«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը որոշել է հերթական անգամ անվանափոխվել: 2015թ. ամռանը նրանք մի կողմ նետեցին «Օրինաց երկիր» անունն ու դարձան «Հայկական վերածնունդ»: Բայց պարզվում է` Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց վերածնվել: Եւ այն բանից հետո, երբ ՀՎԿ-ից զանգվածային արտահոսք սկսվեց, ու հեռացան մինչ այդ միացած ուժերը, որոշում է կայացվել կրկին «Օրինաց երկիր» կոչվելու մասին:
Նման գործելաոճը միանգամայն բնական կարելի է համարել. ի վերջո, Արթուր Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունն իշխանականից ընդդիմադիրի եւ ընդդիմադիրից իշխանության վերածվելու մեծ փորձ ունեն: Հիմա, քանի որ նրանք 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում դուրս մնացին խորհրդարանից, հնարավորություն չունեն նախկինի նման պարբերաբար փոխել քաղաքական կողմնորոշումները (հասկանալի է՝ ՀՀԿ-ն չի ընդունում կոալիցիա), ուստի այլ բան չի մնացել, քան պարբերաբար փոխել անվանումը: Միայն թե, համաձայնեք, անկախ անվանումից` Արթուր Բաղդասարյանի ու նրա թիմի էությունը չի փոխվում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: