ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարշահոտ նիստ, ապտակ, քաշքշուկ, փողոցային խուլիգաններ… ավագանու նիստն ինչպես որ եղել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու երեկվա նիստում տեղի ունեցածն այլ կերպ, քան խայտառակություն, դժվար է անվանել: Իշխող ՀՀԿ-ն երեկ հերթական անգամ ի ցույց դրեց իր գարշելի կերպարը, նույնքան գարշելի, որքան երեկ ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների միջոցով տարածված կոյուղաջրերի գարշահոտությունն էր: Տեղի ունեցածին հավանաբար շատերն են հասցրել ծանոթանալ համացանցում տեսանյութերի միջոցով:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ավագանու նիստին ներկայացել էին ապակյա տարաներով՝ լցված կոյուղաջրերով. դրանք ԵԾ անդամների միջոցով ուղարկել էին Նուբարաշեն համայնքի բնակիչները, իրենց համայնքում ստեղծված իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:

Տարածված գարշահոտությունը ստիպեց ավագանու մի քանի անդամների նույնիսկ դուրս գալ դահլիճից: Հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով մոտեցան Տարոն Մարգարյանին. վերջինս ակնհայտ խառնվեց. «Դեմներն առե՛ք, դեմներն առե՛ք, շուտ-շուտ»,- անհանգստացած կարգադրում էր քաղաքապետը: Արագ վրա հասան քաղաքապետարանի աշխատակիցները` փորձելով խլել կեղտաջրերով լի տարաները, բայց ԵԾ անդամները այն հասցրին թափել քաղաքապետի սեղանի վրա: Ու սկսվեց ծեծկռտուքը:

Հիմնական դերակատարները մի քանիսն էին, ովքեր բռնություն կիրառեցին ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ, ապտակեցին, քաշեցին մազերից եւ ուժի գործադրմամբ նրան դուրս հանեցին դահլիճից: Գլխավոր դերերում էին Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Հովհաննես Ավանեսյանը, Սերգեյ Մկրտչյանը, ովքեր հրելով նրան դուրս էին տանում: Արդեն սենյակի մեջտեղում քաշքշուք սկսվեց Խաչատրյանի եւ ՀՀԿ-ական անդամ Էդմոնդ Կիրակոսյանի միջեւ, եւ վերջինս ապտակեց Խաչատրյանին, որից հետո նրան թիկունքից մազերից սկսեց քաշել Վասպուրական Մարտիրոսյանը:

Սակայն Մարինա Խաչատրյանն այդպես էլ չէր ցանկանում դուրս գալ սենյակից եւ շարունակում էր վիճել ավագանու անդամների հետ: Գոռգոռոցներ, հայհոյանքներ: Այստեղ իր գործընկերներին օգնության եկավ քաղաքապետի խորհրդական, կարատեիստ Գոռ Վարդանյանը եւ գրկելով նրան` ուժով հեռացրեց նիստերի դահլիճից: Այդ ընթացքում ՀՀԿ-ականներն ահազանգել էին շտապբուժօգնության ծառայություն` հոգեբույժներ հրավիրելով, միաժամանակ վատացավ ավագանու անդամներից Մարտին Վարդազարյանի առողջական վիճակը, եւ նրան էլ շտապբուժօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Կարճ ասած, Երեւանի ավագանու նիստում անկառավարելի վիճակ էր:

Ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այդ ամբողջ ընթացքում փորձում էին օգնել իրենց կին գործընկերներին, սակայն ՀՀԿ-ականների դեմ պայքարել այդպես էլ չէր հաջողվում: Այս աժիոտաժից հետո ընդմիջում հայտարարվեց, եւ նիստը շարունակվեց միայն սենյակը կարգի բերելուց հետո: Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց, նիստի մյուս հատվածում եւս միմյանց հասցեին ուղղված վիրավորական խոսքերը չէին դադարում: Օրը եզրափակվեց արդեն քաղաքապետարանի առջեւ ակցիայով, երբ ի պաշտպանություն «Երկիր Ծիրանի»-ի` քաղաքացիներ էին եկել, սակայն ոստիկանները նրանց բռնի ուժով հեռացրին:

Միջադեպի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր է ուղղել ավագանու անդամներին:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյան

-Պարո՛ն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների քայլն ու ՀՀԿ-ականների պահվածքը:

-Մենք ասացինք, որ այն գործիքակազմը, որը ընտրել է «Երկիր Ծիրանի»-ն, մեզ համար խորթ է, եւ միանշանակ այն խաթարում է ավագանու գործունեությունը: Մենք նաեւ ասացինք, որ այն քայլերը, որ կիրառվեցին նրանց հանդեպ, մեզ համար դատապարտելի են: Եվ այն դուրս է միջադեպը պարզապես կանխելու ենթատեքստից, այն նաեւ կրում էր բռնության բնույթ, որը եւս տեսաք տեսանյութերում:

-Այսինքն` ԵԾ-ն կարո՞ղ էր այլ ձեւերով այդ հարցը բարձրաձայնել:

-Ես վստահ եմ, որ հարցը բարձրացնելու այս տարբերակը, բացի նրանից, որ արդյունք չունի հարցի լուծման տեսանկյունից, նաեւ վնասում է ավագանու ինստիտուտի հեղինակությանը:

-Օրինակ` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա եւս մեկ ապացույց է, որ ՀՀԿ-ականների հետ պետք է միայն բռունցքներով խոսել: Փաստորեն Դուք համակարծիք չե՞ք:

-Ես, անկեղծ ասած, տվյալ կոնտեքստում չեմ հասկանում բռունցքներով խոսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որովհետեւ չեմ հասկանում` ինչպես կարող էինք մենք՝ մեր 14 անդամներով, բռնցքամարտի բռնվել ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ, որոնք թվով մեզնից երեք անգամ ավելի շատ էին: Մենք փորձում էինք այսօր բաժանել, հանդարտեցնել, որովհետեւ ակնհայտորեն բռնություն էր տեղի ունենում, հարվածներ երկու կողմից:

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ալինա Քուշկյան

-Տիկի՛ն Քուշկյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր խմբակցության անդամների պահվածքը, երբ նրանք ուժով դուրս են հրավիրում դահլիճից:

-Եկեք այսպես մեկնաբանենք` չէ՞ որ դա առողջությանը վնաս է: Ես կարծում եմ, որ «Երկիր Ծիրանի»-ի պահվածքը սխալ է, հարցերն այդպես չեն լուծվում: Մենք 21-րդ դարում ենք, եւ պետք չէ վարկաբեկել Երեւանի քաղաքապետարանին:

-Բայց դա արդարացնո՞ւմ է ՀՀԿ-ականների կողմից բռնություն կիրառելու փաստը:

-Նախ եւ առաջ, ես չեմ տեսել այդ պահը: Բայց մի քիչ էլ կինը չպետք է իրեն այդպես պահի: Ես չեմ արդարացնում, չեմ տեսել այդ ամենը, բայց ամեն անգամ այդպիսի պայմաններում ենք աշխատում: Դուք ի՞նչ եք կարծում` դա նորմա՞լ էր:

-Դուք չեք տեսել, բայց ճի՞շտ եք համարում բռնությունը:

-Ես չեմ տեսել` բռնություն եղել է, թե ոչ: Երբ որ տեսնեմ, իմ պատասխանը կտամ: Ո՛չ, ես չեմ արդարացնում, աղջիկ ջա՛ն, բռնությունը ո՛չ տղամարդու կողմից, ո՛չ ընտանիքում, ո՛չ մի տեղ: Բայց կինն էլ պետք է իրեն պատշաճ պահի, հասկանո՞ւմ եք: Բացի նրանից, ոչ միայն կինը, նա ոչ միայն քաղաքացի է, այլ նաեւ ավագանու անդամ, ասածս դա է: Ո՞նց եք կարծում՝ վաղը, մյուս օրը կարող է` մի բան էլ իմ դուրը չգա, ես ինչ-որ մի բան բերեմ, լցնե՞մ, ժավել լցնե՞մ, ի՞նչ կասեք՝ չեք ասի` այս կնոջ հետ ինչ պատահեց: Իմ ասածը նորմալ մեթոդ չէ, սխալ ձեւ է, ասածս դա է:

Հ.Գ. Հավելենք, որ ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով իրենց արարքը, նշեց, թե այդպես փորձում էին քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել կարեւոր խնդրի վրա: «Մենք ուզում էինք սթափեցնել ավագանու անդամներին եւ քաղաքի իշխանություններին, որ տարիներ շարունակ Նուբարաշենում կոյուղաջրերը լցվում են քաղաքացիների բնակարանների տարածք: Մենք ուզում էինք, որ այդ հոտը զգան: Երեկ դա մեզ տրամադրել են ՀՀ քաղաքացիները՝ որպես նվեր Տարոն Մարգարյանին, եւ ասել են՝ փոխանցեք, թող այդ հոտը քաշեն եւ տեսնեն՝ ինչպես կարելի է այդ հոտի ներքո երեխաներ մեծացնել»:

Մենք, իհարկե, չենք արդարացնում ԵԾ անդամների պահվածքը, բայց եւ չենք կարող չասել, որ ՀՀԿ-ականներն էլ իրենց պահում էին ամենավերջին փողոցային խուլիգանի պես, երբ ապտակում էին կնոջը, քաշում մազերից: Ու հիմա իրավապահները պարտավոր են այս ամենն անարձագանք չթողնել:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս