Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում
«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Շիկահող արգելոցի տեղամասի տեսուչը արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա: Աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք: Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կենդանու կյանքի հետ, եւ կարճ ժամանակ անց այծյամը սատկել է:
ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է որդեգրում կատարել, սակայն ՀՀ քաղաքացի չէ, ապա ի՞նչ կարող է անել: Ինչպե՞ս է օտարերկրյա քաղաքացին հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու:
Լաուրա Մնացականյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո` 2 ամսվա ընթացքում, իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացվում է այդ անձի եւ նրա կենսապայմանների ուսումնասիրություն: Այս ամենից հետո կազմվում է համապատասխան ակտ:
Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի կազմը ձեւավորվում է ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն եւ գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն տալու դեպքում, որն ուժի մեջ է տալու օրվանից 18 ամիս, կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերը եւ դրական եզրակացության մեկ օրինակը ուղարկում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Հայաստանում պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ են կատարվում: Խնդրում եմ ասեք` լրացուցիչ պատվաստումների նպատակը ո՞րն է:
Էմիլիա Նահապետյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաժողովում ընդունվեց «Պոլիոմիելիտի արմատական վերացման» 2013-2018թթ. գլոբալ ռազմավարական ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է մինչեւ 2020թ. ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը: Սույն ծրագրի հիմնական ռազմավարական ուղղություններն են`
– բերանային եռավալենտ պոլիոմիելիտի պատվաստանութի փոխարինում երկվալենտով; մինչեւ 2018թ. պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի կիրառման աստիճանաբար դադարեցում` այն աստիճանաբար փոխարինելով պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով; պատվաստումների ազգային օրացույցում առնվազն մեկ դեղաչափ պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի ներդրում` մինչեւ 2016.թ վերջը:
Կենդանի, թուլացված բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութ կիրառող երկրներում, այդ թվում` ՀՀ-ում, պոլիոմիելիտի եռավալենտ պատվաստանյութի փոխարինումը երկվալենտով նախատեսված էր 2016թ. ապրիլի 1-15-ն ընկած ժամանակամիջոցում: Սակայն մինչ պոլիոմիելիտի 2-րդ տիպ պարունակող պատվաստանյութի լրիվ դադարեցումը, անհրաժեշտ է ապահովել 2-րդ տիպի նկատմամբ լիարժեք պաշտպանություն 2-6 տարեկան երեխաների շրջանում լրացուցիչ մեկ դեղաչափ կենդանի թուլացված պատվաստանյութով, քանի որ նշված տարիքային խմբի համար 6 տարեկանում նախատեսված 2-րդ տիպի դեմ պլանային պատվաստումը դադարեցումից հետո բաց է մնում:
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պատվաստանյութերի հաջորդական դեղաչափերի միջեւ առնվազը պետք է պահել մեկ ամիս: Ի դեպ, պոլիոմելիտի պատվաստանյութը գրեթե հակացուցումներ չունի: Բոլոր պատվաստանյութերի դեպքում բարձր ջերմությունը, քթահոսությունը հակացուցված է: Պոլիոմելիտի պատվաստման պարագայում քթահոսությունն առանց ջերմության հակացուցում չէ: