Այսօր հայ բանաստեղծ, արձակագիր Ռուբեն Սևակի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուբէն Սեւակ (Չիլինկիրեան Ռուբէն, փետրվարի 15, 1885, Սիլիվրի, Ստամբուլի նահանգ, Թուրքիա- օգոստոսի 26, 1915, Չանկիրի, Թուրքիա), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։

1901-1905 թթ. սովորել է Կ. Պոլսի Պեր­պե­րյան վար­ժա­րա­նում։ Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ։ Գիտության նկատմամբ սեր և հակումներ ունենալու շնորհիվ, Պերպերյան վարժարանի տնօրեն, վաստակավոր ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի խորհրդով ու բարոյական օժանդակությամբ մեկնել է Շվեյցարիա՝ բժշկական կրթություն ստանալու։

1905-1911/1912 թթ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Լավ տիրապետել է ֆրան­սե­րե­նին։

Մի օր Լոզանի օրիորդաց վարժարանի մոտով անցնելիս պատահաբար տեսել է այդ վարժարանի սան, պրուսական զինվորական ազդեցիկ ընտանիքից սերած գերմանուհի Հելեն ֆոն Պրաամին (Յաննի Ապել) ու նրա գեղեցկությամբ հրապուրվել։ Յաննիի հետ Ռուբենին ծանոթացրել է վերջինիս ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ 1910 թ. Փարիզում / Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ։ 1911-1914 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ 1912 թ. Լոզանում ծնվել է որդին՝ Լևոնը, իսկ 1914 թ. Կ. Պոլսում՝ դուստրը՝ Շամիրամը։ Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է Հայրենիքի ազատության պայքարի գաղափարով։ Եղել է ՀՅԴ անդամ։

1908-1914 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները։ Նրա բանաստեղծությունները և մյուս գրությունները լույս են տեսել Կ. Պոլսի «Սուր­հան­դակ», «Ազ­դակ», «Շանթ», «Հայ գրա­կա­նու­թիւն», «Ազա­տա­մարտ», Վենետիկի Մխիթարյանների «Գեղունի», «Բազ­մա­վէպ», ինչպես նաև այլ պարբերականներում։

1914 թ. կնոջ և որդու՝ Լևոնի հետ (1912-2005) վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։ Այնտեղ ծնվել է դուստրը՝ Շամիրամը (ծն. 1914)։

1915 թ. դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում՝ հայ բժիշկների կազմակերպած հիվանդապահության դասընթացում։ Երազել է Կ. Պոլսում բժշկական գիտահանրամատչելի պարբերական հիմնել։

Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական խորհրդածությունների, բանաստեղծությունների և այլն հեղինակ է։




Լրահոս