
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամ ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել`պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, որով դադարեցվել են համայնքի ավագանու 5 անդամի լիազորությունները, եւ 2018թ. մարտի 11-ին Ազատամուտի ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից:
Բանն այն է, որ այդ 5 անձն անցած տարի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արտեմ Սարիբեկյանի կողմնակիցներն են, որը 15 ձայնով պարտվել է մարզպետի հովանավորյալ ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանին։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ մեծամասնություն ունեցող ավագանու անդամները դեմարշ էին արել գործող գյուղապետին, փորձել կաթվածահար անել նրա աշխատանքը, չէին հաստատել բյուջեն եւ այլ փաստաթղթեր, ինչին ի պատասխան՝ գյուղապետն էլ նրանց անվստահություն է հայտնել»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: