ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԺ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագիծ: Այս մարմինը փոխարինելու է ներկայիս ազգային անվտանգության խորհրդին: Հիշեցնենք` այսօր ազգային անվտանգության խորհրդի անդամ են հանդիսանում նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխվարչապետը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: ԱԱԽ-ն նախագահում է երկրի նախագահը:

Առաջիկայում ստեղծվելիք անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Ի տարբերություն գործող ԱԱԽ-ի, նոր խորհրդի կազմում չկան շատ էական պաշտոններ զբաղեցնողները՝ ԱԺ նախագահը, դատախազը: Անվտանգության խորհրդի անդամներն են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Նախորդ կազմի համեմատ բացակայում են նախագահը, Ազգային Ժողովի նախագահը եւ գլխավոր դատախազը: Եթե պաշտպանական ոլորտի քաղաքականության հարցերը քննարկելիս գլխավոր դատախազի ներկայությունը այդքան էլ կարեւոր չէ, ապա Ազգային Ժողովի նախագահի եւ նախագահի բացակայությունը տարօրինակ է:
Եվ սա տարօրինակ է այն դեպքում, որ Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի եւ պետք է բարձրանա խորհրդարանի դերն ու նշանակությունը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, ազգային անվտանգության խորհրդում փոփոխությունների համաձայն` Ազգային ժողովի նախագահն այլեւս ընդգրկված չի լինելու կազմում: Նույն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրինագծում չափազանց մեծ լիազորություններ են տրված վարչապետին, նախագահին, սակայն ԱԺ նախագահը կրկին հետին պլան է մղված: Որքանո՞վ են այդ փոփոխությունները նպատակահարմար խորհրդարանական կառավարման համակարգի անցման պարագայում:
-Ազգային ժողովի նախագահը ՀՀ Սահմանադրությամբ ըստ էության որեւէ լիազորություն չունի անվտանգության եւ պաշտպանության բնագավառներում։ Իսկ ԱԽ-ն ինստիտուցիոնալ տեսանկյունից ուղղված է հենց այդ գործառույթների իրականացմանը, եւ եթե նախկին Սահմանադրությամբ ԱԺ նախագահը փոխարինում էր ՀՀ նախագահին որպես երկրի երկրորդ դեմք, եւ ըստ էության այդ տեսանկյունից կարելի էր մեկնաբանել ԱԱԽ-ում իր լինելը, ապա նոր Սահմանադրությամբ ԱԺ նախագահը վարչապետին փոխարինելու իրավազորություն չունի: Նույն կերպ՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ոլորտում վարչապետին, նախագահին լայն լիազորությունների վերապահումը բխում է վերջիններիս սահմանադրական լիազորություններից:
-Սակայն ընդգծենք, որ ԱԺ նախագահը դառնում է արդեն երրորդ դեմքը՝ նախկին երկրորդի փոխարեն։ Մինչդեռ խորհրդարանական կառավարումը ենթադրում էր նախ եւ առաջ խորհրդարանի ու դրա ղեկավարի դերի մեծացում եւ կարեւորում։ Սա խնդիր չե՞ք համարում:
-Օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկավարների դերակատարումն արդեն իսկ նախանշված է վերջիններիս սահմանադրաիրավական կարգավիճակով: Համեմատության համար նաեւ նշեմ, որ խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող բազմաթիվ երկրներում անվտանգության խորհուրդը հանդես է գալիս որպես գործադիր իշխանության մարմին, ղեկավարվում է վարչապետի կողմից եւ դրանց կազմում օրենսդիր իշխանության ղեկավարը ընդգրված չէ (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Իսրայել եւ այլն): Դեռ ավելին` ազգային անվտանգության խորհրդի նոր կազմում ընդգրկված են բացառապես գործադիր իշխանության ներկայացուցիչները` վարչապետի գլխավորությամբ:
Եվ որպես գործադիր իշխանության մարմին, որը պատասխանատու է անվտանգության ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար, այս մարմնի կազմում այլեւս ընդգրկված չեն իշխանության այլ թեւերի ներկայացուցիչներ, ինչպես նախկին օրենսդրական կարգավորման պարագայում էր: Խոսքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, ինչպես նաեւ Ազգային Ժողովի նախագահը: Այսինքն` կա որդեգրված միասնական մոտեցում: Ուստի այս պարագայում խորհրդարանի ղեկավարին այդ մարմնի կազմում ընդգրկելը դժվար թե կարող էր դիտարկվել որպես խորհրդարանի ու ղեկավարի դերի կարեւորում: Բացի այդ` ինքնին անվտանգության խորհրդի՝ որպես գործադիր իշխանության մարմնի գործունեությունը, խորհրդարանական վերահսկողության առարկա է:

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՈՒ ԴԱՀԿ ՊԵՏԻ ԲՈՒՌՆ ԲԱՆԱՎԵՃԸ

Երեկ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորի ներկայացրած նախագիծը բուռն ընդունվեց հենց իր խմբակցության գործընկերների կողմից:

Միհրան Պողոսյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը վերաբերում է պարտապանի գույքն արգելանքից հանելու դեպքերին: Նա առաջարկում է պարտապանի գույքն արգելանքից հանելու դեպքերի մասով ավելացնել կետ, ըստ որի՝ արգելադրված գույքի նկատմամբ, եթե այլ անձն ունի սեփականության իրավունք, ապա այդ դեպքում եւս պարտապանի գույքն արգելանքից պետք է հանել: «Դա գնահատվում է որպես մեր քաղաքացու քաշքշուկ, կոռուպցիայի աղբյուր: Սա մի խոչընդոտ է, որը քաղաքացիների համար ստեղծել ենք եւ ցանկանում ենք հանել», – նշեց ԴԱՀԿ նախկին պետը:
Սակայն ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ու հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը կտրականապես դեմ արտահայտվեցին ներկայացված փոփոխություններին: Նրանք բանավիճեցին, հարցեր ուղղեցին ու որոշեցին հետաձգել եւ Պողոսյանին առաջարկեցին ներկայացնել լրամշակված տարբերակ: Հրայր Թովմասյանը նշեց, թե պատրաստ է նախագծի համահեղինակ լինել, փաթեթ կազմել եւ օգնել Միհրան Պողոսյանին, Արփինե Հովհաննիսյանն էլ արձագանքեց. «Ես կգրեմ այդ նախագիծը, կտամ, պարոն Թովմասյան»: «Տիկին Հովհաննիսյանը եւս միանում է մեզ, եկեք, նախագիծը հետաձգենք, քանի որ այս տեսքով դեմ ենք քվեարկելու», -ասաց Թովմասյանը:
Միհրան Պողոսյանն էլ ծիծաղելով նկատեց. «Ես չեմ հասկանում այլ անդամներ չեն ցանկանում խոսել, թե մնացածը կո՞ղմ են, ձեր երկուսի դիրքորոշումն ենք հիմք ընդունում»: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց. «Երկու նախկին նախարարները, եւ նախկին գլխավոր հարկադիր կատարող բանավիճում էին մի հարցի վերաբերյալ, որտեղ կա իրավակիրառական խնդիր եւ խոստովանեցիք, որ տասը տարի է` գործել է: Դա նշանակում է՝ ձեր իշխանության տարիներին քաղաքացիներին հլը տեսեք՝ ինչ օրն եք գցել», – արդարադատության նախկին նախարարներին դիմելով` նկատեց Մարուքյանը: «Է՞դ էիք ուզում», – տեղից բացականչեց Միհրան Պողոսյանը: Ի վերջո, նա համաձայնեց հետաձգել եւ լրամշակել նախագիծը:
Նախագծի քննարկումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց` ինչու հենց հիմա այսպիսի նախագիծ ներկայացրեց, երբ երկար տարիներ ԴԱՀԿ պետի պաշտոնն է զբաղեցրել եւ կարող էր այն ժամանակ փոփոխություններ կատարել: Ի պատասխան` Պողոսյանը նշեց. «Այն ժամանակ եղել են դիրքորոշումներ եւ փորձեր, բայց չի ստացվել: Այսօր իմ լիազորությունից եւ դիրքից օգտվելով ու բազում քաղաքացիներից ստանալով այդ խնդրի առկայությունը` ես որոշեցի մեկ անգամ եւս փորձել: Ես կիսում եմ, որ պետք է լրամշակվի, բայց սա ակտուալ հարց է եւ կոնկրետ խնդիր, որը երկար տարիներ ունեցել ենք», – հավելեց Պողոսյանը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

«ՊՐՅՈՄԸ» ՉԱՐԵՑ
Երեկ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկվեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջադեպի հետ կապված: Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, թե ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, եւ տեղի էր ունեցել վեճ: ԱԺ հանձնաժողովի նիստում նախագիծը, սակայն, բացասական եզրակացության արժանացավ: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթն ականատես եղավ, որ ԱԺ միջանցքում Էդմոն Մարուքյանը, դիմելով Հրայր Թովմասյանին, հետաքրքրվեց` հիմա իրենք կարո՞ղ են ազատորեն բռունցքներով հարվածել ՀՀԿ-ական պատգամավորներին: Ի պատասխան` Թովմասյանը Մարուքյանին հորդորեց այդ «պրյոմն» իր վրա ցույց տալ: Բայց Մարուքյանը «պրյոմը» չարեց եւ կատակի տալով` հեռացավ:

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԺԳՈՀ
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ընթացավ կառավարությանն ուղղված քննադատություններով: Նախ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն առաջարկեց պայմանավորվել, որ հանձնաժողովի նիստից երկու օր առաջ այլեւս որեւէ փատաթուղթ չեն ընդունելու, քանի որ փորձագետները մինչեւ ուշ ժամ աշխատում են: Նա նկատեց, թե կառավարության հետ որեւէ կերպ չի ստացվում պայմանավորվածությունները պահել: Մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ էլ պարզվեց, թե ֆինանսների նախարարությունը մի քանի խմբագրական բնույթի առաջարկներ է ներկայացրել խորհրդարանին, սակայն պատգամավորները դրանք չէին ստացել: Հանձնաժողովի աշխատակազմից պնդեցին՝ ԱԺ նման փաստաթուղթ չի մտել:

 

 

ԴԱՐՁՅԱԼ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 271 հազար 300 տոննա հաց` 2016 թվականի 278 հազար տոննայի դիմաց: Այսինքն` պաշտոնապես մեր հանրապետությունում անցած տարվա ընթացքում հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Ընդ որում, նկատենք, առաջին տարին չէ, որ Հայաստանում նվազում են հացի արտադրության ծավալները. այս միտումը շարունակվում է մոտ տասը տարի: Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով՝ դրանց արտադրության ծավալները: Մեկ փաստ էլ. ՀՀ-ում հացի արտադրության ծավալները նվազում են ճիշտ այնքան, որքան պաշտոնական վիճակագրությամբ նվազում է բնակչության թվաքանակը: Շատ տրամաբանական զուգադիպություն:




Լրահոս