Որ պահանջներին պետք է համապատասխանի ՀՀ նախագահի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է ՀՀ Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: ՀՀ նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ
սահմանված լիազորությունների միջոցով (ՀՀ Սահմանադրություն, հոդված 123):

Որպես ՀՀ նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, վերջինս չի համապատասխանում հանրապետության Նախագահին՝ Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին, ուստիև չի կարող ծառայել որպես Հայաստանի Հանրապետության գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը: Մասնավորապես,

 ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն
տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Ըստ հետաքննող լրագրողների ցանցի բացահայտումների, բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը դեռևս 2014 թվականի հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այսինքն, նրա թեկնածության պարագայում չի ապահովվում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պահանջը:

 Արմեն Սարգսյանի անվան հետ են կապվում բազմաթիվ բիզնեսներ, թեև նա, լինելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Առկա չէ պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ նա իր բիզնեսները կամ դրանցում ունեցած մասնակցությունը (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) հանձնել է հավատարմագրային կառավարման՝ ապահովելու օրենքի պահանջի կատարումը։

 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս և հետագայում՝ տարեկան պարբերականությամբ, պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի, ինչպես նաև տարբեր բիզնեսներից ստացված շահույթի տեսքով։

Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի հանդեպ հանրության վստահությունը, գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պարտավոր է փարատել հանրության կասկածները իր ոչ օրինավոր վարքագծի հետ կապված՝ ներկայացնելով հիմնավոր և փաստարկված հերքումներ։ Այլապես, Սահմանադրության ապագա երաշխավորը, դեռևս պաշտոնը չստանձնած, արդեն իսկ հայտնվում է
Սահմանադրությունը խախտողի կարգավիճակում։ վերոնշյալի հիման վրա պահանջում ենք Արմեն Սարգսյանից սեղմ ժամկետներում հրապարակային ներկայացնել՝

1. պաշտոնական տեղեկանք՝ հավաստելու իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու պահը.
2. պաշտոնական տեղեկանք՝ իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին.
3. իր և իր կնոջ (այդ թվում՝ բիզնեսներից ստացված) եկամուտները, ինչպես նաև՝ հիմնավորում, թե որն է եղել դրանք 2013թ.-ից մինչ օրս չհայտարարագրելու պատճառը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Կանանց ռեսուրսային կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ




Լրահոս