«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Այս հանդիպման մասին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` նշելով, թե իշխանությունը լեգիտիմ չէ, ԱԺ-ն լեգիտիմ չէ, հետեւաբար. «Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետեւաբար, լեգիտիմ համարվել»: Երեկվա հանդիպմանը ՀԱԿ-ից մասնակցել են միայն փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, նաեւ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում ՀՀ նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը վարչապետ էր, այդ հանդիպմանը չի մասնակցել:
Հավանաբար չի ցանկացել: Բայց Արմեն Սարգսյանն ավելի ուշ չի բացառել իր հանդիպումները ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հետ ավելի ուշ հանդիպումը տեղի կունենա, այս եւ այլ հարցերը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ: «Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Ինձ համար նորություն է նրա ասածը, եւ որեւէ բան չեմ կարող ասել: Նման ինֆորմացիա չկա էլ, որ պետք է հանդիպեն: Որքանով հասկանում եմ` նա իր ցանկության մասին է հայտնել»,- ասել է Զուրաբյանը: Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասել է, թե իր գնահատականները շատ հարցերում տարբերվում էին ՀԱԿ-ի գնահատականներից»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: