Ինչո՞ւ է հայ երիտասարդությունը նախընտրում Սուրբ Վալենտինի տոնը. հոգևորականը ներկայացնում է խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին Կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Վալենտինի տոնը, որը մեծ մասսայականություն է վայելում Հայաստանում: Մինչդեռ հայ եկեղեցին ունի իր սիրո բարեխոսը՝ Սուրբ Սարգիսը: Իսկ ինչու՞ է Վալենտինի տոնը ավելի տարածված և սպասված երիտասարդության շրջանում: Այս թեմայով ArmLur.am-ը զրուցել է Տեր Թովմա քահանա Վահան Անդրեասյանի հետ:

-Ո՞րն է Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոների տարբերությունը:

-Սարգիսը մեր եկեղեցու սուրբն է, Վալենտինը՝ Կաթոլիկ:

-Կպատմե՞ք` ինչպես Սուրբ Վալենտինի տոնը տարածվեց մեր ժողովրդի մեջ:

-19-րդ դարում մեծ տարածում գտավ Ռուսաստանում, իսկ Հայաստանում այդ շրջանում տարածվեցին «Люби меня, как я тебя» գրությամբ բացիկներ, այնուհետև մեծ տարածում գտավ Վալենտինի տոնը, որը նշվում է մինչ օրս:

-Արդյոք բացասական տարրեր կա՞ն, որ այն տարածված է Հայաստանում:

-Այո′, որովհետև նորմալ է, եթե կաթոլիկների մոտ է նշվում: Մարդիկ սկսում են ավելի շատ նշանակություն տալ կաթոլիկ տոներին: Մեր ժողովուրդը օտարամոլ է: Անգամ սկսել են դավանափոխ լինել: Օրինակ, Հռոմի Պապի այցից հետո շատերը սկսեցին իրենց քավոր ընտրել կաթոլիկ եկեղեցու հետևորդներին:

-Իսկ ի՞նչ քայլեր է անում եկեղեցին Սուրբ Սարգսի տոնն ավելի մասսայական դարձնելու ուղղությամբ:

-Ցավոք, մեր ժողովրդի համար ավելի ընդունելի է արտասահմանյանը: Մենք ժողովրդին քարոզների միջոցով բացատրում ենք, որ պետք է պահպանել մերը: Մենք իրենց սրբերին հարգում ենք, բայց դա պատճառ չէ, որպեսզի հեռանանք մեր եկեղեցու ավանդույթներից: Իսկ տարիներ առաջ Վեհափառ Հայրապետի կոնդակով` Տեարնընդառաջը հայտարարվեց նորապսակների օրհնության օր: Այսինքն` Սուրբ Վալենտինի օգնությանը դիմելու անհրաժեշտություն չկա:

-Կարելի՞ է ասել, որ մեր եկեղեցին չի ընդունում այս տոնը:

-Մեր եկեղեցին ընդունում է Սուրբ Վալենտինին, բայց չի ընդունում, որ այդքան մեծ նշանակություն են տալիս: Մեր ժողովուրդը պետք է հետևի Հայ Առաքելական եկեղեցու սովորույթներին: Մեր երկրի Կաթոլիկ համայնքները կարող է նշել այս տոնը: Ես չեմ խրախուսում այս տոնն այսպես Հայաստանում նշելը: Մենք ունենք պարտականություններ Գրիգոր Լուսավորչի ստեղծած աթոռի′ հանդեպ:

Զրուցեց Հասմիկ Սարգսյանը




Լրահոս