի է, որ հանրապետության նախագահը իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության ե՛ւ տառը, ե՛ւ բառը: Սակայն շատ լավ գիտենք՝ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ ստեղծել եւ տարբեր մտքեր արտահայտել»,- ասել է նա:
Արմեն Սարգսյանից այլ պատասխան չէր կարելի ակնկալել. իրականությունը խոստովանելով` պարոն Սարգսյանն իրեն անհարմար դրության մեջ կդներ, եւ կստացվեր, որ նախագահ դառնալուց հետո աշխատելու է անգլիական թագուհու կարգավիճակում: Սա, ինքներդ եք հասկանում, ամենեւին էլ դուրեկան չէ, եւ հետո բազում հարցերի տեղիք կտար:
Ինչ վերաբերում է նախագահի՝ որոշիչ դերակատարությանը, ինքներդ դատեք` ինչպե՞ս կարող է որոշիչ լինել այդ պաշտոնը, եթե ուժային կառույցները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, պետական վերահսկողական տեսչությունը, լինելու են վարչապետի ենթակայության տակ գործող կառույցներ: Ինչպե՞ս կարող է նախագահի պաշտոնը որոշիչ լինել, եթե զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը, նա է ղեկավարելու անվտանգության խորհուրդը: Զինված ուժերը նույնպես ոչ թե նախագահի, այլ կառավարության ենթակայության ներքո են լինելու: Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում նախագահը չի կարող ընդունել, պետության արտաքին քաղաքականությունը եւս մշակում եւ իրականացնում է կառավարությունը։ Իսկ նախագահին վերապահված է կառավարության առաջարկով միջազգային պայմանագրեր կնքելու, օրենքներ ստորագրելու, վարչապետի առաջարկող կառավարության կազմում փոփոխություններ կատարելու իրավասությունը: Բայց եթե նախագահը որոշի առարկություններով նախագծերը ներկայացնել խորհրդարան, կառավարություն կամ վարչապետին, ու եթե վերջիններս չընդունեն այդ առարկությունները, որոշումներն ուժի մեջ կմտնեն իրավունքի ուժով, անկախ նախագահի կամքից:
Իսկ ապագա նախագահն ասում է, թե իր պաշտոնը որոշիչ դերակատարություն է ունենալու:




Լրահոս