ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացրած քննչական գործողությունների թեմային, հայտնել է. ««Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախնական տվյալներով հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ»:

Եվ այսպես` 2017 թվականի հոկտեմբերի 30-ին` ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ էին կատարել, ինչը դատապարտյալների դժգոհության առիթ էր դարձել: Վերջիններս հարվածել են խցերի դռներին եւ կերակրադռնակներին, պատուհաններից եւ կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել եւ հնչեցրել վիրավորական արտահայտություններ։
Կալանավորների այս վարքագծի մասով Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններ:
Ինչու գժվեցին
Այն, որ քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են եղել, այլեւս անհերքելի իրողություն է, եւ իրավապահները ընթացք են տվել դատապարտյալների կողմից անկարգություններ հրահրելու գործընթացին, սակայն չմոռանանք ամենագլխավորի մասին. ի՞նչ էր փնտրում կամ ի՞նչ քննչական գործողություններ էր իրականացնում ԱԱԾ-ն Գորիսի քրեակատարողական հիմնարկում, որի արդյունքում կալանավորները ագրեսիվացան:
Մեզ հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն տվյալներ է ունեցել, որ կալանավայրում տեւական ժամանակ առանց արգելքների թմրանյութ է մատակարարվում դատապարտյալներին եւ կալանավորներին: Ավելին, մեզ հայտնի էր դարձել, որ թմրանյութի այս պատմության մեջ ներգրավված է Գորիս քաղաքի բնակիչ` Աննան: Մեզ հասած լուրերի համաձայն` ԱԱԾ-ն Աննային եւս այս գործով հարցաքննել է եւ այս ամենի արդյունքում հոկտեմբերի 30-ին ստուգումներ էր սկսել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, ինչն էլ զայրացրել էր կալանավորներին:
ԱԱԾ բացահայտումը
Ի վերջո, իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ի՞նչ բացահայտեց ԱԱԾ-ն: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց, թե ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով կալանավայրում բունտը հրահրողների թվում են նաեւ ՔԿՀ աշխատակիցները, քանի որ հենց նրանց ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում էր հնարավոր թմրամիջոցներ մատակարարել կալանավորներին: Գործի նախաքննության արդյունքում հնարավոր է եղել պարզել ՔԿՀ անձնակազմի իրական դերակատարությունը այդ գործընթացում: Եւ ՀՀ տարբեր ՔԿՀ-ներում վերջին աղմկոտ բացահայտումները չե՞ն վկայում արդյոք այն մասին, որ այդ համակարգում ամենահաճախն են ոտնահարվում օրենքն ու իրավունքները:
Ի պատասխան մեր այս հարցադրմանը` ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը պատասխանել էր. ««Գորիս» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի ստիպված եմ մեր ունեցած տվյալները սեղմ ներկայացնել: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ գործի նախնական տվյալներով հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Բացի այդ` բացահայտվել է եւս 1 մեխանիզմ` «Գորիս» ԲԿ բժշկի կողմից առանձնապես խոշոր չափերով հոգեմետ դեղեր իրացնելու հետ կապված:
Նշված գործի շրջանակներում եւ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում, Կապան, Գորիս քաղաքներում տարբեր անձանց բնակարաններում, աշխատավայրերում միաժամանակ իրականացվել են շուրջ 30 խուզարկություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ շուրջ 6000 հատ հոգեմետ դեղեր: Գործի քննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաեւ «Գորիս» ՔԿՀ աշխատակիցների կողմից անազատության մեջ պահվող անձանցից ապօրինի գումարներ ստանալու վերաբերյալ, որի շուրջ նախաքննություն է իրականացվում, եւ այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 1 պաշտոնատար անձի:
Ներկա դրությամբ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը` «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ:
Նշեմ նաեւ, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում խուզարկությունների կատարմանն անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցները, եւ նրանց պրոֆեսիոնալիզմի արդյունքում է, որ հաջողվել է խուզարկություններն իրականացնել անակնկալ եւ արդյունավետ` հայտնաբերելով խցերում ապօրինի պահվող թմրամիջոցները եւ այլ արգելված առարկաներ: Գործի արդյունքներով պարզված տվյալներն ամբողջ ծավալով ներկայացվելու են ՀՀ արդարադատության նախարարությանը` հայտնաբերված խախտումները եւ թերությունները վերացնելու, ինչպես նաեւ դրանք թույլ տված անձանց նկատմամբ ծառայողական բնույթի ներգործության միջոցներ ձեռնարկելու համար»:
Իսկ ո՞ւր էր ՔԿՀ պետը
Այս իրավիճակում զարմանալի է մեկ բան, թե ուր էր նայում Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետ Արտուշ Մաքունցը, երբ իր ղեկավարությամբ գործող հիմնարկում նման իրավիճակ է տիրել: Միգուցե այս ամենը կատարվել է նրա «թեթեւ» ձեռքո՞վ:
Ինչեւէ: ԱԱԾ-ում այս գործով քննությունը շարունակվում է:
Նշենք, որ ՔԿ վարչությունում տարածված խոսակցությունների համաձայն` բանտապետին պատասխանատվության չեն կանչի, քանի որ Մաքունցը վաղուց պետք է թոշակի գնար, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա այս բացահայտումը առիթ կլինի՝ նրան թոշակի ուղարկելու գործընթացը արագ կազմակերպելու համար:
Տեսնենք, թե ինչ արդյունք կտա քննությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներից Անահիտ Գեւորգյանն ընդդեմ ՀՀ մշակույթի նախարարության դատական հայց է ներկայացրել: Մասնավորապես Գեւորգյանը պահանջել է դատարանից, որ վերջինս ստիպի նախարությանն ու թատրոնի տնօրինությանը` իրեն վերականգնեն նախկին աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի մեջ գտնվելու դիմաց հատուցում տրամադրեն:

 

 

ԾԵԾԻ ՉԻ՞ ԵՆԹԱՐԿՎԵԼ
«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորն առողջական վատ վիճակում տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Ռոբերտ Հարությունյանը ՔԿՀ-ից ԲԿ է տեղափոխվել հունվարի 31-ի գիշերը: Նա հետազոտվել է, ակնհայտ վնասվածքի հետք չի հայտնաբերվել, ռենտգեն հետազոտություններ են արվել, որեւէ վնասվածք չի հայտնաբերվել, եւ նրան առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից եւ տեղափոխել ՔԿՀ: ՔԿՎ-ից տեղեկացրել են, որ Ռ. Հարությունյանը ծեծի չի ենթարկվել, լուրերը, թե կալանավայրում նրան ծեծի են ենթարկել, իրականությանը չեն համապատասխանում: Նա կիսգիշերին մոտ գանգատվել է ինքնազգացողության վատթարացումից. եղել է սթրեսային վիճակում: Տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ուր ենթարկվել է բժշկական հետազոտության:

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ «ԴՈՒ»-ՈՎ Է ԽՈՍՈՒՄ
2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում պաշտպանական կողմի միջնորդությամբ ամբաստանյալները վերադարձվել են նիստերի դահլիճ: Նախորդ նիստերում նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար հեռացվել էին մի քանի ժամով: «Տխրեցի, պարո՛ն Գաբրիելյան, կարծեցի, թե Դուք եք մեզ խնդրել գալ, բայց պարզվեց` մեր պաշտպանների միջնորդությունն եք բավարարել: Կարոտել էի»,- բերվելով նիստերի դահլիճ` դատավոր Արտուշ Գաբրիելյանին է դիմել ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը: Դատավորն էլ կատակել է. «Հաջորդ անգամ չեմ բավարարի, կկարոտես, եղա՞վ»:
Միանգամից 9 ամբաստանյալի համար հանրային պաշտպան նշանակված Անուշ Մխիթարյանը դատավորին միջնորդել է դադարեցնել իր լիազորություններն ամբաստանյալ Վարդգես Գեւորգյանի մասով, քանի որ նրա եւ մյուս ամբաստանյալների շահերի բախման խնդիր կա: Պայմանագրային պաշտպանները միացել են միջնորդությանը: Ի դեպ, դատավորն ամբաստանյալներին, այդ թվում պատկառելի տարիքում գտնվող Գիչյանին «դու»-ով է դիմում:

 

 

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն տեղի կունենա փետրվարի 14-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ: Ըստ մեղադրական եզրակացության` Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն: 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերը կատարել է վաշխառություն, որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

 

 

ԱԼԻԵՎԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի իշխող կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրում է գործող նախագահ, 2003թ. երկիրը ղեկավարող Իլհամ Ալիեւի թեկնածությունը: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայանան հոկտեմբերին, ըստ Սահմանադրության վերջին փոփոխությունների` երկրի ղեկավարը կընտրվի 7 տարի ժամկետով: Տեղեկացնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից 9 ամիս առաջ մեկնարկել է նախընտրական գործընթացը: Նոր Սահմանադրությամբ չեղարկվել է նաեւ նախագահի թեկնածուի առաջադրման տարիքային նվազագույն շեմը:




Լրահոս