Համընկնումների մասին խոսելը վա՞ղ է. ինչպես են Արցախում դիմավորել Արմեն Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին: Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպումների ժամանակ քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ, ով եւս ներկա է եղել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

-Պարո՛ն Իշխանյան, Դուք մասնակցել եք Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: Արդյո՞ք Ձեր սպասելիքները, ակնկալիքները կատարվել են:

-Դուք ասում եք` սպասելիքներ կամ արդարացում, բայց շատ սովորական, պարզ հանդիպում էր` նախօրոք հայտարարված ձեւաչափով Արցախ այցելելու եւ հանդիպումներ ունենալու մասին: Արմեն Սարգսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր պատկերացումները, տեսլականը որպես թեկնածու ՀՀ նախագահի եւ խոսեց Արցախի հիմնահարցի ու, ընդհանրապես, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այսպես իր մոտեցումներն ու պատկերացումները ներկայացրեց:

-Իսկ այդ մոտեցումները որքանո՞վ էին համընկնում նաեւ Ձեր, արցախցիների պատկերացումներին:

-Կարծում եմ՝ այդ հարցերին անդրադառնալը որպես համընկնել դեռեւս վաղ է, քանի որ շատ սովորական եւ շատ պարզ մոտեցումներ են:

-Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հայտարարել էր, թե Արցախյան հիմնահարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով:

-Հարցի լուծման գործընթացը բոլորն էլ տեսնում են բանակցային գործընթացի միջոցով, եւ այն, ինչ բարձրաձայնեց պարոն Սարգսյանը, կարծում եմ՝ այլընտրանք չունի: Մանավանդ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հենց այդ օրերին տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ հաջորդ օրն իսկ հանդիպում ունեցան նաեւ Արցախի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ վերահաստատվեցին բանակցային գործընթացով հարցի լուծման մոտեցումները:

-Ձեզ համար՝ որպես արցախցու, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ էին առկա Արմեն Սարգսյանի ելույթում հանդիպման ժամանակ:

-Այն, ինչ մեր պատկերացումների մեջ էր, եւ կցանկանայինք լսել Արմեն Սարգսյանից, կարծում եմ՝ լսեցինք: Եվ կարծում եմ` եթե թեկնածուն դառնա նախագահ, մենք ավելի գործնական կարող ենք այն սկզբունքների շուրջ, որոնց մասին ինքը ներկայացրեց իր տեսակետները,` ավելի համագործակցելով, նաեւ ունենալ հաջողություններ: Ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս մեր պատկերացումների մեջ մեկ անգամ եւս՝ Արցախյան շարժման այս 30-ամյակի շեմին, տեսնում ենք, որ Արցախը կարող է համահայկական իրականության մեջ ունենալ այն կարեւոր առանցքը, որի շուրջ կարող է համախմբել եւ կենտրոնացնել հայության ներուժը:

-Սակայն ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` նախագահն ավելի ներկայացուցչական պաշտոն է, եւ որոշումներ կայացնողը վարչապետն է: Այս առումով Արցախի համար ավելի կարեւո՞ր չէ, թե ով է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո:

-Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ով էլ որ լինի Հայաստանի նախագահը կամ վարչապետը, Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնվում է արցախցիների ձեռքին, եւ Արցախի ժողովուրդը հենց 30 տարի առաջ այս օրերին իր տեսակետը եւ իր կամքը ներկայացրեց: Կարծում եմ՝ այդ կամքը կարեւոր կլինի նաեւ հիմնահարցի վերջնական հանգուցալուծման առումով:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս