ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ավագանու համանուն խմբակցության միջեւ առկա տեսակետներն էապես տարբերվում են միմյանցից: Բանն այն է, որ նախօրեին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել եւ նշել, թե «Երեւանի ավագանիում այսօր տեղի ունեցածը եւս մեկ ծանրակշիռ փաստարկ է բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի (եւ պետք) խոսել»։
Սակայն համանուն խմբակցության ավագանու անդամները կարծես թե այնքան էլ չեն կիսում Փաշինյանի այդ մոտեցումը՝ նշելով, թե «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հարցի լուծման համար այլ միջոցների պետք է դիմեր: Մասնավորապես ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Մենք ասացինք, որ այն գործիքակազմը, որը ընտրել է «Երկիր Ծիրանի»-ն, մեզ համար խորթ է, եւ միանշանակ այն խաթարում է ավագանու գործունեությունը: Մենք նաեւ ասացինք, որ այն քայլերը, որ կիրառվեցին նրանց հանդեպ, մեզ համար դատապարտելի են: Եվ այն դուրս է միջադեպը պարզապես կանխելու ենթատեքստից, այն նաեւ կրում էր բռնության բնույթ, որը եւս տեսաք տեսանյութերում»: Իսկ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է հարցերը բռունցքներով լուծել, Խաժակյանը նշել էր. «Ես, անկեղծ ասած, տվյալ կոնտեքստում չեմ հասկանում բռունցքներով խոսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որովհետեւ չեմ հասկանում` ինչպես կարող էինք մենք՝ մեր 14 անդամներով, բռնցքամարտի բռնվել ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ, որոնք թվով մեզնից երեք անգամ ավելի շատ էին»:
Եվ Դավիթ Խաժակյանն ավագանու միակ անդամը չէ, որ նման հայտարարություններով է հանդես գալիս՝ չարդարացնելով «Երկիր Ծիրանի»-ի պահվածքը եւ նույնիսկ նրանց անադեկվատ ուժ համարելով: Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ տեսակետ ունի: Մասնավորապես երեկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իրենց խմբակցությունում հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման մեկնարկին Փաշինյանն անդրադարձել է Երեւանի ավագանիում տեղի ունեցած ծեծկռտուքին: Իսկ թե ինչպես է գնահատում «Երկիր Ծիրանիի» անդամների քայլը, Փաշինյանն ասաց. «Իրավիճակն ընկալելու համար պետք է չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջրերը տարել են Երեւանի ավագանի, ոնց կարելի է: Այդ մարդիկ առավոտը վեր կացան ու որոշեցին կեղտաջրերը տանե՞լ, դա ունի իր նախապատմությունը:
Դուք գիտեք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարեւանությամբ կա փոքրիկ բնակելի հատված՝ մի քանի բնակելի շենքեր, եւ տարիներ շարունակ այդ քրեակատարողականի կոյուղին խափանվում է պարբերաբար, եւ կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի տարածքը, գարշահոտը տարածվում է: Նախորդ օրը նրանք ակցիա էին արել եւ ճանապարհը փակել էին՝ բողոքելով իրավիճակից: Տվյալ դեպքում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները պարզապես քաղաքացիների ուղերձը հասցրել են Երեւանի ավագանի: Ձեւերի հետ կապված կարելի է քննարկել, վիճել, բայց դա օգտակար ակցիա է եւ օգտակար գործողություն»,- նշել է նա:
Հետաքրքիր է՝ ինչով է պայմանավորված նրանց տեսակետների այսպիսի տարբերությունը:
Նաիրա Հովհաննիսյան