ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓԵՍԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների այն շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում:

Հիշեցնենք, որ դեպքից հետո քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց. դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել: Ու հիմա կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում` պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը: Ասել է, թե դատաբժշկի գնահատականը, որ Գոռ Առաքելյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, ցույց է տալիս մեկ բան, որ Գոռ Առաքելյանին չէին կարող սպանած լինել՝ բռնություն գործադրելով: Այդ վարկածը հերքված է:
Թմրանյո՞ւթ, թե՞ ինսուլտ
Ու մինչ քննությունը գնում էր, իրավապահ խողովակներից մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է դարձել թմրանյութի մեծ չափաբաժնի ընդունումը:
Սակայն դեպքից 4 օր անց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ դիահերձման արդյունքների համաձայն` Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է նշվել ինսուլտը: Ուստի հաշվի առնելով պաշտոնական հաղորդագրությունը եւ իրավապահ խողովակներից մամուլում հայտնված տեղեկությունը, հարց է առաջանում` ո՞ւմ էր ձեռնտու Գոռ Առաքելյանի հարազատներին վատություն անել եւ վարկաբեկել երիտասարդ տղային:
Ինչեւէ, ինչպես հայտնել էր քննչական կոմիտեն` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ու մինչ փորձաքննությունը կտա վերջնական գնահատականը, կատարվածի մասով տարբեր վարկածներ են առաջ քաշվում:
Մահվան վարկածները
Բանն այն է, որ Գոռ Առաքելյանին ճանաչող անձինք այնքան էլ չեն հավատում այն տեղեկություններին, որ Գոռը կարող էր այն աստիճան կորցնել իրեն, որ թմրանյութի մեծ չափաբաժին օգտագործեր եւ նման ճակատագրի արժանանար:
Վարկածներից մեկն էլ այն է, որ Առաքելյանի հետ կատարվածը միգուցե քրեակատարողական հիմնարկում անցկացրած տարիների հետեւանք լինի: Բանն այն է, որ Առաքելյանը դեռեւս 2014 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում` Վերնիսաժում կրակոցներ արձակելու համար: Այդ արարքի համար ազատազրկման դատապարտվեց 6 տարի 6 ամիս ժամկետով, բայց 2017թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ ազատ արձակվեց: Միգուցե նա քրեակատարողական հիմնարկում էր խնդիրներ ունեցել եւ ընդամենը 7 ամիս ազատության մեջ մնալով` կարողացան նրանից հաշվեհարդար տեսնել: Հուսանք` այս եւ այլ հարցերի պատասախանը կտա տարվող քննությունը:
Ի՞նչ վիճակում հայտնաբերեցին
«Ժողովուրդ» օրաթերթին Գոռ Առաքելյանի մահվան դեպքով որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես իրավապահները պարզել են, որ վերոնշյալ օրը Գոռ Առաքելյանը մենակ չի եղել, նրա հետ ընկեր-ընկերուհիներ են եղել հյուրանոցային համալիրում: Ըստ էության իրավապահներն այժմ հարցաքննում են նրա ընկերներին եւ ընկերուհիներին, որպեսզի հասկանան դեպքի բոլոր հանգամանքները: Մեզ հայտնի դարձավ, որ Գոռ Առաքելյանին առաջինը իր ընկերներն են ճանաչել եւ իրավապահներին հայտնել նրա ով լինելը, որից հետո դեպքի վայր են ժամանել հարազատները:
Ավելին` նշենք, որ իրավապահներին կատարվածի մասին առաջինը հայտնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան: Ըստ ամենայնի, Գոռ Առաքելյանի հետ հյուրանոցում գտնվող անձինք, տեսնելով, լսելով Գոռի դժգոհությունները, հասկացել են, որ նրա ինքնազգացողությունը վատանում է, շտապօգնություն են կանչել, որից հետո հյունարոց ժամանած բժիշկները Գոռ Առաքելյանին գտել են արդեն գետնին ընկած: Շտապօգնության բժիշկները արձանագրել են, որ տղայի դեմքը մի փոքր ձեւափոխված է եղել, բերանն է ծռված եղել, աչքերը՝ ուռած:
Կատարվածի մասին իրավապահներին ցուցմունքներ են տվել նաեւ հյուրանոցային համալիրի աշխատակիցները: Վերջիններս նշել են, որ Գոռ Առաքելյանը առաջին անգամ չէ, որ օգտվում է իրենց հյուրանոցային համալիրից, եղել է «vip» հաճախորդ, եւ երբեւէ նրա հետ կապված խնդիրներ չեն եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲԱՎԱՐԱՐԵԼ Է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանին ատամնաշարի պրոթեզավորում անելու միջնորդությունը: Նրան ատամնաշարի պրոթեզավորում կանի նրա անձնական ատամնաբույժ Արմեն Դեմիրճյանը: «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Մակյանը նաեւ բավարարել է ամբաստանյալ Էվարդ Գրիգորյանի միջնորդությունը եւ նրա պաշտպան նշանակել Մուշեղ Շուշանյանին: Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանն էլ միջնորդել է, որ դատարանում իր շահերը կրկին ներկայացնի Հայկ Ալումյանը, քանի որ ինքը հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայություններից: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

 

ՀԱՆՎԵԼ ԵՆ
Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել. 12 կարեւոր փոփոխություն է եղել: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, մասնավորապես, վերանայվել է դատարանների եւ վճռաբեկ դատարանների նախագահների գործերի հավասարաչափ բաշխման չափանիշից շեղման տոկոսը: «Այն այժմ գտնվում է 25-30 տոկոսի սահմաններում` կախված դատարանից եւ ծանրաբեռնվածությունից: Դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները, եւ այդ հարցը մենք կկարգավորենք շատ շուտով: Բանն այն է, որ նմանատիպ միջոցները, իհարկե, կոշտ միջոցներ են, կարող է պատահի, որ պրակտիկան ցույց տա, որ մենք էդտեղ պետք է լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք, ինչը սահմանադրական օրենքի մակարդակով կարգավորելու դեպքում շատ ավելի դժվար կլինի անել, քան եթե մենք դա կարգավորենք դատավարական օրենսգրքում: Օրերս կներկայացնենք 3 օրենսգրքերում փոփոխությունների նախագիծ, որտեղ նույն ձեւ կնախատեսենք կարգավորումը, ինչպես կար առաջին ընթերցմամբ ընդունված դատական օրենսգրքում»,-հայտարարել է Հարությունյանը:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Համբարձումյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` որոշում եմ. Գագիկ Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

3 ՏԱՐԻ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շուրջ 3 տարի կլալանքի տակ գտնվող երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղի նախկին տնօրեն Դավիթ Համբարձումյանը աղմակահարույց բացահայտումներ կիրականացնի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրա մտերիմները հայտնեցին, որ Դավիթ Համբարձումյանը մանրամասներ կներկայացի գործի քննության մասին եւ հույս ունի, որ 3 տարի կալանքի տակ գտնվելուց հետո գործը քննող դատավոր Դավիթ Սարգսյանը օբյեկտիվ վճիռ կկայացնի:
Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականի մարտին հայտնի դարձավ, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում ստուգումներ են իրականացվել, ինչի արդյունքում յուրացումներ էին հայտնաբերվել: Խոսքը մոտ 8 միլիոն դրամի մասին էր: Ի դեպ, այս գործով որպես մեղադրյալ է անցնում նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը` Ռադիկ Օհանյանը:
Հավելենք, որ այս գործով երկու դատավոր է փոխվել, իսկ ավելի ուշ գործը մակագրվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին:

 

 

ԼԱՎ ԼՈՒՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Տեւական ժամանակ է, ինչ լրագրողները բարձրաձայնում են, որ վարչական դատարաններում սովորաբար նիստի ընթացքում տեսանկարահանելու կամ լուսանկարելու համար ստիպված էին լինում կողմերից մեկին խնդրել, որ միջնորդություն ներկայացնի դատարանին, որպեսզի կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները: Քանի որ այդպես է պահանջում օրենքը:
Ու երբ լրագրողը խնդրում էր այս կամ այն կողմին միջնորդության հարցով, մյուս կողմը նրան մեղադրում էր, թե «դու անկողմնակալ չես, դու նրա մարդն ես», հետեւաբար սա կաշկանդում էր լրագրողին: Եւ ահա երեկ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նոր նախագիծ ներկայացրեց, որը կկարգավորի այդ խնդիրը: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքում քրեական դատավարության օրենսգրքի նախագծում այլ կարգավորումներ են, չի պահանջվում միջնորդություն եւ հաշվի առնելով, որ վարչական դատարանում մի կողմը քաղաքացին է, մյուս կողմը` պետական մարմինը, փաստացի ստեղծվում է մի իրավիճակ, որ լրագրողը պիտի անպայման ունենա կողմերից մեկի միջնորդությունը, ոչ թե համաձայնությունը, որ հավասար պայման է ապահովում. «Ինքը պիտի գնա, խնդրի այս կամ այն կողմին, իր լուսաբանման համար դատարանում միջնորդություն ներկայացնի, դա լրագրողի անաչառության հետ կապված որոշակի խնդիրներ կարող է հարուցել: Հիմա առաջարկվում է, որ միջնորդության փոխարեն լրագրողները կարողանան նիստը լուսանկարել, տեսանկարահանել` կողմերի համաձայնությամբ, գործը քննող դատավորի թույլտվությամբ: Բայց ուշագրավ է, որ վարչական դատարանում եթե վարչական մարմինը չի տալիս իր համաձայնությունը տեսա կամ լուսանկարահանմանը, նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել, թե ինչու համաձայն չէ»:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի` քրեական դատավարության օրենսգրքում մեղադրյալը կարող է իր անհամաձայնությունը հայտնել եւ վերջ, քաղաքացիական դատարանում նույնպես, բայց պետական մարմինը վարչական դատարանում պարտավոր է ողջամիտ հիմնավորում ներկայացնել դատարանին, թե ինչ շահից ելնելով ինքը չի ուզում, որ տեսա-լուսանկարահանում տեղի ունենա:
Արձանագրենք, որ նախագիծը ինչ-որ կերպ կօգնի լրագրողներին առավել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական աշխատանքը:




Լրահոս